Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չէ, ինչ ուզում եք ասեք՝ շատ «ծանրանաֆաս» ազգ ենք։ Սպիտակի մեջ սեւ փնտրող, մեր լուրջ ու տառապյալ կերպ

Հունիս 12,2001 00:00

Մեր սեւ սիրտ՝ ձեր պուտ-պուտ վարտիք Չէ, ինչ ուզում եք ասեք՝ շատ «ծանրանաֆաս» ազգ ենք։ Սպիտակի մեջ սեւ փնտրող, մեր լուրջ ու տառապյալ կերպին գերի դարձած, մեր հոգնատանջությունը դրոշ դարձրած, մեր կրած ցավն ու տառապանքը մազոխիստի պես սիրող ու տեղին-անտեղի հիշող ազգ ենք։ Հիմա ազգիս ազգայնականները բորբոքված կընդդիմանան՝ էլի էս «Առավոտը» ապազգային բաներ է գրում, կամ կփորձեն անխելք «լակոտ-լուկուտիս» բացատրել՝ բա ի՞նչ էիր ուզում, մենք էսքան տանջանք, կոտորած ու եղեռն ենք տեսել, ո՞վ լիներ մեր տեղը՝ դիմանար։ Հետո կավելացնեին՝ բայց մենք կանք ու դիմադրում ենք, ապրում ենք՝ ի հեճուկս մեր թշնամիների, ի հեճուկս թուրքերի, պարսիկների, ռուսների, ամերիկացիների, շվեդների, բեդուինների, ացտեկների, մոնղոլ-թաթար-չին-վիետնամցիների, չուգու-տուկի-մուկ ցեղի, մի խոսքով, բոլոր նրանց, ովքեր մեր է՜ն լավ ժամանակներում ծառից ծառ էին թռչում։ Ու մեկը չի ասում՝ ա՛յ մարդ, ա՛յ հայ, ա՛յ թախծոտ աչքերի տեր, հերի՞ք չի «ի հեճուկս» ապրես, արի՝ մի անգամ էլ «հանուն» ապրիր։ Բավական չի շաբաթ-կիրակիից բացի հանգստանաս մե՛կ սգո օրերին, մե՛կ էլ մինչեւ հիմա էդպես էլ չկողմնորոշված-չընդունված տոն օրերին։ Ի դեպ, տոների մասին։ Չգիտենք մենք ուրախանալ, ի սրտե տոնակատարություններ անել։ Չը՛-գի՛-տե՛նք։ Ամանոր ենք տոնում. դեկտեմբերի վերջին տասնօրյակին այնքան ենք վազվզում-չարչարվում, որ Նոր տարին դիմավորում ենք հալից ընկած, ու ով՝ մտքի մեջ, ով՝ բացահայտ, հայհոյում ենք՝ «Էս Նոր տարվա էլ, Նոր տարի հնարողի էլ…»։ «Մարտի՞ 8, թե՞ ապրիլի 7» ծանր երկընտրանքի մեջ էլ գտան հեշտ ճանապարհը։ Անունը դրեցին «կանանց սիրելու միամսյակ» ու քաշվեցին մի կողմ։ Ոչ ամսվա սկզբին սիրեցին մեզ, ոչ մեջտեղում, ոչ՝ վերջին։ Մարտի 8-ին էլ էին փողոցում նույն թթված դեմքերը, ապրիլի 7-ին էլ, մայիսի 1-ին, մայիսի 9-ին էլ, մայիսի 28-ն էլ՝ ձեզ փեշքեշ։ Մեր տոներն ու սգո օրերն այնքան նման են «նշվում»՝ չնշվելուն հավասարազոր, որ երբեմն չես էլ տարբերակում՝ էսօր տո՞ն էր, թե՞ սուգ։ Ապրիլի 24-ին էլ, մայիսի 3-ին ու 28-ին նույն ֆիլմերն են հեռուստաէկրանին՝ «Սարոյան եղբայրներ», «Մենք ենք, մեր սարերը», «Եռանկյունին» ու նաեւ՝ «Քաջասիրտը» (ըստ երեւույթին՝ շոտլանդացիների ազատագրական պայքարը խիստ նմանեցնում են մերին), «Գլադիատորը» (այստեղ էլ՝ Ջիվան Գասպարյանի դուդուկն է հնչում, ուրեմն՝ շատ էլ հայկական, ազգային ֆիլմ է)։ Եվ ընդհանրապես, նկատե՞լ եք, թե որքան լուրջ ու գաղափարական են մեր տոները՝ Աշխատավորների տոն, Կանանց տոն, Պետականության վերականգնման տոն, Հանրաքվեի օր, Սահմանադրության ընդունման օր, Մեծ հայրենականում հաղթանակի եւ Շուշիի ազատագրման օր… Լրջությունն ուղղակի սպանիչ է։ Մահացու է նաեւ տոների նշման ծանոթ արարողակարգը. երկար-բարակ ճառեր, մտքի գիտաքաղաքական փայլատակումներ, գլխացավանք առաջացնող լրջմիտ հայացքներ։ Փոխարենը՝ նախորդ շաբաթ, Գերմանիայում տոնում էին Ելակի տոնը։ 10,8 մետր շառավղով եւ 90 քմ մակերեսով ելակով տորթ էին թխել մարդիկ եւ ուրախանում էին։ Իսկ տորթը կտրելու պատվին գյուղատնտեսության մինիստրն էր արժանացել։ Ֆրանսիայում օգոստոսին տոնում են Բերքի տոնը, Խաղողի տոնը, Գինու տոնը։ ԱՄՆ-ում հունիսի 9-ին բոլորն իրար շնորհավորում էին Լավագույն ընկերոջ օրվա առթիվ, իսկ 17-ին՝ կնշեն Հայրիկների օրը։ Սուրբ Վալենտինի օրը՝ բավական չէ ողջ աշխարհն է տոնում (որոշ վերապահումներով), դեռ ամերիկացիները, իսպանացիներն ու սիրառատ ֆրանսիացիներն ունեն իրենց ազգային տոները՝ նվիրված սիրուն ու սիրահարներին։ Դեռ մի կողմ թողնենք Առաջին համբույրի, Կակաչների, Համբուրգերի ու Պաղպաղակի տոները, որ հաճույքով նշում են Եվրոպայում կամ Ամերիկայում, իսկ Գերմանիայում Գարեջրի տոնը նշվում է գրեթե պետական մակարդակով։ Հիշենք թեկուզ ինչպես են նշում գլխավոր տոնը՝ Անկախության օրը Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում… Մարդիկ ի սրտե ուրախանում են, երգում-պարում, ժողովրդական տոնախմբություններ կազմակերպում։ Ու թեեւ նրանց մոտ ոչ աշխատանքային տոն գրեթե չկա, բայց նույնիսկ աշխատանքային օրերին կամ հիմնականում հանգստյան օրերի հետ համընկնող տոներին մարդիկ գտնում են զվարճանալու ճանապարհը։ Եվ ինչպես զվարճանում, տոն են նշում, այնպես էլ ապրում են՝ թեթեւ, հանգիստ ու անհոգ։ Իսկ մենք ինչպես ապրում ենք՝ հոգնած, ծանրումեծ, աջերի ու ձախերի արանքում, անվերջ դավադրությունների ու դատավարությունների մեջ, այնպես էլ տոնում ենք մեր լուրջ տոները։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել