Լրահոս
Օրվա լրահոսը

Ժնեւի,

Հունիս 13,2001 00:00

«ՀԱՋՈՐԴ ԱՅՑԻՍ ԿԵՐԳԵՄ» Ժնեւի, Ցյուրիխի, Լոնդոնի, Փարիզի եւ աշխարհի այլ հանրահայտ օպերային թատրոններում արդեն շուրջ 130 ներկայացումների դերերգերով հանդես է եկել տակավին երիտասարդ հայ երգչուհի Ջուլիետ Գալստյանը։ Նա ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային եւ վոկալ բաժինները՝ պրոֆեսոր Մարիաննա Հարությունյանի դասարանը։ Դեռեւ 5-րդ կուրսի ուսանող էր, երբ արժանացավ Մարիա Կալասի անվան մրցույթի դափնեկրի կոչմանը։ Այժմ երգչուհին ապրում եւ ստեղծագործում է Ժնեւում։ Այս օրերին տաղանդաշատ երգչուհին, որ ժողովրդական արտիստուհի Հայկանուշ Դանիելյանի թոռնուհին է, 10 օրով հայրենիք է եկել ու հաճույքով համաձայնեց հարցազրույց տալ «Առավոտին»։ – Ինչո՞ւ մեկնեցիր Հայաստանից։ Ինչպե՞ս եղավ, որ կարիերադ զարգացրիր արտերկրում։ – Հայաստանից ոչ թե նպատակադրված եմ մեկնել, այլ աշխատանքի բերումով։ Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ գործունեությունս սկսեցի դրսում։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո մասնակցեցի Իտալիայի Վերչելի քաղաքում անցկացված միջազգային մրցույթին (մասնակցում էր 300 հոգի) եւ ստացա 1-ին մրցանակը։ Այնքան հաջող էր մասնակցությունս, որ իտալական մամուլում չափազանց ջերմ էին արտահայտվում իմ մասին։ Դրանից անմիջապես հետո երկու հայտնի թատրոնների տնօրեններն առաջարկեցին ինձ աշխատել իրենց թատրոններում (խոսքը Թուրինի թագավորական թատրոնի եւ Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնի մասին է)։ – Ո՞րն է եղել առաջին դերերգդ արտերկրում։ – Աշխատանքս սկսել եմ Պուչինիի «Բոհեմով»՝ Միմիի դերակատարմամբ։ Թեեւ սկզբում շատ անհամարձակ էի՝ այդ դերերգը բարդ է եւ սկզբի համար դժվար, բայց կարողացա բավականին հաջող «գլուխ հանել»։ Հետո արդեն ինքնավստահություն ձեռք բերեցի ու հիմա համոզված եմ, որ աշխատելու դեպքում արդյունքը ուշ թե շուտ երեւում է։ Աշխատում եմ երգել ավելի քիչ, փոխարենը՝ ավելի հայտնի օպերային թատրոններում։ Փարիզի «Բաստիլիա» ազգային օպերային թատրոնի բեմում երգել եմ 42 անգամ։ – Ամուսինդ որեւէ կերպ օգնո՞ւմ է քեզ (նրա մասնագիտությունը շատ հեռու է երգից- Ս. Մ.)։ – Դոլֆը Ժնեւում աշխատում է ՄԱԿ-ի գրասենյակում։ Նա դիվանագետ է։ Ի դեպ, ազգությամբ հոլանդացի է, բայց, կարող եմ վստահ ասել, որ պաշտում է Հայաստանը, հայ ժողովրդին ու նրա մշակույթը։ Չափազանց շատ է սիրում հայկական դուդուկը։ Խոստացել եմ Երեւանից նրա համար դուդուկների հավաքածու տանել։ Իսկ ինչ վերաբերում է օգնելուն, պիտի նշեմ, որ նա իմ արվեստի ամենամեծ երկրպագուն է, չափազանց շատ է խանդավառվում իմ հաջողություններով, ինչով էլ ինձ ավելի շատ է ոգեւորում։ – Հայաստանի հետ կապված ծրագրեր չո ւնե՞ս։ – Արդեն շատ վաղուց է, որ դրսում եմ։ Այդ ընթացքում 11 անգամ Երեւան եմ եկել, յուրաքանչյուր անգամ՝ ակնկալիքով, որ այստեղ եւս պիտի ելույթ ունենամ։ Բայց ամեն անգամ՝ այստեղ, առողջական խնդիրներ եմ ունենում, հիվանդանում եմ։ Թերեւս պատճառն այն է, որ Ժնեւի չափազանց խոնավ կլիման տարբերվում է Հայաստանի շատ չոր կլիմայից։ Շատ եմ ուզում այստեղ երգել, աշխատանքս ցույց տալ ուսուցիչներիս։ Վերջին հաշվով նրանք են իմ բոլոր հաջողությունների նախաքարը դրել, ու նրանց գնահատանքը շատ եմ արժեւորում։ Հաջորդ անգամ ավելի երկարատեւ ժամանակով կգամ, որ հասցնեմ հիվանդանալ ու առողջանալ։ Վերջում նշենք նաեւ, որ 29-ամյա տաղանդաշատ երգչուհին Ցյուրիխի օպերային թատրոնում (այստեղ ելույթ են ունենում աշխարհի լավագույն ձայները) վերջերս հանդես է եկել Գլյուկի «Իֆիգենիան Տավրիդում» օպերայում՝ Իֆիգենիայի դերերգով։ Ինն անգամ անընդմեջ ցուցադրված ներկայացումը այնպիսի հաջողությամբ է անցել, որ թատրոնի տնօրինությունը թարմացրել է պայմանագիրը՝ սեպտեմբերին ներկայացումը կրկնելու ակնկալիքով։ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել