«ՃԻՇՏԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ Է, ԲԱՅՑ ՉԻ՛ ՄԵՌՆՈՒՄ» «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովին շտապ մի կարգին իրավաբան է անհրաժեշտ, իսկ «գողականների» վարքուբարքի փորձագետը խորհրդարանում էլ կգտնվի։ Երեկ հանձնաժողովի նիստում մի պահ «գողական օրենքների» իմացության յուրօրինակ մրցություն սկսվեց։ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչներն իրար հերթ չտալով մեկնաբանում էին, թե հանցաշխարհն ինչ դատավճիռ է կայացնում «Կագեբեի ագենտների» վերաբերյալ (վիզը կտրել, փչացնել եւ այլն)։ Այսպես էին հանձնաժողովի որոշ անդամներ փորձում կանխատեսել, թե ինչ ճակատագիր է սպասում Նաիրի Հունանյանին, եթե նա տեղափոխվի Նուբարաշենի մեկուսարան։ Հանձնաժողովի փոխնախագահ Գագիկ Կոստանդյանն, օրինակ, վստահ էր, թե որեւէ կերպ նրա անվտանգությունն ապահովել չի լինի, քանի որ «զոն նայողը» ամեն «կամեռ» կարող է մտնել։ Բանավեճը ծավալվել էր «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը նախագահող դատավոր Սամվել Ուզունյանին հասցեագրվելիք մի առաջարկի առնչությամբ։ Գրության մեջ մասնավորապես ասվում էր, թե ուսումնասիրելով ԱԱՆ-ի հետ Նաիրի Հունանյանի համագործակցելու վերաբերյալ ցուցմունքները՝ հանձնաժողովը «եկել է այն եզրակացության, որ աննպատակահարմար է Նաիրի Հունանյանին պահել ՀՀ ԱԱՆ մեկուսարանում եւ անհրաժեշտ է նրան տեղափոխել ՀՀ ՆԳՆ մեկուսարան»։ Հանձնաժողովը դատարանին խնդրում եւ առաջարկում էր լուծել այս հարցը։ Ի վերջո, հանձնաժողովի 8 անդամներ «կողմ» քվեարկեցին, որ ընդունվի այս դիմումը։ «Դեմ» էր միայն Հակոբ Հակոբյանը։ ՀՀԿ-ի ներկայացուցիչը՝ Սուքիաս Ավետիսյանը դարձյալ «ձեռնպահ» էր։ Իսկ Կիմ Բալայանն ու Ֆիլարետ Բերիկյանը չմասնակցեցին քվեարկությանը։ Վերջինիս «հատուկ կարծիքը» ժխորի պատճառով կարգին չլսվեց, իսկ Կիմ Բալայանն իր չմասնակցելը բացատրեց այսպես, թե քվեարկության դրված հարցը «հակասահմանադրական եւ հակաօրինական» էր։ Ավելի վաղ նա ներկայացրել էր այդ պնդման հիմնավորումները, թե իրենց լիազորությունների մեջ չէ դատարանին միջնորդություններով դիմելը։ Իսկ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն. «Պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ»։ Նախաձեռնության հեղինակները վստահ էին, որ առաջարկի տեքստը չի հակասում օրենքներին, քանի որ մինչ այն կազմելը խորհրդակցել էին բազմաթիվ փորձառու իրավագետների, այդ թվում՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Ղազինյանի հետ։ «Պակաս իրավաբան էլ մենք չենք»,- նետեց Գագիկ Կոստանդյանը եւ հիշեցրեց, թե ինչ որ չի արգելված՝ թույլատրված է. «Ոչ մի տեղ գրված չէ, որ պատգամավորն իրավունք չունի միջնորդությամբ դիմել դատարանին»։ Հավելենք՝ պատգամավորները միշտ էլ նման միջնորդություններով դիմում են ե՛ւ նախաքննության մարմիններին՝ խափանման միջոցի ընտրության վերաբերյալ, ե՛ւ դատավորներին՝ մեղմ պատիժ կիրառելու կամ ամբաստանվողին արդարացնելու խնդրանքներով։ Բայց միջնորդելու իրավունքը վիճարկվեց միայն այս պարագայում։ Ընդսմին՝ այն անձի կողմից, որն ինքն էլ ոչ հեռու անցյալում Սամվել Բաբայանի համար միջնորդության ներքո պատգամավորների ստորագրություններ էր հավաքում։ Ի դեպ, նախաձեռնության հեղինակներից մեկն էլ՝ Ստեփան Զաքարյանը, ստիպված էր անընդհատ կրկնել. «Մեր միջնորդությունը կարգադրություն չէ. դատավորը ուզի՝ կհարգի, չի ուզի՝ չի հարգի»։ Նույնը պնդեց եւ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը, որին հրավիրեցին խորհրդատվության համար կամ, երեկվա քննարկման ոգուն առավել համահունչ բառով՝ որպես «ավտարիտետ», որին մի երկուսը «պրիզնատ չեկան»։ Դառնանք ՆԳՆ մեկուսարանին, որի նկատմամբ հանձնաժողովի որոշ անդամների, մեղմ ասած, անբարյացակամ վերաբերմունքն ապացույց է, թե նրանք վստահ են, որ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը եւ Նուբարաշենի մեկուսարանի ղեկավարությունն ունակ չեն կարգուկանոն եւ թեկուզ մեկ ամբաստանյալի անվտանգությունն ապահովել (թեեւ հենց այդ մեկուսարանում են պահվում «Հոկտեմբերի 27»-ի գործով բոլոր ամբաստանյալները՝ բացի Հունանյան եղբայրներից)։ Ինչի՞ վրա էր հիմնված այդ համոզումը. գուցե սեփական փորձառությա՞ն։ Կիմ Բալայանն, օրինակ, ժամանակին պահվել է Նուբարաշենի մեկուսարանում։ Ընդսմին, նրա մասին ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանը ժամանակին հայտարարել էր, թե «պրովակատոր» է։ Բայց որքան հայտնի է, գոնե հանցաշխարհի ներկայացուցիչների ձեռքով Կիմ Բալայանի գլխից, բարեբախտաբար, ոչ մի մազ չպակասեց։ Իր մեկնաբանությամբ՝ սա արդյունք էր նրա, որ նույն «գողական աշխարհն» իր ալիքներով ստուգել էր այդ պնդման հավաստիությունը։ Իսկ գուցե որոշ հանձնաժողովականներ վստա՞հ են, որ Նաիրի Հունանյանի ԱԱՆ գործակալ լինելն իրողություն է եւ դրա համար էլ մեկուսարանում նրան առնվազն կծեծեն։ «Բանտի ղեկավարությունը ցանկացած բանտում կարող է ապահովել կալանավորի անվտանգությունը»,- այս տեսակետը հայտնեց մի մարդ, որ մեկուսարանների մասին ե՛ւ նախկինում, ե՛ւ այժմ գիտի ոչ պատմածներով։ Նախկին քաղկալանավոր, նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Հարությունյանը վստահ է. «հանցագործ աշխարհը միշտ էլ ղեկավարվել է ՆԳ համակարգի կողմից եւ միշտ էլ հնարավոր է եղել գործակալին կա՛մ պահպանել, կա՛մ սպանել»։ Ի դեպ, առավել վստահությամբ Վարդան Հարությունյանն ասաց. «Իմ խիստ խորին համոզմամբ, եթե Նաիրի Հունանյանին ցուցաբերվում է արտադատարանական օգնություն՝ դա այնքան հեշտ է, որ կանխել չեն կարող նման անգամ 500 հանձնաժողովներ»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ