Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՈՒԳՈՂՆԵՐԸ ԹԵՐԹ ԷԼ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ

Հունիս 13,2001 00:00

ՍՏՈՒԳՈՂՆԵՐԸ ԹԵՐԹ ԷԼ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ Երեկ «Առավոտը» տեղեկացրել էր, որ «Չորրորդ իշխանություն» շաբաթաթերթի հիմնադիր եւ հրատարակիչ «Օգոստոս» գործակալությունում ընթացող ստուգումները կիսատ են թողնվել։ Պետական եկամուտների նախարարության աշխատակիցները ո՛չ անցյալ ուրբաթ, ո՛չ այս երկուշաբթի, գործակալություն չէին այցելել։ Փոխարենը երեկ նրանք անմիջապես արձագանքել են մեր հրապարակմանը եւ շտապել են այցելել գործակալություն՝ միաժամանակ սպառնալով, որ, եթե մամուլը շարունակի իրենց մասին գրել, ստուգումները եւս 10 օրով կերկարաձգվեն։ Սպառնալիքն, ի դեպ, գործակալությունում մեծ շփոթ չի առաջացրել։ Ավելին, «Օգոստոսի» աշխատակիցներին, որքան հասկացանք, հաճույք է պատճառում ՊԵՆ-ի «օպերների» ստուգումներին հետեւելը, առավել եւս, որ վերջիններս իրենց ապօրինի գործողություններով մամուլին գրելու հարուստ նյութ են տալիս։ «Օգոստոսում» վստահ են, որ ստուգողները շատ օպերատիվ են արձագանքում մամուլում հրապարակված իրենց առնչվող որեւէ նյութի։ Ճիշտ այդպես, այսպես ասած, «ծակվել» էր օպեր-լիազորներից մեկը, որի անունը գործակալության ղեկավարության հորդորով այս անգամ էլ չենք հրապարակում։ Բանն այն է, որ վերջինս գործակալության աշխատակիցների ներկայությամբ դժգոհել է, թե Ալեքսան Հարությունյանը զանգել է իրեն եւ բարկացել, որ ինքն ամենուր ու անտեղի նրա անունն է տալիս։ Հետո այդ «օպեր-լիազորն» արդարացել է, թե՝ Ալիկն իրեն ի՞նչ ընկեր։ Ինքը տարի ու կես անգործ է եղել, եթե Ալիկն ընկեր էր, թող էն ժամանակ իրեն օգներ։ Իսկ մայիսի 23-ից 15-օրյա ժամկետով սկսված ստուգումները՝ ներառյալ շաբաթ օրերը, արդեն երեկ՝ հունիսի 12-ին պետք է ավարտված լինեին։ Ի դեպ, տեղեկացանք, որ ՊԵՆ աշխատակիցները մայիսի 23-ից սկսած իրենց բոլոր «ուի քենդներն» անց են կացրել «Օգոստոսի» վաճառակետերում ստուգումներ անելով։ Կարծում ենք, որ նրանք ունեն ճիշտ ժամանակին վաստակած հանգստի անցնելու իրավունքը։ Իսկ մինչ այդ, գործակալությունը պաշտոնական գրությամբ դիմել է ՊԵՆ օպեր-հետախուզական վարչության պետ Շ.Հովասափյանին՝ ստուգումների ավարտի օրը ճշտելու համար՝ տեղեկություն ստանալու խնդրանքով։ Գործակալությանը հետաքրքրել է, թե ստուգումներ իրականացնող ՊԵՆ հիշյալ վարչության Սպանդարյանի տարածքային բաժնի աշխատակիցների համար շաբաթ օրերն աշխատանքայի՞ն են, թե՞ ոչ։ Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել