Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՊԻՍԻ՜ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունիս 14,2001 00:00

ՈՐՊԻՍԻ՜ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ Թեեւ ներմուծվող սիգարետների հարկային դրույքաչափի 20, այնուհետեւ 10 տոկոսով բարձրացման խնդիրը շուրջ 5 ժամ քննարկվել էր ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովում, այնուամենայնիվ, դեռ այդ ընթացքում արտահայտված մտահոգությունները նույնությամբ կրկնվեցին նաեւ երեկ տեղի ունեցած նիստի ընթացքում։ Սա՝ ինչպես Սեյրան Ավագյանն էր նշել, գուցեեւ պայմանավորված էր «կառավարության անհարգալից վերաբերմունքով ԱԺ»-ի նկատմամբ, քանի որ հանձնաժողովի նիստում չէր ներկայացվել որեւէ հիմնավորում պարունակող տեղեկանք։ Հարկ է նշել, որ թեեւ բոլորի կարծիքով «անհրաժեշտ է պաշտպանել տեղական արտադրողին», բայցեւայնպես, նիստի ընթացքում էլ կառավարության կողմից անհրաժեշտ փաստարկներ չհնչեցին կոնկրետ սիգարետի ոլորտում $ 110։80 դրույքաչափերի կամ ինչպես Ֆիլարետ Բերիկյանը նկատեց՝ «խելամիտ փոփոխության» առնչությամբ։ Ասվում էր միայն այն, թե «Գրանդ Տոբակոն» հարկային այս դաշտում պաշտպանված չէ, թե ձեռնարկությունը կանգ է առել եւ շուրջ 700 հոգի անաշխատանք են մնացել, թե փոփոխության դեպքում «Գրանդ Տոբակոն» պատրաստվում է իրացման ծավալներն ավելացնել եւս 2 մլրդ հատիկ ծխախոտով։ Սա ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի կողմից որակվեց իբրեւ «բարոյական պարտավորություն», այնուհետեւ, իբրեւ նիստը վարողի պարտավորություն էլ, հնչեց այն միտքը, թե «Գրանդ Տոբակոն» խախտում է «Հարկերի մասին» օրենքի 8-րդ կետը, որով արգելվում է տարվա կեսից հարկային փոփոխություններ կատարել։ Ճիշտ է, պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանի կուռ տրամաբանությամբ՝ իրենք արդեն 1-2 անգամ խախտել են այս օրենքը, բայց արդեն կենսաթոշակների ավելացման խնդրի քննարկման ընթացքում, Տիգրան Թորոսյանը հիշեցրեց այս դրույթը եւ նկատեց, որ «հենց օրենքները խախտելու պատճառով է, որ մեր թոշակառուներն այսօր կոպեկներ են ստանում»։ Սրան ավելացավ նաեւ Հայկ Բաբուխանյանի մեկ այլ տրամաբանություն, որն արտահայտվեց այսպես. «Ինչո՞վ է պայմանավորված հատկապես սիգարետի դաշտի այս աժիոտաժը, ի՞նչ է պատահել… Ինչո՞ւ այսպիսի ուշադրությունից եւ հոգատարությունից չեն կարող օգտվել մյուս ոլորտների տեղական արտադրողները»։ Իսկ ՀԺԿ-ական Գագիկ Ոսկանյանն էլ մեջտեղ հանեց «Ներքին շուկայի պաշտպանության մասին» օրենքը, համաձայն որի՝ արժե ուսումնասիրել, թե սիգարետ արտադրողին այդ ինչ «լուրջ վտանգ է սպառնում» ներկրման պատճառով։ Ամեն դեպքում, պատգամավորները չհասցրին քվեարկել ՀՅԴ-ի ներկայացրած Կենսաթոշակների ավելացման օրենսդրական նախագծի չկայացած քվեարկության եւ ԱԺ-կառավարություն ավանդական հարցուպատասխանի պատճառով։ Գ. Ս.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել