Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների նախաձեռնությամբ, այդ երկրների պատվիրակությո

Հունիս 13,2001 00:00

ՄԻ «ՏՆՈՎ» ՉԵՆՔ, ՀԱՄԱՐՅԱ ՄԻ ՀԱԼՈՎ ԵՆՔ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների նախաձեռնությամբ, այդ երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, մայիսի վերջին Մոսկվայում կազմակերպվել էր գիտաժողով՝ «Խաղաղությունն ու զարգացումը Կովկասում» թեմայով։ Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանի խոսքերով, դրա նպատակն է եղել նոր գաղափարների, ավելի թարմ մոտեցումների առաջադրումը անդրկովկասյան երկրների ու Ռուսաստանի համագործակցության համար։ Գիտաժողովի կարեւոր ձեռքբերումը, ըստ Ն. Հովհաննիսյանի, այն է, որ տնտեսական զարգացումն ու տարածաշրջանային համագործակցության խնդիրները քննարկելիս ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել անդրկովկասյան երկրների եւ Ռուսաստանի հետ համատեղ ստեղծել մեկ միասնական տնտեսական համակարգ։ Այդ նպատակով Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Ալեքսերովի առաջարկությամբ պայմանավորվել են ստեղծել «Կովկասյան ընդհանուր տնտեսական ընտանիք»։ «Ժամանակին կար կովկասյան ընտանիքի գաղափարը քաղաքական համատեքստով, որը առաջ էր քաշվել Վրաստանի պրեզիդենտի առաջարկությամբ, սակայն դա զարգացում չունեցավ, որովհետեւ քաղաքական հակասությունները տարածաշրջանի երկրների միջեւ ավելի բարդացված են։ Իսկ տնտեսական ընդհանուր տան ստեղծումը բոլոր երկրների պատվիրակություններն էլ մեծ ոգեւորությամբ ընդունեցին»,- ասաց պրն Հովհաննիսյանը։ Գիտաժողովում արծածվել են նաեւ արտագաղթի խնդիրները։ Մասնավորապես նշվել է, որ վերջին տարիների ընթացքում անդրկովկասյան երկրներից Ռուսաստան են արտագաղթել՝ Ադրբեջանից՝ 2 մլն, Հայաստանից՝ 1 մլն եւ Վրաստանից՝ 700 հազար քաղաքացիներ։ Ռուսաստանի պատվիրակության ներկայացուցիչը նշելով, որ արտագաղթն այդ երկրների համար լուրջ խնդիր է, միաժամանակ ընդգծել է, որ այն օգնում է անդրկովկասյան երկրներին թեթեւացնելու իրենց սոցիալ- տնտեսական վիճակը։ Հատկապես նշվել է, որ յուրաքանչյուր տարի ադրբեջանցիները Ռուսաստանից մոտ 2 մլրդ դոլար են ուղարկում Ադրբեջան, հայերը՝ շուրջ 1 մլրդ դոլար, իսկ վրացիները՝ 0,5 մլրդ դոլարից ավելի։ Արդյունքում, ըստ Ն. Հովհաննիսյանի, անդրկովկասյան երկրների ու Ռուսաստանի միջեւ տեղի է ունենում «աշխատանքային ուժերի փոխանակման ու միգրացիայի պրոցես»։ Թերեւս հետաքրքրական է նաեւ, որ գիտաժողովում հայտարարվել է՝ «Ադրբեջանը չի հավակնում նոր Քուվեյթ դառնալ»։ Ռուսաստանի ԳԱԱ-ի Աֆրիկայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսեյ Վասիլեւն ընդգծել է, որ «Ադրբեջանը իր նավթային պաշարների ցուցանիշները մշտապես խիստ ուռճացված է ներկայացնում։ Ըստ ադրբեջանական կողմի, կասպյան նավթային ռեսուրսները հատում են 200 մլրդ տոննայի սահմանը։ Դա իրատեսական չէ եւ ընդամենը, առավելագույն դեպքում, կարելի է խոսել 20 մլրդ տոննայի մասին»։ Այս համոզմունքն ունի, ըստ պրն Հովհաննիսյանի, նաեւ ամերիկյան կողմը, որն այդ ուղղությամբ ուսումնասիրություններ է կատարում Ադրբեջանում։ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել