Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արարատ» թերթից ի՞նչ են ուզում

Հունիս 13,2001 00:00

«Արարատ» թերթից ի՞նչ են ուզում Մասիս քաղաքի դատարանում (դատավոր՝ Թաթուլ Պողոսյան) երեկ շարունակվեց հունիսի 8-ին ընդմիջված դատական հերթական նիստը։ Քաղաքացի Մարինե Գաբրիելյանը պատվի եւ արժանապատվության պաշտպանության հայցով դիմել է Արարատի մարզի առաջին ատյանի դատարան եւ պահանջում է, որ մարզային «Արարատ» թերթը հերքի դեռ անցյալ տարվա հունիսին իր էջերում տպագրած Խաչփար գյուղի 150 բնակիչների նամակի որոշ հատվածներ։ Հիշեցնեմ, որ տիկինը եղել է այն ժամանակ գյուղապետի թեկնածու։ Այս պատմության մեջ արտառոցը այն չէ, որ խախտվել է հերքման կամ պատասխանի ԶԼՄ գործող օրենքի ժամկետներն ու կարգը, այլ այն, որ հայցվորը մինչեւ երեկ չուներ հերքման տեքստը, որը ներկայացներ դատարանին։ Հերքման տեքստը արդեն մեկ տարի է, ինչ չի ճշտվում. հայցվորը չի նշում, թե ինչը պետք է հերքի պատասխանողը՝ «Արարատ» թերթի խմբագիր Կարինե Աշուղյանը։ Դատական երեկվա նիստը լի էր հակասություններով։ Հայցվոր Մ. Գաբրիելյանը ժամկետ խնդրեց (1 շաբաթ), նրա շահերի ներկայացուցիչները միջնորդեցին, որ դատարանն արագացված դատաքննություն սկսի։ Որ հայցվորի եւ նրա ներկայացուցիչների գործողությունները անհամաձայնեցված էին, երեւաց նաեւ այլ դրվագում։ Հայցվորն ասաց, որ ինքը կգրի հերքման տեքստը, իսկ նրա ներկայացուցիչները գտնում էին, որ հերքման տեքստը գրելը պատասխանողի վրա է։ Եթե թերթի գլխավոր խմբագիրը իր տպագրած նամակը հիմնավորելու համար հրավիրել էր վկաներ, որոնք պնդել էին՝ գյուղապետի թեկնածու կնոջ կողմից թուրք գերի պահելու-վաճառելու փաստը, ընտանեկան որոշ հանգամանքներ (անգամ սկեսուրն էր եկել դատարան։ Ուզում եմ գյուղապետի նախկին թեկնածուին պարզապես ասել, որ ինքն էր ընտրել այն ճանապարհը, որը ենթադրում է հրապարակայնություն եւ կարծիք), ապա այս մեկ տարվա ընթացքում չգտնվեցին ոչ միայն 150, այլեւ գոնե 1-2-3 մարդ, որոնք ապացուցեին հակառակը։ Երբ դատավորը հարցրեց Մ. Գաբրիելյանին, թե ո՞ւր են «նրա» վկաները, Մ. Գաբրիելյանը կես հայերեն, կես ռուսերենով այսպես պատասախանեց. «Իննա Մուսայելյա՞նը, փոքր երեխա կա, ոչ էլ ստորագրել է։ Աիդա Բուրչյա՞նը, ասաց չեմ գա, Լուսի՞կը, հիվանդ կին է, Սոնա Խաչատրյանն ասաց. «Աիդան չլինի, չեմ գա»։ Վկաներից ինչ-որ մեկը հայտնել էր, թե «աչքերը չի տեսնում», երկուսի էլ ամուսինները չէին թողել, որ նրանք դատարան գան… Երբ դատավորը «հիշեցրեց» հայցվորին, որ ուրբաթ օրը հերքման տեքստը բերի, ավելի արտառոց էր հայցվորի այս պատասխանը. «Ես ինչ գիտեմ ինչ որոշում պիտի լինի, որ տեքստը բերեմ»։ Պատասխանող-լրատվամիջոցը ինչո՞վ է մեղավոր, որ հայցվորը մեկ տարի է չի կողմնորոշվել։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել