Արագածոտնի մարզում ստուգումներ եղան. արդյունքներ չկան – ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը ստուգումներ անցկացրեց Արագածոտնի մարզում, բյուջեից հատկացված գումարների նպատակային ծախսը պարզաբանելու նպատակով։ Ստուգումներն անց էին կացնում Ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ Բ. Գաբրիելյանը, մարզի վերահսկողության բաժնի պետ Հ. Պողոսյանը, Արագածոտնի փոխմարզպետը, ՔՊՏ Արագածոտնի ստորաբաժանման պետ Հ. Ղազարյանը, տեսուչ Վ. Նիկոլյանը։ Ստուգմամբ պարզվել է, որ Թալինի շրջանի Պարտիզակի խմելաջրագծի աշխատանքների համար բյուջեից հատկացված է եղել 29.533325 դրամ։ Այդ գումարից յուրացվել է 22.000000 (քսաներկու միլիոն) դրամը։ Ջրագիծն անցկացնելու համար Պարտիզակի գյուղապետ Ա. Գրիգորյանը էժան գներով շինարարության պետ («Ապարանշին» ԲԲԸ) Լյովա Հովհաննիսյանին տրամադրել է հին եւ մաշված խողովակներ, որի դիմաց պետք է ստանար 1.500000 դրամ։ Սակայն գումարը չեն տվել գյուղապետին, եւ նա ապօրինությունների մասին հայտնել է ԱԱ մարմիններին։ Ժամանակին, ԱԱ հրահանգով ՀՀ քաղաքաշինության նախարարության վերահսկողության խումբը (ղեկավար՝ Հայրապետ Ղազարյան) պարզել էր յուրացման մանրամասները, եւ դատախազության պահանջով, 21.03.2001 թ. 18/182 գրությամբ ուղարկվել է Արագածոտնի դատախազություն՝ ընթացք տալու համար։ Ստուգումներից պարզվել էր, որ մարզի դպրոցների վերանորոգման համար հատկացված 94.000000 դրամից յուրացվել է 18.000000 դրամը։ – Արտաշավան-Աշտարակ ջրագծի շինարարության համար հատկացված է եղել 1.200000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) դոլար։ Ըստ նախագծի, Աշտարակը 1 վայրկյանում պետք է ստանար 230 լ ջուր, սակայն այսօր փաստացի ստանում է 60 լ։ Նախատեսված 9 կապտաժներից մեկը չի կառուցվել։ Խողովակաշարի կողքով անցնող ճանապարհի լայնությունը նախատեսված 8 մետրի փոխարեն 6 մետր է։ Նախատեսված բետոնե հենակետերը, որոնք ջրարգելիչ դեր պետք է կատարեին, արված չեն։ Դրա հետեւանքով վարարած ջրերը լցվում են կապտաժները եւ դառնում համաճարակի բուն։ Նախագիծը թերի կատարելու միջոցով եւ այլ միջոցներով յուրացվել է 1.200000 դոլարի 60 տոկոսը։ Մենք գործ ունենք փաստորեն մարզպետարանի կողմից առանձնապես խոշոր չափերի հասնող յուրացումների հետ։ Բայց զարմանալիորեն այս ուղղությամբ մարզային դատախազությունն առ այսօր քրեական գործ չի հարուցել… ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվական կենտրոնից փորձեցինք ճշտել, թե երբ են ստուգման արդյունքներն ուղարկվել դատախազություն։ Պարզվեց՝ մայիսի 29-ին։ Սեփ. լր.