ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ՎԱՂՈՒՑ ԱՀԱԶԱՆԳԵԼ ԷՐ Ազգային համաձայնության ճակատը երեկ հայտարարեց, որ սկսում է իր գործունեության նոր փուլ, որի սկիզբը կլինի այսօր Ազատության հրապարակում ԱՀՃ-ի հրավիրած հանրահավաքը։ Ճակատը հույս ունի, որ իր առաջիկա գործունեության արդյունքում, եթե հաջողվի լուծել ԱՀՃ-ի առջեւ դրված խնդիրները, իրավիճակը հանրապետությունում կկայունանա, ժողովուրդը կհամախմբվի եւ երկիրը կթեւակոխի զարգացման բնականոն հուն։ Բայց այդ ուղղությամբ դեռեւս ջանքեր պետք է գործադրեն ոչ միայն Ճակատը, այլեւ քաղաքական մյուս ուժերը։ Որպես գործունեության հաջորդ փուլի գլխավոր խնդիր, ԱՀՃ ներկայացուցիչ Աշոտ Մանուչարյանը կարեւորեց երկրի այլընտրանքային զարգացման ուղու համակարգված ներկայացումը հանրությանը եւ այդ ծրագրի շուրջ ժողովրդի համախմբումը, նաեւ՝ քաղաքական լղոզված դաշտի հստակեցումն ու «այլընտրանքային ուղին միասնական անցնելու պատրաստ սկզբունքային ուժերի միավորումը»։ Իբրեւ երկրի զարգացման պարտադիր նախապայման, Ճակատը շարունակում է պնդել «այսօրվա կործանարար վիճակի համար պատասխանատուներին, ու, նախեւառաջ, հանրապետության նախագահին իշխանությունից զրկելու» անհրաժեշտությունը։ Պարոն Մանուչարյանը երեկ հրավիրած իր ասուլիսում անդրադարձավ ոչ միայն այս հիմնախնդիրներին։ Նա կարծիք հայտնեց, որ այսօր իշխանությունները գործում են ճիշտ այնպես, ինչպես 94-ին ՆԳՆ հովանու ներքո ստեղծված հրոսակախմբերը (խոսքը Արմեն Տեր-Սահակյանի բանդայի մասին է-Ն.Մ.)։ Ըստ նրա, դրանք նման են միմյանց այնքանով, որ հետեւողականորեն չեզոքացնում են բոլոր նրանց, ովքեր խանգարում են իրենց. Աշոտ Բլեյան, Արկադի Վարդանյան եւ այլք։ Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, Ա.Մանուչարյանն ասաց, թե Լ.Տեր- Պետրոսյանի եւ Ռ.Քոչարյանի՝ ԼՂՀ հիմնախնդրի լուծմանն առնչվող քայլերն, ըստ էության, նույնն են՝ մեկ բացառությամբ։ Ռ.Քոչարյանի օրոք հիմնախնդրի լուծումը Մեղրին կորցնելու իրական վտանգ է առաջացրել՝ միաժամանակ սպառնալիք ստեղծելով նաեւ Հայաստանի անկախ պետականության համար։ Ա.Մանուչարյանը պնդեց, որ դա հավասար է հայրենիքի դավաճանության եւ բավարար հիմք է նախագահ Քոչարյանի դեմ իմպիչմենթի գործընթաց սկսելու համար։ Բայց, ըստ նրա, այդպիսի գործընթաց չկա, քանի որ քաղաքական դաշտում եւ մասնավորապես ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի գերակշիռ մասը նախագահի հետ քաղաքական առեւտուր է անում։ ԱՀՃ ներկայացուցչի կարծիքով, ՌԴ Պետդումայի նախագահ Գ.Սելեզնյովի Երեւանում արած այն հայտարարությունը, թե «Ռուսաստան-Բելառուս» միության շրջանակներում կարող է տեղ գտնել ոչ միայն Հայաստանը, այլեւ՝ Լեռնային Ղարաբաղը, պետք է հիմք հանդիսանա, որ հայաստանյան իշխանություններն անհապաղ բանակցություններ սկսեն այդ միությանը Հայաստանի անդամակցության շուրջ։ Ինչպես տեսնում եք, Ա.Մանուչարյանի տեսակետն այս առնչությամբ անփոփոխ է «Ռուսաստան-Բելառուս» միության հռչակումից ի վեր։ Ի տարբերություն արեւմտամետների, որոնք կողմ են անվերապահորեն տրվել Եվրոպային, պարոն Մանուչարյանը «ստեղծված իրավիճակում» ավելի նպատակահարմար է համարում տրվել գոնե պուտինյան Ռուսաստանին եւ Լուկաշենկոյի Բելառուսին։ Երկու դեպքն էլ, անշուշտ, Հայաստանի համար ինքնաոչնչացմանը հավասարազոր քայլ կարող Է լինել։ Հաջորդ թեման, որին անդրադարձավ պարոն Մանուչարյանը, օրերս մամուլի միջոցներից մեկում հրապարակված մի հոդվածի վերլուծությունն էր։ Նրա գնահատմամբ, իշխանամետ մամուլում տեղ գտած այդ հոդվածը «Հոկտեմբերի 27»-ի տրամաբանական շարունակությունն է, որի մասին, ի դեպ, դեռ ամիսներ առաջ ինքն ահազանգել էր։ Ըստ նրա, հիշյալ հոդվածում, մասամբ կիսաճշմարիտ եւ հիմնականում ստահոդ տեղեկությունների մատուցմանը զուգահեռ, ակնհայտ փորձ է արվել վարկաբեկել ոճրագործության զոհ դարձած Կ.Դեմիրճյանին եւ Վ.Սարգսյանին։ Ա.Մանուչարյանը շեշտեց, որ դա կատարված ահաբեկչությունը մեղմ ներկայացնելուն եւ արդարացնելուն ուղղված իշխանությունների գործունեության նպատակաուղղված ծրագրի, ըստ էության, հրապարակումն է։ Ա.Մանուչարյանը նկատեց, թե ամենասարսափելին այն է, որ ոմանք ոչ մի կերպ չեն ուզում արձանագրել, որ Կ.Դեմիրճյանն ու Վ.Սարգսյանը սպանվել են ոչ թե նախկինում իրենց արածի կամ չարածի, այլ՝ 99-ի ընտրություններից հետո Հայաստանում Ռ.Քոչարյանի ու նրա վարչախմբի քաղաքականության դիմադրության կենտրոնը լինելու համար։ Պատասխանելով այն հարցին, թե ինքը վստահո՞ւմ է արդյոք ԱԺ «Հոկտեմբերի 27»-ի գործով ժամանակավոր հանձնաժողովին՝ հաշվի առնելով դրա կազմը, պարոն Մանուչարյանը կարճ ասաց. «Այդ հանձնաժողովում ընդգրկված պատգամավորների մեծամասնությունը իշխանությունների հետ քաղաքական առեւտրով զբաղված ուժերի ներկայացուցիչներ են»։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ