Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Հունիս 12,2001 00:00

ՈՎ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԽՈՍԵԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ Հարցազրույց «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի հետ -Ինչպե՞ս եք վերաբերվում այն խոսակցություններին, որոնք առնչվում են ղարաբաղյան տարածքների փոխզիջման խնդրին, բանակցություններին։ – Ի սկզբանե ասեմ, որ Ղարաբաղի կարգավորման գործընթացը դեռ գտնվում է վտանգավոր փուլում։ Շատ քաղաքական ուժեր Ժնեւի բանակցությունների հետաձգման լուրն առնելով՝ գտնում են, որ մտահոգվելու հարց չկա։ Մեր ունեցած տեղեկություններով, շատ ակտիվ գործունեություն է ծավալվել, բայց՝ փակ։ Կարծում եմ, մի քանի շաբաթ հետո այս լռության արդյունքը բոլորս կտեսնենք։ Քի Ուեսթի վերջին տարբերակը, որը մատուցվեց մեզ, Հայաստանի իշխանության կողմից ընդունվել է, Ադրբեջանի իշխանության կողմից չի ընդունվում (Ալիեւն, այսպես ասած, իր անձնական հարցերն է լուծում), իսկ այն ասեկոսեները, թե ժողովուրդները պատրաստ չեն փոխզիջումների, կարող եմ ասել, որ Ադրբեջանի ժողովուրդը, իմ կարծիքով, վաղուց պատրաստ է Ղարաբաղը զիջելու մտքին։ Ադրբեջանի ժողովուրդը մոռացել է Ղարաբաղի հարցը, եւ նա չի գնա այլեւս պատերազմի Ղարաբաղի համար։ Մենք հաղթել ենք այդ պատերազմը, որովհետեւ հակառակորդը գիտեր, որ այդ տարածքը իրենը չի։ – Փաստորեն, ասվում է, որ Հայաստանի իշխանությունները համաձայն են, Ադրբեջանի իշխանությունները՝ ոչ, Ադրբեջանի ժողովուրդը համաձայն է, Հայաստանինը՝ ոչ։ – Այդպես չէ, որ երկու իշխանությունները համաձայն են եւ պիտի «աշխատեն» ժողովուրդների «վրա»։ Եվ այս հանգրվանը վտանգավոր է այն իմաստով, որ հիմնական աշխատանքն ընկնում է մեր ժողովրդի վրա, ժողովրդին քարոզչական, այլ-այլ ճնշումներով փորձելու են ազգային ոգին ջարդել։ Այս ամենին հետեւելով՝ զարմացնում է ինձ տարբեր քաղաքական ուժերի սառնասիրտ կեցվածքը, երբ Վարդան Օսկանյանը բացահայտ ասում է, որպես տարածքներ պետք է վերադարձնենք, երբ Ռոբերտ Քոչարյանը օդանավակայանում հաստատում է իր ԱԳՆ-ի արտահայտած խոսքերը, երբ Սերժ Սարգսյանը խորհրդարանում ինչ-որ չափով նաեւ ձեռ է առնում այն մարդկանց, ովքեր կոչում են «Աղդամը ազատագրված է»։ Անշուշտ, Աղդամն ազատագրված է։ Ճիշտն ասած, ինձ համար ցավալի է, որ պաշտպանության նախարարի կողմից այդպիսի «սայթաքում» է տեղի ունենում։ Ճնշող էր նաեւ այն պահը, երբ պատգամավորը ԱԺ-ում հայտարարեց՝ «Աղդամը ձեռի հետ ենք վերցրել», բոլոր պատգամավորները նախարարի հետ հռհռացին։ Ինձ համար շատ վիրավորական է։ Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ Աղդամը ձեռի հետ չի վերցված։ Աղդամը «վերցնելու»-ազատագրելու համար մենք տասնյակ զոհեր ենք տվել։ Նրանք մոռանում են, որ այդ զոհերի շիրիմներն իրենք խաթարում են իրենց հռհռոցով։ Ցավում եմ, որ թե պատգամավորները, թե գործադիրի ներկայացուցիչը մինչեւ օրս չեն հասկացել Աղդամի ազատագրման ռազմավարական մեծ նշանակությունը Արցախյան ազատամարտում, որի մասին ես երկար կարող եմ խոսել։ Մեր ներազգային մթնոլորտը շատ վատ է։ Եվ օտարի սպասարկած քարոզչությունը իր արդյունքին հասել է։ Նույնը, դժբախտաբար, լսեցիք եւ Արկադի Ղուկասյանից։ Ազատագրած տարածքները նա կոչում է «զբաղեցրած», իսկ նրա քաղաքական գծով խորհրդական Մանվել Սարգսյանը՝ «Ղարաբաղի բանակի վերահսկողության ներքո գտնվող տարածք»։ Ես զարմանում եմ. ինչու են վախենում կոչել «ազատագրված»։ Ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել, որ ոչ մի նախագահ, հայ իշխանավոր իրավունք չունի հայկական տարածքներ վերադարձնելու մասին խոսելու, անգամ մտածելու։ Այդ տարածքներն ազատագրել է այս ազգի սերուցքը։ Այսօրվա իշխանավորները այս ազգի սերուցքը չեն։ Իրենք իրավունք չունեն այդ տարածքների մասին խոսելու։ Ինչ-որ անուններ «կպցնելու»։ – ԼՂՀ նախագահի քաղաքական գծով խորհրդականն ասաց, թե «Սահմանազատված տարածքների խնդիրը ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի մենաշնորհն է»։ Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը։ – Ես մոտավորապես հասկանում եմ Մանվել Սարգսյանի ասածի ենթատեքստը, որտեղ նույնպես կա «սահմանազատում» բառի տակ քողարկված տարածքներ վերադարձնելու խնդիրը։ Եվ ասել, թե խնդիրը վերաբերում է միայն ԼՂՀ-ին եւ Ադրբեջանին, ինձ համար անհեթեթ է։ Ղարաբաղի հարցը ընդհանուր հայաստանյան հարց է։ Ասվածի մեջ նաեւ այն միտքն է, թե մենք՝ ղարաբաղցիներս ենք վերցրել, մենք էլ կորոշենք՝ ինչ անել։ Այդպես չէ։ Ղարաբաղցի-հայաստանցի չկա. հայերս ենք ազատագրել, հայերս էլ կորոշենք՝ ի՞նչ անել։ Ես մտավախություն ունեմ, որ գալիք օրերին այս նույն Հայաստանի իշխանավորների պարտվողական-զիջողական տրամադրությունները արտահայտվելու են Արցախի իշխանավորների կողմից։ Չի մարսվելու։ Այդ զիջողական միտքը հայաստանյան իշխանությունները կուզենան, որ հնչի Ղարաբաղից՝ պաշտոնյաների բերանով։ Ոչ ժողովրդի, որը, համոզված եմ, այդ ծրագրին դեմ է։ Բայց ես հուսով եմ, որ Արցախի նախագահը չի ենթարկվելու հայաստանյան իշխանավորների թելադրանքին։ Անշուշտ, ճիշտ կլիներ Ղարաբաղին բանակցություններից հեռու չպահելը։ Եթե Արցախը չմասնակցի բանակցություններին՝ որպես բանակցային լիիրավ կողմ, վստահ եղեք, այդ բանակցությունները տապալվելու են։ Այսօրվա իշխանությունները շատ ավելի վնասակար, տհաս քայլերի են գնում, քան նախորդները, որոնց անխնա քննադատել ենք։ – Իշխանափոխությունից առաջ բոլոր տիպի բանակցությունների մասին գիտեր այս երկրում 6 անձ։ Իսկ գուցե քաղաքական ուժերը չեն կողմնորոշվում, որովհետեւ չգիտեն։ – Ճիշտ չեմ համարում քաղաքական այն գործիչներին, որոնք հայտարարում են, որ տակավին համապատասխան ինֆորմացիա չունեն, որպեսզի կարողանան կողմնորոշվել։ Բոլորը գիտեն Քի Ուեսթում ինչպիսի բանակցություններ են ընթացել։ Բոլորը գիտեն, թե Ռ. Քոչարյանն իր խմբով ինչպիսի մտադրություն ունի ղարաբաղյան խնդիրը լուծելու։ Բոլորի համար հստակ է, բայց բոլորը սուտ են խոսում։ Հայերս հայերի նկատմամբ դարձել ենք դիվանագետներ եւ մրցում է գնում, թե ով ավելի «դիվանագետ» է։ Բոլորս գիտենք, որ Քերի Քավանոն մայիսի 10-ին հանդիպել է Նյու Յորքում ԱՄՆ համայնքի ներկայացուցիչների հետ, այնտեղ կուսակցությունների ներկայացուցիչներն էլ են եղել։ Քավանոն այնտեղ ասել է, որ Ալիեւի եւ Քոչարյանի միջեւ բանավոր պայմանավորվածություն է տեղի ունեցել, որ 1000 թուրք վերադառնալու է Շուշի, գիտենք Շուշի-Ֆիզուլի «ազատ» ճանապարհի մասին։ Բաքվում Ալիեւը Քավանոյին ասել է. «Չէ, Շուշին մենք ամբողջությամբ ենք ուզում»։ Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել