Միայն փարիզյան սկզբունքների հիման վրա Որոնք հասարակությանն անհայտ են ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ ի վերջո ասուլիս հրավիրեց։ Հավանաբար պրն նախարարին բավականին ժամանակ էր հարկավոր «օկուպացված տարածքների» ազդեցությունը թոթափելու եւ չորրորդ իշխանության հետ հանդիպման համարձակությունը վերագտնելու համար։ Վարդան Օսկանյանի հրավիրած ասուլիսի նպատակն էր լրատվամիջոցներին վերջին, հատկապես՝ երկու ամիսների, արտաքին քաղաքականության անցուդարձին անդրադառնալը։ Մենք հարմար գտանք միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը ներկայացնել։ Այս օրերին պետք է տեղի ունենար Ժնեւյան հանդիպումը, բայց, համանախագահների տարածաշրջան կատարած այցից անմիջապես հետո, պարզ դարձավ, որ հանդիպումը տեղի չի ունենա։ Թեպետ, ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ գործընթացը դեռեւս կենդանի է եւ, որ համանախագահողները ամեն ջանք կգործադրեն, որպեսզի գործընթացը բերեն նախկին շրջանակի մեջ։ «Առավոտի» հարցին՝ հնարավո՞ր է, որ համանախագահողների գործադրած ջանքերը բավարար չլինեն եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հերթական անգամ մտնի փակուղի, Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ հարցի կարգավորման բավական լավ հիմք է ստեղծված եւ ինքը շատ բնական է համարում, որ շեղումներ են լինում, նոր առաջարկություններ, նոր պայմաններ, քանի որ սա շարունակվող գործընթաց է. «Եվ ելնելով հարցի խիստ փակ լինելու հանգամանքից, ես այս բոլորը նորմալ գործընթացի մաս եմ համարում եւ դրա համար էլ հույս եմ հայտնում, որ, վերջիվերջո, մենք այս բոլորը կհաղթահարենք եւ կվերադառնանք այն հիմքին, որը դրվել է Փարիզում, որը, կարծում ենք, բավական բալանսավորված հիմք է, եւ դրա վրա կկարողանանք կազմել մեր հետագա քայլերը եւ վերջիվերջո հասնել հարցի խաղաղ կարգավորման»։ Տեղեկություններ կան, որ համանախագահողների առաջիկա հանդիպմանը նախատեսվում է նաեւ Հայաստանում Իրանի դեսպան Քոլեյնիի մասնակցությունը։ Ո՞րն է լինելու Իրանի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում։ Այս հարցին պատասխանելով, նախարարն ասաց, որ Իրանի մասնակցությունը համանախագահողներն իրենք պետք է որոշեն։ Բայց հաստատեց, որ Իրանի կողմից որպես կոնտակտ-անձ պրն Քոլեյնին է նշանակվել հենց համանախագահողների կողմից. «Իրանի դերը այս պահին ես չեմ կարող գնահատել, որովհետեւ ամբողջությամբ Մինսկի խմբի իրավասության մեջ է՝ որոշել, թե ինչքանով եւ ինչ խորությամբ կցանկանան Իրանին մասնակից դարձնել»։ Քերի Քավանոյի հայտնի հայտարարության մեջ, որն այն մասին էր, թե Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակությունը պատրաստ չէ փոխզիջումների, պրն նախարարի գնահատմամբ, ինչ-որ հիմք կա, բայց Վարդան Օսկանյանն ամբողջությամբ չի կիսում այդ հայտարարության միտքը։ Ըստ նախարարի, հասարակությունը ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում ամբողջությամբ չի տեղեկացված փաթեթի մասին. «Մինչեւ նրանք չիմանան ամբողջական փաթեթի բովանդակությունը, թե ինչ են ստանում, դրա դիմաց ինչ են տալիս, դժվար է եզրակացություն անել՝ ժողովուրդը պատրաստ է, թե՝ ոչ»։ Այս օրերին ԼՂՀ նախագահն ու խորհրդարանի խոսնակը այցելեցին Հայաստանի խորհրդարան։ Արկադի Ղուկասյանը եւ Օլեգ Եսայանը շատ հստակ հայտարարեցին, որ կարեւորում են Ղարաբաղի մասնակցությունը հարցի կարգավորման բանակցություններում։ Վ. Օսկանյանի պնդմամբ, Ղարաբաղը կմասնակցի գործընթացին՝ «կարգավորման պահից սկսած միայն»։ Բայց դեռեւս մութ է, թե երբ է գալու այդ պահը եւ ի՞նչ է դրվելու սեղանին։ Ի վերջո, ԱԳ նախարարը նշեց, որ «Հայաստանը մնում է հավատարիմ փարիզյան սկզբունքներին եւ պատրաստ է բանակցությունները շարունակել այդ ոգով», եւ որ Հայաստանը հույս է հայտնում, որ համանախագահողները ջանքեր կներդնեն «այդ նոր ստեղծված բարդությունները վերացնելու եւ գործընթացը վերադարձնելու իր նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ