Լրահոս
Օրվա լրահոսը

Այս կոչով դիմեց ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը խորհրդարանի նիստերի դահլիճում գտնվողներին, որոնք աղմու

Հունիս 13,2001 00:00

«Հայտարարություն անողներին հարգե՛նք» Այս կոչով դիմեց ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը խորհրդարանի նիստերի դահլիճում գտնվողներին, որոնք աղմուկով եւ ծիծաղով էին արձագանքում նստաշրջանի վերջին հայտարարություններից շատերին։ Սակայն ինչպե՞ս կարելի էր անվրդով լսել, ասենք, Ռուբեն Գեւորգյանի (Անդրանիկ Մարգարյանի կեսդարյա հոբելյանին համընկած) հայտարարության այն տողերը, թե վարչապետը պիտի լինի անհատականություն, «ռազմաշունչ նվիրյալ եւ ճակատագրակա՛ն»։ Պատգամավորը նաեւ հավելեց. «Հետաքրքիր է, թե ներկայիս վարչապետն իր նախարարների եւ մարզպետների գերակշռող մասի հետ որտեղի՞ց է եկել եւ ո՞ւր է գնում»։ Կամ կարելի՞ էր անտարբեր լսել, թե ինչպես են կոմունիստներն ու Աղասի Արշակյանը, խոցված հանրապետության նախագահի եւ վարչապետի կտրուկ մերժումից՝ միանալ «Ռուսաստան-Բելառուս» միությանը, սպառնալիքներ տեղում նրանց հասցեին։ Կոմկուսի հայտարարության մեջ իշխանությունների դիրքորոշումն այս հարցում որակվում էր «մարտահրավեր» եւ ազդարարվում, որ ժողովուրդը պատրաստ է ընդունել այն։ Աղասի Արշակյանն էլ լրացրեց. «Իմ եւ իմ գաղափարակիցների կողմից ուզում եմ ասել. պետք է ամեն ինչ անել, որ մեր նախագահի համար առաջին նախագահական ժամկետը լինի վերջինը»։ Առավել դրամատիկ էր «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Արծրունի Աղաջանյանի հայտարարությունն Անի-Պեմզա գյուղի մասին, որի բնակիչները կարգախոս են դարձրել. «Ջո՛ւր, ջո՛ւր, ջո՛ւր եւ կրկին ջո՛ւր»։ Իրենց գյուղ այցելողներին միայն մի հարց են տալիս. «Ջուր բերե՞լ եք»։ Պատգամավորը գիտեր անգամ, թե երբ է Անի-Պեմզա մտել վերջին ջրամեքենան։ «Օրինաց երկրի» մեկ այլ անդամ էլ՝ Սերգո Երիցյանը, ոռոգման ջրից խոսեց։ «Արշակի ջուրը կտրեցին»,- այս ամենին այսպես արձագանքեց ներկաներից մեկը։ «Հա՜, «Օրինաց երկիրն» այսօր միայն ջուր ծեծեց»,- հավելեց մյուսը։ Սակայն հայտարարությունների թագն ու պսակը Հմայակ Հովհաննիսյանի եւ Վազգեն Խաչիկյանի մշտական բառային փոխհրաձգություններն են։ Երեկ պրն Հովհաննիսյանը նշեց, որ Շարիկովի կերպարանափոխության թեման զարգացնելիս ինքը ոչ մի անուն կամ հասցե չէր տվել, որպեսզի արձագանքներ չլինեն, կանխվեն «ցավալի ինքնաբացահայտումները, եւ մեր խորհրդարանը ժողովրդի պատկերացումներում մնա միայն Բյուրականի աստղադիտարանին տեսանելի իր աստեղային բարձրության վրա»։ Սակայն զարմացել էր, երբ պարզել էր, որ իր քայլն ապարդյուն էր. «Մինչեւ հիմա զարմացած եմ. ինչպե՞ս կարելի է ռուսական գրականության դասականից մեջբերումներ անելու համար մարդուն մեղադրել հայոց խորհրդարանի դեմ ուղղված սեռական ագրեսիայի մեջ»։ Հմայակ Հովհաննիսյանը երկշաբաթյա վաղեմության իր հայտարարության գեղարվեստականությանը չզիջող նոր որակումներ արեց, թե մեր ժողովուրդը դատապարտված չէ «իր ուսերի վրա կրել Վանո Սիրադեղյանի թոկից փախած եւ կռապաշտության հովանու տակ «մաստը» փոխած ՀՀՇ-ական աղանդավորներին եւ ջեբկիրներին, ինչպես նաեւ՝ վերջիններիս միակ հույսն այսօր հանդիսացող գերդաստանային հայտնի կուսակցությունների անտանելի լուծը»։ Հայտարարությունը համեմված էր նաեւ «մատղաշ կաշառակերներ», «ժողովրդի վրա կրակող ենիչերիներ» եւ նման կարգի արտահայտություններով։ Միայն երեւակայել կարելի է, թե ինչպե՜ս կարձագանքեր այս ամենին Վազգեն Խաչիկյանը, եթե հերթն իրեն հասնելիս՝ չավարտվեր հայտարարությունների համար նախատեսված ժամանակը։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել