Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Հունիս 13,2001 00:00

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀԱՐՑԸ ՉԿԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻՆ Հարցազրույց «Եղնիկներ» հատուկ նշանակության զորամասի հրամանատարի տեղակալ Պետրոս Մեղրյանի հետ -Հունիսի 13-ը ԼՂՀ Շահումյանի շրջանի անկման օրն է եւ այդ առիթով հանդիպելով Ձեզ, ուզում եմ ճշտել Ձեր վերաբերմունքը Հայաստան-Ադրբեջան բանակցությունների առթիվ, նաեւ այն հանգամանքի, որ կարծես չի որոշակիանում Շահումյանի հարցը։ – Թե նախորդ իշխանությունների օրոք, թե այսօրվա, Շահումյանի հարցը չի դրվում բանակցությունների սեղանին։ Այնինչ, Շահումյանի շրջանը սեպտեմբերի 2-ի հռչակագրով միացավ արհեստականորեն իրենից բաժանված ԼՂՀ-ի հետ։ Եկեք ճշտենք, թե այսօր Շահումյանը որտեղ է գտնվում, Ղարաբաղի ո՞ր մասն է։ Բանակցություններում շոշափվում է արդեն ազատագրված տարածքների մասին (Քելբաջար, Զանգելան, Ղուբաթլու, Լաչին), բայց Շահումյանը նորից չկա։ Ես գտնում եմ, որ դա սխալ քաղաքականություն է, կարծես նախորդից փոխանցված, թե Շահումյանի հարցը լուծվել է դեռ… 1992-ից։ Առայսօր Շահումյանի անունը ոչ մի տեղ չի շոշափվում։ Չգիտեմ ինչու։ Կան ուժեր, որ չե՞ն թողնում։ Կարելի է ուղղակի ասել։ Այսօր շոշափվում է նույնիսկ Մեղրիի հարցը, ամենաբարձր մակարդակներով լեզվի «սայթաքումներ» են նկատվում, ազատագրված տարածքները անվանակոչվում են «զբաղեցրած», «բանակի կողմից վերահսկվող», «գրավյալ», չգիտեմ էլ ինչ։ Ժողովուրդը չի իմանում, թե ինչ բանակցություններ են, ինչ է փոխզիջվում։ Ղարաբաղի թիկունքը հակառակորդին վերադարձնելը անհեթեթ է։ Ղարաբաղը իր ամբողջ թիկունքով միացված պիտի մնա Հայաստանին, թե դա կճանաչվի անկախ պետություն, թե այլ կերպ, թող որոշեն բանակցող կողմերը, միջնորդները։ Ինչ վերաբերում է Շահումյանի հարցին, մենք փոխզիջումներ կարող ենք անել, եթե վստահ ենք, որ ունենք Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը։ Մեր քաղաքական գործիչները վախենալով հանձնեցին Շահումյանը եւ վախենալով՝ Շահումյանի ժողովրդին կանաչ ճանապարհ տվեցին թե Արցախում, թե Հայաստանում (գաղթի ժամանակ), որ նրանք ընդհանրապես գաղթեն այլ երկրներ։ Շահումյանցի չլինելով՝ Հայաստանում դրանով Շահումյանի հարցն էր լուծվում։ Շահումյանի անկումից հետո մարտական տղաները Շահենի գլխավորությամբ ուժ գտան, համախմբվեցին եւ թշնամու թիկունքը մտնելով՝ սկսեցին հայդուկային շարժումը։ Կային ուժեր, որոնք փորձեցին խոչընդոտել այդ շարժումը։ Ես հիշում եմ օրեր, երբ մենք չէինք կարողանում ուղղաթիռով տղաներին սննդամթերք ուղարկել։ Ներքին հրահանգ կար, որ ուղղաթիռներ չթռչեն։ Բայց օդաչուներն ու անձնակազմը, Շահենին անձամբ ճանաչելով, իմանալով նրա չորս տարվա պայքարը՝ թաքուն էին թռչում։ Մենք ոչ մի ջոկատ չէինք կարողանում ուղարկել։ Միայն դաշնակցության ջոկատներն էին ուղարկվում. 20 հոգով, 15… Այսօր մոռանալ այդ բոլորը՝ ցավալի է։ – Դուք մտադիր չե՞ք միանալ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությանը։ – Որպես անձ կողմ եմ նախաձեռնությանը։ – Իսկ որպես դաշնակցակա՞ն։ – Հրանտ Մարգարյանը օրեր առաջ լրագրողներին հանդիպելով խոսեց զիջումների շուրջ, թե ինչպես պիտի լինի եւ շեշտեց Շահումյանի, Մարտակերտի… մասին։ Անիմաստ է խոսել ազատագրված տարածքների վերադարձման մասին։ Դրանք բոլորը պիտի դրված լինեն բանակցությունների սեղանին։ – Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ են այն տեսակետները, թե «սահմանազատված» տարածքների խնդիրը ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի մենաշնորհն է։ – Նախ գտնում եմ՝ սխալ է, որ Ղարաբաղը իբրեւ կողմ չի ներգրավված բանակցություններում։ Այսինքն, որոշել մարդկանց, տարածքի ճակատագիրը առանց այդ տարածքի բնակիչների՝ սխալ է։ Թող դիվանագետները որոշեն, թե ինչպես կմասնակցեն, ձայնի ինչ իրավունքով։ Հակամարտությունը եղել է Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, հետեւաբար, առաջնահերթ կողմ, պիտի լինի Ղարաբաղը։ Միգուցե Ղարաբաղի իշխանությունները դրանի՞ց էլ են խուսափում։ Թե՞… նրանց մեկուսացրել են։ Շահումյանը ԼՂՀ անբաժանելի մասն է, եւ նրա հարցը նույնպես առաջնահերթ պետք է դրվի։ – Հիշում եմ, որ անգամ լրատվամիջոցներին էր «հրահանգ» իջեցվել՝ Շահումյանի մասին չխոսել։ ԳԽ-ում հանձնաժողով ստեղծվեց եւ տաբու դրվեց Շահումյանի հարցի վրա։ – Շատ քիչ է իշխանափոխություն կատարվել։ Չնչին փոփոխություն։ Նախորդների համարյա մի մասը մնում է եւ այսօր խանգարում Ռ. Քոչարյանի բանակցություններին։ Թալիշի ժողովուրդը ճամպրուկների վրա է նստած։ Այսօր գնում են բանակցություններ, թերթերն էլ գրում են, թե մնալու է Լաչինը։ Քելբաջարում վերաբնակեցում ենք կատարում (13 համայնք կա) շահումյանցիներով, փախստականներով, նրանք էլ ճամպրուկների վրա են։ Ծախսեր ենք անում, բայց զիջողական տրամադրություններ են սփռվում մյուս կողմից։ Շահումյանցին 92-ին դեռ իր հողում էր, երբ Երեւանում անվճար բաժանվում էին «Գյուլիստանի ողբերգություն» անունով գրքույկները։ Գաղթականները հասան Երեւան, 15 հազարանոց ժողովրդին «դավաճան» պիտակը կպցրին (իր ղեկավարի հետ միասին)։ Սա մեր արտաքին քաղաքականության պարտությունն էր։ Ես կարող եմ հիշել Լեւոն Տեր-Պետրոսյանի ազգային անվտանգության գծով խորհրդական Աշոտ Մանուչարյանին, որը ստացել էր հրահանգ, հավաքել կեղծ տեղեկություններ, փաստաթղթեր, թե ինչով են զբաղված Շահումյանի ղեկավարները։ «ՀՀ», «PA», պաշտոնական այլ թերթերում տպագրվեց այդ ժամանակ անվտանգության խորհրդի տեղեկատվությունը, ըստ որի, Շահումյանի ղեկավարությունը տեղափոխում է մեքենաներ, զենք-զինամթերք։ Եվ, հետեւաբար, հունիսի 13-ը պատահական չէր։ Դեռ հունիսի սկզբին, դուք հիշում եք, թե ինչ թեժ էին գնում այդ ԳԽ ընտրությունները։ Ընտրությունները, չգիտես ինչու, հետաձգվեցին, Շահումյանն էլ 10 օր հետո ընկավ։ Վարկաբեկեցին Շահենին, որպեսզի նրան քաղաքական ասպարեզից դուրս հանեն։ Բայց Շահենն այնքան կամք ունեցավ, որ կարողացավ գնալ, «Եղնիկներ» ստեղծել։ Բնական է, երբ շահումյանցին այսօր ասում է. չկա Շահենը՝ չկա Շահումյանի հարցը։ Մեր սխալներից մեկն այն էր, որ 9 տարում չկարողացանք Շահենին փոխարինող գտնել, որպեսզի այս հարցը ներկայացնենք։ Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել