Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկական գիտությունների թեկնածու, վիրաբույժ, վնասվածքաբան Աշոտ Աշոտյանը երկար տարիներ զբաղվում է բու

Հունիս 14,2001 00:00

ՉԵՆՔ ՍԻՐՈՒՄ, ԷԼԻ, ՄԵՐՈՆՑ Բժշկական գիտությունների թեկնածու, վիրաբույժ, վնասվածքաբան Աշոտ Աշոտյանը երկար տարիներ զբաղվում է բուսաբուժությամբ, հայ բուսաբուժության ավանդույթներն օգտագործելով՝ ստեղծում է նոր դեղամիջոցներ։ Դրանցով բուժում է ամենատարբեր բնույթի հիվանդություններ՝ աղեստամոքսային տրակտի հիվանդություններ լինեն դրանք, մաշկային, թե նյարդային։ Վերջերս Ա. Աշոտյանը գտնվում էր Միացյալ Նահանգներում, որտեղ «Արմեքս» կոնցեռնում փորձարկվում էին նրա ստեղծած դեղամիջոցները՝ հետագայում դրանք արտադրելու համար։ Դրանք հիմնականում շաքարախտի, փսիորիազի, նեւրոզների եւ սրտային հիվանդությունների դեմ պայքարի միջոցներ են, որոնք երկու ամիս փորձարկվել են Ամերիկայի ոչ հայկական երկու կլինիկաներում։ Արդյունքում կնքվել է համատեղ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու պայմանագիր՝ այդ դեղորայքների՝ դեռեւս անհայտ, բայց հնարավոր այլ դրական ազդեցությունները պարզելու համար։ Ի դեպ, բույսերից պատրաստված դեղամիջոցները, եթե նույնիսկ օգուտ չեն տալիս, երբեք վնասակար ազդեցություն էլ չեն ունենում։ ԱՄՆ-ում բժիշկ Աշոտյանը ունեցել է նաեւ հեռուստաելույթներ, որոնց հետեւել են բազմաթիվ հեռախոսազանգեր՝ բուժում եւ խորհուրդ ստանալու խնդրանքներով։ Ընդ որում, նա բժշկել է ոչ միայն տեղի հայերին, այլեւ ամերիկացիներին։ Պրն Աշոտյանը հանդիպում է ունեցել նաեւ Չիկագոյի բժշկական համալսարանի փորձարարական լաբորատորիաների պրեզիդենտի հետ, որը եւս համաձայնություն է տվել իրենց լաբորատորիաներում փորձարկելու այդ դեղամիջոցները։ Վերջինս պատրաստակամություն է հայտնել անգամ նվազագույն դրական արդյունքների դեպքում («նույնիսկ 10 ապաքինված հիվանդ»)՝ այդ դեղորայքների արտադրության համար տրամադրել իրենց մակնիշը։ Բժիշկ Աշոտյանը պատմում է, որ դեղատներ այցելելիս եւ դեղաբույսերով զբաղվող մարդկանց հետ հանդիպումների արդյունքում պարզել է, որ Արեւմուտքում տարածում ունեն բացառապես չինական դեղաբույսերը։ Մինչդեռ Հայկական լեռնաշխարհի դեղաբույսերը ոչնչով չեն զիջում չինականներին, իսկ դրանց օգտագործման հայկական մեթոդներն ու ընդհանրապես հին հայկական բժշկությունն ուսումնասիրել է դեռեւս Ավիցեննան։ Բժիշկը ցավ է հայտնում, որ այդ մեթոդներն այսօր են մոռացության մատնվում, Մատենադարանի մատյաններից դուրս չեն գալիս եւ կյանք չեն մտնում։ Ա. Աշոտյանը ծրագրում է Լոս Անջելեսում բացել մի կենտրոն, որտեղ մասնագետները կզբաղվեն միջնադարյան հայ բժշկությամբ, ինչը կնպաստի, որ Ամերիկայում քիչ թե շատ ճանաչում ստանան հայկական դեղաբույսերը։ Ի դեպ, դեղաբույսերի հավաքումը եւ մշակումը կատարում է անձամբ բժիշկ Աշոտյանը, որը հավաստիացնում է, թե Հայկական լեռնաշխարհը իր բարձր եւ, հետեւաբար, արեւին մոտ լինելու պատճառով «արտադրում է» աշխարհում նմանը չունեցող բույսեր։ Դրանք բուժական հատկանիշներով, էներգիայով մի քանի անգամ գերազանցում են իրենց արեւելյան անալոգներին։ Այս հանգամանքին նպաստում է նաեւ Հայաստանի չորային կլիման. բնական ոռոգման պակասը բույսերը լրացնում են հողից մեծ քանակով հանքային աղերի եւ այլ օգտակար նյութերի կլանումով։ Բույսեր հավաքելիս պրն Աշոտյանին օգնում են նրա՝ հիմնականում բժիշկ բարեկամները, որոնք իրենց մաշկի վրա են փորձել դրանց բարերար ազդեցությունը։ Ամենահետաքրքրականը բժիշկ Աշոտյանի պրակտիկայում այն է, որ նրա բուժած հիվանդների զգալի մասը մասնագիտությամբ բժիշկներ են, որոնք բուժման ամենատարբեր մեթոդներ ապարդյուն անցնելուց հետո հենց վերջինիս մոտ են վերջնականապես ապաքինվել։ Այժմ բժիշկ Աշոտյանը ցանկանում է Հայաստանում բացել Միջնադարյան հայ բժշկության կենտրոն, նաեւ այն պատճառով, որ աշնանը Լոս Անջելեսում բացվելիք կենտրոնը լինի վերջինիս մասնաճյուղը։ Բայց, ինչպես ամեն արդյունավետ ու հեռանկարային ձեռնարկի դեպքում, այս հարցում էլ Հայաստանի իշխանություններն անտարբեր են. արդեն տարիների վաստակաշատ բժշկին չի տրամադրվում համապատասխան տարածք։ Բժշկական սարքավորումների եւ պիտույքների հարցը նա կարողանում է իր արտասահմանյան գործընկերների միջոցով քիչ թե շատ լուծել։ Սակայն հայրենիքում կենտրոն բացելու համար տարածքի հարցով բժիշկն այսուայնտեղ է դիմում մոտավորապես երկու տարի։ Դեռեւս՝ ապարդյուն։ Հուսանք, որ՝ դեռե՛ւս։ Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել