Լրահոս
Օրվա լրահոսը

Սեֆեւյանների

Հունիս 12,2001 00:00

ԼԱՋՎԱՐԴ ԳՄԲԵԹՆԵՐԸ ՍՊԱՀԱՆԻ Սեֆեւյանների շքեղաշուք մայրաքաղաքը հյուրընկալեց հայ արվեստագետներին, որոնք հինգշաբթի, հունիսի 7-ին մեկնել էին Իրան՝ ցուցահանդեսի։ Նոր Ջուղայում երեք օր հիանալով իրանական եւ հայկական ճարտարապետական հուշարձաններով, նրանք վերադարձան Թեհրան։ Կես տարվա նախապատրաստական աշխատանքից հետո, ի վերջո, երկուշաբթի՝ հունիսի 11-ին Իրանի Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց Հայաստանի ժամանակակից արվեստի ցուցահանդես։ Իրանահայ մոդեռնիստների աշխատանքների ցուցահանդեսը ընդլայնում է այս մեծածավալ ցուցահանդեսի ընդգրկումը։ Ժանետ Լազարյանը, որը ճանաչված լրագրող է Իրանում, չհանդուրժելով ռաբիս եւ վերնիսաժային ապրանքը Հայաստանի ժամանակակից արվեստ ներկայացնելու փորձերը, ձեռնարկեց ցուցահանդեսի կազմակերպումը։ Իրանի ժամանակակից արվեստի թանգարանում բացված այս ցուցահանդեսին մասնակցել են Թենի Վարդանյանը, Հերիքնազ Գալստյանը, Արարատ Սարգսյանը, Ազատ Սարգսյանը եւ բազում այլ նկարիչներ։ Գյումրիի Ժամանակակից արվեստի կենտրոնի կողմից «Ստիլ Գալերեայի» տնօրեն Արտուշ Մկրտչյանը եւ Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանը իրենց տիկնանց հետ եւս մեկնել են Իրան։ Իրանի դեսպանատան մշակույթի բաժնի վարիչ պրն Մոհսեն Աբութալեբիի ջանքերով հնարավոր դարձավ, որ վերոնշյալ արվեստագետների եւ մյուս մասնակիցների ավելի քան 200 աշխատանք ապահով փոխադրվի Իրան։ Ցուցահանդեսի առթիվ տպագրվել է եռալեզու (հայ-պարսկ. -անգլ.) կատալոգ (ձեւավորող՝ Արմեն Սեղբոսյան)։ Բացմանը ներկա էին մշակույթի նախարարի տեղակալը, թանգարանի տնօրեն դոկտոր Սամիի Ազարը, Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, իրանահայ պատգամավոր դոկտոր Լեւոն Դավթյանը, Իրանում եվրոպական երկրների դեսպաններ, արվեստագետներ եւ լրագրողներ։ Դոկտոր Սամիի Ազարը նշել է, որ ամենաաբստրակտ աշխատանքի մեջ անգամ զգացվում է հայկականությունը, եւ որ այս գործերը միջազգային որակի աշխատանքներ են։ Իրանահայ արվեստագետ Մարկուս Գրիգորյանին պարսիկ արվեստագետները անհամբերությամբ էին սպասում, սակայն, ցավոք, նրանք ստիպված կլինեն ավելի ուշ դիմավորել նրան։ Կկազմակերպվի մեծարանքի երեկո եւ ասուլիս՝ ի պատիվ բազմավաստակ արվեստագետի, որը համարվում է հող-արվեստի հիմնադիրը Իրանում։ Արարատ Սարգսյանը Արվեստագետների տանը կներկայացնի հիսուն լեզուների հնչունային եւ գրային գրաֆիկական աշխատանքը եւ մեկ շաբաթ կաշխատի իրանցի պատանիների հետ։ Հայ կինոյի փառատոնը 25-օրյա հայկական ցուցահանդեսի բաղկացուցիչ այլ բաժինն է։ Միքայել Ստամբոլցյանի ընտրությամբ Թեհրանում կցուցադրվի 6 հայկական ֆիլմ։ «Ուրախ ավտոբուսը», «Խնձորի այգին», «Կորուսյալ դրախտ», «Տերը», «Մատենադարան» շարքից՝ «Թորոս Ռոսլին», եւ մեծն Փարաջանովի «Նռան գույնից» հատվածներ, ինչպես նաեւ «Փիրօսմանի» եւ «Նաղաշ Հովնաթան» կարճամետրաժ ֆիլմերը։ Ամեն մի ցուցադրումից հետո Ստամբոլցյանը կպատասխանի հայ կինոյի մասին հարցերին։ Ցուցահանդեսին արդեն արձագանքել են իրանական բազմաթիվ թերթեր, ինչպես նաեւ Իրանում տպագրվող միակ հայկական օրաթերթ «Ալիքը»։ Ցուցահանդեսը նվիրվում է քաղաքակրթությունների երկխոսության տարվան եւ Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակին։ Ողջունում ենք մասնակից հայ արվեստագետներին, կազմակերպիչներին,Հայաստանում Իրանի եւ Իրանում՝ Հայաստանի դեսպանատներին՝ հայ մշակույթի ճանաչմանը նվիրված այս գեղեցիկ ցուցահանդեսի առթիվ։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել