ԲՈՐԲՈՔՎԱԾ ԿՐՔԵՐ «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների պահպանության օրինականությունը ստուգող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի արտահերթ նիստում երեկ քննարկվել է հանձնաժողովի ՀԺԿ խմբակցության ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանի նախաձեռնությունը՝ գործով գլխավոր ամբաստանյալին ԱԱՆ մեկուսարանից տեղափոխել ՆԳՆ քննչական մեկուսարան՝ առավել եւս, որ նա ինքն է խոստովանել Ազգային անվտանգության հետ իր որոշակի առնչությունների՝ հանդիպումների եւ համագործակցության մասին։ Առաջարկության հիմնական ընդդիմախոսները ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կիմ Բալայանն ու ԱԺՄ-ի ներկայացուցիչ Ֆիլարետ Բերիկյանն են եղել։ Ըստ Կ.Բալայանի, հանձնաժողովի կանոնակարգի համաձայն, նախ պետք է ստուգել ամբաստանյալին ԱԱՆ մեկուսարանում պահելու օրինականությունը եւ հետո միայն հանդես գալ համապատասխան եզրակացությամբ։ Քննարկումների ժամանակ անգամ կարծիք է հնչել, թե է՞լ ուր կտեղափոխվի Ն.Հունանյանը, եթե պարզվի, որ նա համագործակցել է նաեւ ՆԳՆ-ի հետ։ Հունանյանն, իրոք, ամեն ինչ կարող է ասել, բայց առայժմ նա ցուցմունք է տվել ոչ թե ՆԳՆ-ի, այլ հատկապես ԱԱՆ-ի հետ իր համագործակցության մասին։ Պատգամավորները նաեւ չեն բացառել, որ ՆԳՆ մեկուսարանում գլխավոր ամբաստանյալի հետ կարող են հաշվեհարդար տեսնել։ Ի պատասխան, Ղուկաս Ուլիխանյանը նախ հիշեցրել է, որ հանձնաժողովի որոշման մեջ ԱԱՆ մեկուսարանում պահվելու օրինականության ու դրա նպատակահարմարության հարցերը պայմանավորված չեն մեկը մյուսով, եւ հետո, ՆԳՆ-ում նրա նկատմամբ հաշվեհարդարի դեպքում պատասխանատվությունը կընկնի իշխանությունների վրա։ Կ.Բալայանը ենթադրել է, որ դատաքննութ յան ժամանակ Հունանյանը կարող է հրաժարվել իր նախկին ցուցմունքներից։ Նա, թերեւս, մոռացել է, որ Հունանյանը նախաքննության ընթացքում տված իր այդ ցուցմունքներն արդեն հաստատել եւ մանրամասնել է դատաքննության ընթացքում։ Ինչեւէ: Հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ որոշել է Ն.Հունանյանին տեղափոխել ՆԳՆ քննչական մեկուսարան: Սեփ. լր.