Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՍՑԵԱՏՈՒՆ՝ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ Է

Հունիս 12,2001 00:00

ՀԱՍՑԵԱՏՈՒՆ՝ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ Է Վերջերս՝ առաջին հրատարակությունից 11 տարի անց, վերահրատարակվեց մեծ գիտնական, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի «Վազգենիկը, լուսեղեն դինոզավրը եւ այլմոլորակայինները» խորագրով գիտահանրամատչելի պատմվածքների ժողովածուն։ Նրա համակիրների մի խումբ կազմակերպել էր այդ գրքի շնորհանդեսը, որին մասնակցեցին նաեւ քաղաքական եւ հասարակական գործիչներ։ Տարբեր քաղաքական նախապատվություններ ունեցող այդ մարդկանց միավորել էր ավագ ընկերոջը հարգանքի տուրք մատուցելու անսպառ ցանկությունը, եւ մի պահ մոռանալով իրենց միջեւ իրական կամ միգուցե եւ մտացածին գաղափարական տարաձայնությունները, նրանք վերապրեցին բարու եւ ճշմարտության հետ հաղորդակցվելու բացառիկ նվիրական հնարավորությունը։ Իր գողտրիկ պատմվածքները, որոնց մի մասը, ի դեպ, ծնունդ է առել տխրահռչակ Բուտիրկայում, որտեղ Ռ. Ղազարյանը, ի թիվս «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալված մնացած անդամների, անց է կացրել մի քանի ձիգ ամիսներ, հեղինակը հասցեագրում է գլխավորապես երիտասարդներին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր, անկախ տարիքից, չեն կորցրել պատանեկան պարզությունն ու անմիջականությունը, մեր ժողովրդի ապագան կերտելու անձնվեր պատրաստակամությունը։ Դժվար է գերագնահատել այստեսակ առաքելության բարոյադաստիարակչական նշանակությունը, ինչը եւ նշեցին գրեթե բոլոր հավաքվածները։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել