Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հունիսի 5-ին Սիսիանի առաջին ատյանի դատարանում փաստաբան Հրաչ Հակոբյանին ծեծի են ենթարկել:

Հունիս 13,2001 00:00

ԻՍԿ Ո՞Վ Է ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՇԱՀԵՐԸ Հունիսի 5-ին Սիսիանի առաջին ատյանի դատարանում փաստաբան Հրաչ Հակոբյանին ծեծի են ենթարկել: Նույն օրը Սիսիանի ՆԳ բաժանմունքում տված իր բացատրության մեջ Հայ փաստաբանների միջազգային միության փաստաբան Հրաչ Հակոբյանը պատմել է, որ իր պաշտպանյալ Ամալյա Խուդավերդյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստին միջանցքում սպասելիս նույն գործով տուժող Հենրիկ Դավթյանը «իրեն հայտնի դրդապատճառներով» վկա Անդոկ Խուդավերդյանի ներկայությամբ իր հասցեին հնչող՝ «ես քեզ սպանելու եմ, դու իմ դեմ ե՞ս թղթեր հավաքում» սպառնալիքով հարձակվել է փաստաբանի վրա եւ, երկու ձեռքով բռնելով վերջինիս կոկորդից, սեղմել է։ Փաստաբան Հակոբյանը դիմադրել ու ձեռքով հարվածել է Հ.Դավթյանին։ Վերջինս կրկին հարձակվել է փաստաբանի վրա՝ գործի դնելով բռունցքները։ Հարվածից Հ.Հակոբյանի խույս տալու արդյունքում սեփական ուժի թափից Հ.Դավթյանը բերանքսիվայր ընկել է միջանցքի մուտքի մետաղյա դռան կոնստրուկցիաների վրա։ Հ.Դավթյանի հերթական հարձակման ժամանակ նրան փորձել էր սաստել ոստիկանության քննիչ Վալերիկ Խաչատրյանը։ Փաստաբանին հերթական հարվածը հասցնելու պահին իր աշխատասենյակից դուրս էր եկել դատախազի տեղակալ Հակոբյանը եւ փաստաբանին խնդրել՝ մտնել քննչական բաժանմունքի պետ Հակոբյանի աշխատասենյակ եւ փակվել՝ միջադեպի հետագա զարգացումներից խուսափելու համար։ Արդյունքում ե՛ւ քրգործով տուժողը, ե՛ւ փաստաբանը ստացել են մարմնական վնասվածքներ։ Նույն օրը նույն շենքում գտնվող ոստիկանությունում միջադեպի մասին փաստաբանի արած հայտարարությունը, որը պետք է քրգործ հարուցելու հիմք դառնար, առավել եւս, որ դրան ականատես էին եղել նաեւ իրենք՝ իրավապահները, մերժվել է։ Փոխարենը, ավելի ուշ, ոստիկանությունում իրեն ծեծելու մասին հայտարարություն է արել Հ.Դավթյանը։ Տարօրինակն այն է, որ այս դեպքում հայտարարությանն անմիջապես ընթացք է տրվել։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, Հայ փաստաբանների միջազգային միության փաստաբան Հրաչ Հակոբյանն արդեն ահազանգել է, որ իր դեմ կատարված խուլիգանությունը նենգափոխվելու եւ շրջվելու է հատկապես իր դեմ։ Այդ մտավախությունը հիմնավորվում է նաեւ նրանով, որ միջադեպի ժամանակ փաստաբանի պաշտպանյալ Ա.Խուդավերդյանը շտապել է դեպքի մասին տեղյակ պահել դատարանի շենքում տեղակայված ոստիկանությանը եւ դատախազությանը՝ ակնկալելով վերջիններիս միջամտությունը։ Խուդավերդյանի բանավոր հայտարարությունը՝ կատարվող խուլիգանության մասին, անպատասխան է մնացել։ Ոստիկանությունում նրան հորդորել են դիմել դատախազություն, դատախազությունում՝ ոստիկանությանը։ Մեր երկրում դատաիրավական համակարգի «բարեփոխումների» ֆոնի վրա Հայաստանում հաճախակի են դարձել փաստաբանների դեմ քրեական գործեր հարուցելու փաստերը։ Դրանք կոնկրետ նախադեպեր ունեն։ Ճիշտ այդպես, ընդամենը վերջերս դատապարտվեց դատախազության շենքում քննիչ Ֆարխոյանի ներկայությամբ տուժողի կողմից ծեծի ենթարկված փաստաբան Կրոմվել Գրիգորյանը, քրեական գործ հարուցվեց նաեւ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի դեմ, որը Կենտրոն-Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանի գործողություններն արդարացիորեն «անգրագետ» էր որակել։ Այսօր Հայաստանում փաստաբանն, ըստ էության, նույնքան անօգնական է, որքան իշխանություններին ընդդիմախոս քաղաքական գործիչն ու լրագրողը։ Վերջիններս, ըստ էության, զբաղվում են Հայաստանում ամենավտանգավոր գործունեությամբ, եւ շատ հաճախ դառնում են իշխանությունների, տվյալ դեպքում՝ մասնավորապես, իրավապահ մարմինների, կամայականությունների ու հետապնդումների զոհը։ «Ցավալին ձեւավորված անպատժելիության մթնոլորտն է, անտարբերությունը։ Մարդու իրավունքները պաշտպանելուն կոչված իրավապահների ներկայությամբ կատարվող հանցագործությունները շատ դեպքերում շրջվում են հենց փաստաբանների դեմ»,- ասաց Հայ փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը։ Նա տեղեկացրեց նաեւ, որ հիշյալ դեպքից առ ժամանակ առաջ, նույն Հ.Դավթյանը հենց ոստիկանության շենքի մուտքի մոտ բռնության է ենթարկել ամբաստանյալ Խուդավերդյանին, ինչի մասին վերջինիս հայտարարությանը դարձյալ ընթացք չի տրվել եւ Հ.Դավթյանը մնացել է անպատիժ։ Փոխարենը, Սիսիանի ՆԳ բաժնի պետ, գնդապետ Ս.Ավետիսյանը Խուդավերդյանին տեղյակ է պահել, որ դեպքի առնչությամբ հայտարարությունը չընդունելու իր որոշման հետ համաձայն չլինելու դեպքում, «կարող է այն բողոքարկել վերադաս դատախազին կամ վերաքննիչ դատարան»։ Պարոն Տեր-Եսայանի այն դիտարկումը, թե՝ «ոստիկանությունը, դատախազությունն ու դատարանը փաստաբանին ընկալում են որպես ընդդիմախոս, անգամ «անձնական թշնամի» եւ աչք են փակում նրա դեմ կիրառվող նույնիսկ ֆիզիկական ճնշումների վրա», Հայաստանում տիրող ընդհանուր մթնոլորտի տեսանկյունից խիստ արդիական է։ «Ընդ որում, հետապնդումների են ենթարկվում հատկապես այն բարեխիղճ փաստաբանները, ովքեր ավելի լավ են տիրապետում իրենց մասնագիտությանը, քան դատաքննչական եւ նախաքննական մարմինները, ովքեր բացահայտում են վերջիններիս թույլ տված ապօրինությունները, չեն համաձայնում համագործակցել հակառակ կողմի հետ։ Փաստաբանների այդ դիմադրությունն, ակնհայտորեն, դուր չի գալիս ոմանց»,- նկատեց պարոն Տեր-Եսայանը։ Հիշատակած գործով ընթանում է քննություն։ «Առավոտը» հետամուտ կլինի դրան։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել