Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր

Հունիս 13,2001 00:00

«ԵՍ ՀՈԳՆԵԼ ԵՄ ԱՐԴԱՐԱՆԱԼՈՒՑ» Վլադիմիր Գասպարյանի հետ մեր զրույցը սկսվեց, բնականաբար, նրա հետախուզման մեջ լինել-չլինելու հարցից։ Պրն Գասպարյանը ցույց տվեց Ղրիմի Հանրապետության դատախազի որոշումը՝ իր դեմ ապօրինի սեփականացման համար հարուցված գործի փակման մասին եւ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության Օպերատիվ ինֆորմացիայի գլխավոր վարչության տեղեկանքն այն մասին, որ գործը հանցակազմի բացակայության պատճառով փակվել է 2000թ. ապրիլի 17-ին եւ, որ հետախուզումը դադարեցված է։ Վլ. Գասպարյանը պնդում է, որ ս.թ. ապրիլի 2-ին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Լիտվինի անունից հրավեր է ստացել մասնակցելու նախագահին կից Քաղաքական կուսակցությունների խորհրդի նիստին, քանի որ, որպես Տնտեսական վերածննդի կուսակցության առաջնորդ, նա այդ խորհրդի անդամ է։ Նիստին Վլ. Գասպարյանի փոխարեն մասնակցել է նրա տեղակալը, քանի որ նիստը նշանակված է եղել հրավերից 2 օր հետո՝ ապրիլի 4-ին եւ, ըստ նրա, արդեն ուշ էր պատրաստվել մեկնելու։ – Ինչո՞ւ երբեւէ հանդես չեք եկել Ձեր՝ հետախուզման մեջ լինելու հերքումով։ – Գիտե՞ք, ես կարդում էի եւ հասկանում, որ իմ անձը մարդկանց հետաքրքրում է ոչ թե նրա համար, որ իրականում նրանք հետաքրքրվում են ինձանով, այլ, որ այն կապված է ուրիշ գործիչների հետ՝ քաղաքական եւ այլն։ Ես կարծում էի, որ մի անգամ կգրեն եւ կավարտվի։ Չէի կարծում, որ դա անընդհատ կկրկնվի։ Հիմա համոզվեցի, որ այդպես չէ։ Ես հոգնել եմ արդարանալուց այն բանում, որը չկա։ Ամենալավ արդարացումն, իմ կարծիքով, գործելն է։ Եթե իմ աշխատանքով ապացուցեմ, որ օգուտ եմ տալիս այս ինստիտուտի կոլեկտիվին, կարող եմ հանգիստ քնել։ – Հասարակությանը հետաքրքիր է Ղրիմում Ձեր համագործակցությունը Անուշավան Դանիելյանի հետ։ Այն մի տեսակ վարագույրով է պատված։ – Ես հասկանում եմ՝ ինչ վարագույր կարող եք նկատի ունենալ։ Անուշավան Դանիելյանի մասին այնքա՜ն է գրվել։ Առաջ գրում էին շատ դրական։ Մենք ծանոթացել ենք, երբ ձեւավորվում էր Ղրիմի հայ համայնքը։ Բնականաբար, բիզնեսով զբաղվելով, ես շատ էի օգնում ղրիմահայ համայնքին եւ նրա ընտրված ղեկավար Անուշավան Դանիելյանին։ Ես դա իմ պարտքն էի համարում։ Եվ մեր հարաբերությունները կառուցվում էին հենց այդպես՝ ինչպես կարող ենք մենք՝ իբրեւ հայ գործարար եւ հայ համայնքի ղեկավար, օգնել իրար։ Այդպես բոլորն էին տրամադրված, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ համայնքը ձեւավորվեց 1988-ի երկրաշարժից անմիջապես հետո։ Այդ համընդհանուր վիշտը բոլորին համախմբեց։ Ես հպարտությամբ կարող եմ ասել, թե ինչքան մեծ գործեր են կատարվել Ղրիմում՝ հայ համայնքի կողմից։ Մենք այն դժվար տարիներին Հայաստանից եկածներին անշահախնդիր էինք օգնում։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին։ Երբ Ղրիմի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պայմանագիր էր ստորագրվում՝ վերջինիս ճանաչման մասին, մենք եւ հայկական համայնքի այլ ակտիվիստներ ամեն ինչ անում էինք օգնելու համար։ – Ձեզանով հետաքրքրությունը մեծացավ հոկտեմբերի 27-ից հետո՝ կապված այն բանի հետ, որ Ն. Հունանյանը որոշ ժամանակ ապրել է Ղրիմում։ – Ես նրա հետ չեմ հանդիպել։ Ինձ, բնականաբար, հարցրել են այս մասին։ Ես ասացի, որ նրան չեմ ճանաչել։ Բայց ես այն ժամանակ ասացի, որ եթե իմ՝ այնտեղ եղած պահին, դիմեր ինձ (իսկ մենք անընդհատ հայտարարություններ էինք տպագրում եւ աշխատանքի հրավիրում Ղրիմի հայալեզու լրագրողների, որպեսզի Հայաստանից չկանչենք- Վլ. Գ.), իհարկե կօգնեի։ Բայց նա չի դիմել ինձ։ Հետո, երբ այդ ամենը (նկատի ունի «Հոկտեմբերի 27»-ը- Ա. Գ.) տեղի ունեցավ, իմացել եմ, որ նա դասավանդել է Եվպատորիայի կիրակնօրյա դպրոցում։ Ես ընդհանրապես չեմ իմացել, որ նման մարդ գոյություն ունի։ Ինձ ասում էին, չէ՞ որ Դուք Եվպատորիա էիք գալիս, կարող էիք նրան տեսած լինել։ Ես պատասխանեցի ինչպես իրականում եղել է։ Ղրիմում ճանապարհորդում էի նախեւառաջ միշտ միլիցիայի ուղեկցությամբ, նույն Եվպատորիայում՝ հենց քաղաքի մուտքի մոտ ինձ դիմավորում էին քաղաքագլուխը եւ քաղաքի այլ ղեկավարներ եւ այդպես էլ մեկնում էի։ Այսինքն, հնարավորություն չէի ունենում հենց այնպես քայլելու, նայելու։ Ինձ ճանաչում էին շատ-շատերը. ես հեռուստատեսությամբ, հանդիպումներին էի հանդես գալիս։ Կամ, ասենք, եկեղեցի էի գնում. հազարավոր մարդիկ կային։ Նրանք ինձ տեսնում էին, ես էլ՝ նրանց։ Բայց ես չէի ճանաչում նրանց։ Եթե ինձ մարդիկ էին դիմում, ես ընդունում էի։ Եթե նա դիմեր ինձ, կհիշեի։ Նա ինքն էլ ասել է, որ երբեք ինձ չի դիմել։ – Առեղծվածով է պատված նաեւ Ձեր ազգանվան հարցը։ Ինչո՞ւ սկզբում՝ Շեւյով, հիմա՝ Գասպարյան։ – Այն, որը հիմա կրում եմ, իմ օրինական ազգանունն է։ Իմ հայրն էլ, մայրն էլ ազգությամբ հայ են։ Սակայն մայրս առաջին ամուսին է ունեցել, որը մահացել է իմ ծնունդից շատ տարիներ առաջ։ Եվ երբ իմ ծնողները վերջին աքսորից վերադարձան, տատս պնդեց, որ ես կրեմ Շեւյով ազգանունը, որպեսզի հետագայում ինձ էլ չաքսորեն։ Այս ամենն իմանալով՝ հետագայում ես, բնականաբար, ուզում էի կրել իմ իսկական ազգանունը։ Եվ հենց որպես իսկական հայ էլ ես այսօր այստեղ եմ, որովհետեւ, կարծում եմ, որ կարող եմ ինչ-որ օգուտ տալ իմ ժողովրդին։ Զրուցեց ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել