Փոխնախարարը ստեղծել է «գրպանի արհմիություն» Ներկայումս Երկրաբանական վարչության համակարգի կազմակերպությունները ծանր օրեր են ապրում։ Դա բացատրվում է ոչ միայն այդ համակարգի նկատմամբ ածանցյալ մոտեցմամբ, այլեւ, ամենից առաջ, այդ աշխատանքները ղեկավարելու կոչված ՀՀ բնապահպանության նախարարության փոխնախարար պարոն Կ. Հակոբյանի փորձառության պակասով: Առանձնապես ընդգծվում է՝ նրա «ղեկավարման» դիկտատորական ոճով ու շահադիտական նկրտումներով, որոնց արդյունքում վիթխարի վնաս է հասցվել Երկրաբանության վարչության համակարգին։ Մեզ՝ երկրաբաններիս համար ծանր է հեռուստացույցով նայել ՆԳ նախարարության «02» հաղորդաշարի հաղորդումները՝ «Երկրաբան էքսպերտ», «Ջաջուռածուխ» կազմակերպություններում կատարված վատնում-չարաշահումների, «Տարոն» ԲԲԸ-ում եւ «Լալվարիդ-1» անհատական ձեռնարկությունում տեղի ունեցած ապօրինությունների ու կաշառակերության փաստի մասին։ Թույլ, ոչ բանիմաց ղեկավարների «շնորհիվ» համակարգում տեղի է ունեցել կադրերի հոսունության աղաղակող գործընթաց։ Եթե մինչեւ 1991թ. Երկրաբանական վարչության ստորաբաժանումներում աշխատում էին 3,5-4 հազար ինժեներատեխնիկական աշխատողներ ու բանվորներ, ապա այժմ ցուցակներում ընդգրկված են ընդամենը 6-7 հարյուր հոգի, որոնցից շատերը միայն ձեւակերպված են եւ չեն աշխատում։ Բանը հասել է այնտեղ, որ երկրաբանական համակարգի ղեկավարումը ստանձնած փոխնախարարը, վրեժխնդրությամբ լցված, հանդգնել է ոտնձգություն կատարել արհմիության ճյուղային խորհրդի նկատմամբ եւ կամայականորեն ստեղծել իրեն ձեռնտու «գրպանի արհմիություն»։ Մեզ հասած տվյալների համաձայն, ներկայումս փոխնախարարի աթոռն սկսել է տարուբերվել։ Թվում է, այս իրադրության մեջ բարոյական չէ բողոքելը, բայց նման պայմաններում «ջուրը բերանն առնելն» էլ խայտառակություն է։ Ուստի՝ սպասում ենք, այն էլ մեծ անհամբերությամբ, որ թերթի ահազանգը գործնական արդյունքի կհանգեցնի։ Վաստակավոր երկրաբաններ՝ ԱԶԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Արհմիության ՀԽ նախագահՀՈՎԻԿ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ Նաեւ՝ մի խումբ երկրաբաններ