Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՎԻՐԵԼ ԷՐ ԵՐԳՉՈՒՀԻՆ…

Հունիս 13,2001 00:00

ՀՐԱՎԻՐԵԼ ԷՐ ԵՐԳՉՈՒՀԻՆ… Շաբաթ օրը երգչուհի Մարիետա Բադալյանը Կամերային երաժշտության տուն էր հրավիրել արվեստագետների, գործընկերների՝ միասին նշելու իր բեմական ու ստեղծագործական գործունեության 25-ամյակը։ Անկոտրում կամքով երգչուհին այս տարիների ընթացքում կարողացավ գտնել ձայնի ինքնատիպ դրվածք, ձգտեց ազատության, որը չեղավ տարերային ու ենթարկվեց կարգուկանոնի։ Ահա սա էլ եղավ նրա խոշոր նվաճումը։ Հագեցած էր երեկոյի ծրագիրը։ Երգչուհին կատարեց հատընտիր իր ծրագրից, եւ նրա յուրաքանչյուր կատարում քնարական մի ավարտուն պատկեր դարձավ։ Երգչուհու գերող ձայնը… ե՛ւ երգ է, ե՛ւ երազանքի մարմնավորում։ Նա այդ օրը վերամարմնավորեց իր սրտի ողջ թրթիռը՝ ժպիտի կամ արցունքի մեջ։ Եվ այս ամենը՝ ապրումների չտեսնված բազմազանությամբ, զգացմունքներն ու մտքերը ամենագլխավորի վրա կենտրոնացնելու հմտությամբ։ Իհարկե, դժվար էր ճանաչման հասնել բազմաթիվ հռչակավորների շրջանում, բայց նա իր ուղին հարթեց եւ խոսեց ամբողջ ձայնով։ Իր արվեստի ուղենիշը դարձնելով մեծն Կոմիտասի այն պնդումը, թե հայ երգին բնորոշ է քնքուշ, խաղաղ, ազդու եւ ձայնը առանց սահեցնելու կատարումը, ինչպես նաեւ՝ հայ երգի «հստակ ու անպաճույճ վեհությունը», երգչուհին իր կատարմանը հաղորդեց իսկական ազգային հնչողություն։ Մ. Բադալյանի ծրագրում կան նաեւ նեապոլիտանական, ֆրանսիական, գերմանական, անգլո-ամերիկյան, ռուսական ռոմանսներ… Երեկոյի ընթացքում ներկայացվեց Սամվել Դանիելյանի «Մարիետա Բադալյան» գրքույկը՝ նվիրված հոբելյարի գործունեությանը։ Ինչպես հեղինակն ասաց՝ «Գրել եմ առանց ոչինչ ավելացնելու եւ ոչինչ պակասեցնելու։ Միայն ճշմարիտը, իհարկե, իմ պատկերացման սահմաններում, պատասխանատու՝ միայն ճշմարտության առաջ»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել