Լրահոս
Օրվա լրահոսը

Օրերս «Առավոտի» խմբագրություն դիմած Հ. Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի բնակիչները բողոքում էին, որ իրենց

Հունիս 13,2001 00:00

Բացօթյա առեւտուրը շարունակվում է Օրերս «Առավոտի» խմբագրություն դիմած Հ. Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի բնակիչները բողոքում էին, որ իրենց շենքի դիմաց շարունակվում է գյուղմթերքների բացօթյա առեւտուրը։ Բնակիչների վկայությամբ, ոչ միայն անհնար է դարձել մայթով անցնելը, քանի որ որոշ մարդկանց կողմից այն «նվաճվել» է, այլեւ չեն կարողանում աղմուկից ու ճանճերի «դարդից» բացել պատուհանները։ «Երբ քաղաքապետի հրամանը եղավ, անմիջապես մարդիկ եկան, արգելեցին Հ. Հակոբյան փողոցի թիվ 2 շենքի դիմացի առեւտուրը, իսկ այդ նույն փողոցի թիվ 1 շենքի դիմաց բացվեց մի նոր կոլխոզշուկա»,- պատմում էին շենքի բնակիչները։ Նրանց կարծիքով, թաղապետարանը չի կատարում քաղաքապետի հրամանը, որտեղ գրված է՝ ապամոնտաժել Հ. Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի դիմացի շուկան։ Բնակիչների բողոքը, սակայն, չի սահմանափակվում միայն այդքանով։ Բողոքի մյուս մասն էլ վերաբերում է նույն շենքի բակում կատարվող ապօրինի շինարարությանը։ Բնակիչների տվյալներով, շենքի բակը զավթել են այդ շենքի բնակիչներ Վարդանյանները եւ անօրինականորեն կապիտալ շինարարություն են կատարում։ «Թաղապետարանից եկան, մի երկու տրուբա կտրեցին, իբր թե դադարեցնում են, բայց ամեն շաբաթ-կիրակի կարող եք ականատես լինել նրանց կողմից իրականացվող ակտիվ աշխատանքներին»,- ասաց բնակիչներից մեկը։ «Ո՞վ պետք է պատասխանատվության կանչի նրանց»,- հարցնում են բնակիչները,- ինչո՞ւ չեն քանդում կամ դադարեցնում այդ անօրինականությունները»։ Քանի որ թաղապետարանը կտրուկ քայլեր չի ձեռնարկում, ուստի նրանք խնդրում են քաղաքապետարանի միջնորդությունը՝ «վերացնելու Հ. Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց տեղադրված կոլտնտեսային շուկան, ինչպես վերացվեց մայրաքաղաքի ամբողջ փողոցային առեւտուրը»։ Պարզաբանումների համար զրուցեցինք քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Լեւոն Հարությունյանի հետ։ Հարցազրույցից պարզվեց, որ Լ. Հարությունյանը տեղյակ է խնդրին. «Ահազանգ եղել է, ճիշտ է, մի քիչ չափազանցնում են, բայց իրականությանը համապատասխանում է»։ Պրն Հարությունյանի կարծիքով, այդ հարցում պետք է մշտապես հսկողություն սահմանեն թաղապետարանն ու միլիցիոներները. «Երբ հսկողությունը մի փոքր թուլացնում են, որոշ ժամանակ անց նորից սկսում են առեւտուրը շարունակել»,- ասաց նա։ Լ. Հարությունյանը տեղեկացրեց, որ այդ հարցի անմիջական պատասխանատուն Արաբկիրի թաղապետարանն է։ Թաղապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Միհրան Երգնյանը հայտնեց, որ տարվա սկզբին էր դեռ եղել հրաման այն մասին, որ բացօթյա, անթույլատրելի տեղերում գյուղմթերքների վաճառքը արգելվում է։ Նա տեղեկացրեց, որ տվյալ հասցեում գտնվող բացօթյա շուկան պատկանում է մի կազմակերպության, որը «պահում է բոլոր նորմերը, կատարում բոլոր պարտականությունները՝ փող է մուծում, տուրքեր է տալիս. ամեն ինչ փաստագրված է, օրենքով է եւ անօրինական ոչինչ չկա,- վստահեցրեց պրն Երգնյանը, ապա շարունակեց,- ոչ միս են վաճառում, ոչ ձուկ, ոչ պանիր, ոչ կաթնամթերք, ոչ մի վտանգ չկա»։ Ինչ վերաբերում է բակում կատարվող ապօրինի շինարարությանը, պրն Երգնյանը այդ հարցի պատասխանն էլ տվեց։ Ըստ նրա, ոչ մի ապօրինի շինարարություն էլ չկա, այլ, պարզապես «մի երկու ամիս առաջ որոշ բնակիչներ խաղողի թարմայի համար տրուբաներ էին կանգնեցրել, որ հով լինի, նստեն, զբաղվեն եւ այլն, սակայն այդ տրուբաները արդեն կտրել, հանել են, եւ ուրիշ շինարարություն չի իրականացվում»։ Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել