Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԶՈՒՐ ՋԱՆՔԵՐ

Հունիս 12,2001 00:00

ԶՈՒՐ ՋԱՆՔԵՐ Հայաստանի ու Ադրբեջանի համագործակցության ուղղությամբ Եվրախորհրդի ջանքերն առանձնապես մեծ արդյունավետությամբ չեն փայլում՝ թեեւ այս սուրբ նպատակի համար Եվրոպան ֆինանսներ չի խնայում։ Արդեն գրել էինք, որ չնայած ՀՀ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանի հուզիչ ճառին՝ կրթության, գիտության ու մշակույթի բնագավառներում համագործակցության կարեւորության մասին, ինչը, ըստ նախարարի, նաեւ կոնֆլիկտի կարգավորմանը կնպաստի, Ադրբեջանի կրթության նախարարը բացառել է ցանկացած մակարդակի պաշտոնական հարաբերություն, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Ձախողման եզրին է նաեւ Եվրախորհրդի մեկ այլ նախաձեռնություն՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի պատմության համատեղ դասագրքի ստեղծումը։ 1998թ. սկսված այս ծրագիրը, որը 2 տարում պետք է ավարտվեր, մինչեւ օրս իրականացված չէ։ Չհրաժարվելով նման հանճարեղ գաղափարից՝ Եվրախորհուրդը երկարաձգում է ծրագրի իրականացման ժամկետը եւ պարբերաբար փոխում դասագրքի ստեղծման սկզբունքները։ Ադրբեջանական կողմի ներկայացրած՝ Ադրբեջանի պատմության տարբերակը շատ քիչ աղերսներ ունի Ադրբեջանի իրական պատմության հետ։ Ադրբեջանական կողմը դրանով խախտել է նաեւ այն չափորոշիչները, որ առաջադրել է Եվրախորհուրդը՝ իրենց պատմությունները՝ ներկայացնող կողմերի համար։ Բայց վերջիններս ներկայացնում են իրենց պատմությունները ըստ իրենց շահերի ու համոզմունքի։ Հիմա էլ Եվրախորհուրդը առաջարկել է ծրագրին մասնակից չորս պետություններին կարծիք հայտնել մյուսների ներկայացրած պատմությունների առնչությամբ։ Բնականաբար, Հայաստանը չպետք է ցանկանա իր պատմությունը ներկայացնել մի դասագրքում, որտեղ Ադրբեջանը ներկայացնում է իր պատմությունը՝ մեր տեսակետից՝ աղավաղված։ Նույնն էլ մտածում են Ադրբեջանը, Վրաստանը կամ Ռուսաստանը։ Այնպես որ, շատ բարդ ու անլուծելի խնդիր է հետապնդում Եվրախորհուրդը՝ ցանկանալով համատեղել անհամատեղելին՝ որքան էլ որ ծրագրի ժամկետը երկարաձգի ու դրա համար միջոցներ ծախսի։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել