Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարցազրույց կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ինստիտուտի կոմերցիոն գծով փոխտնօրեն Վլադիմիր Գ

Հունիս 12,2001 00:00

ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԱՊՕՐԻՆԻ ԷՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՒՄ Հարցազրույց կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ինստիտուտի կոմերցիոն գծով փոխտնօրեն Վլադիմիր Գասպարյանի (Շեւյով) հետ։ -Դուք պնդում եք, որ դեմ եք ինստիտուտի սեփականաշնորհմանը։ -Այո՛։ Սկզբում, երբ եկա ինստիտուտ, ինձ ասացին, որ այն սեփականաշնորհվում է, հանդիպեցի կոլեկտիվի հետ, լսեցի նրանց, առաջարկեցի համագործակցության իմ տարբերակները։ Ամենասկզբում կոլեկտիվի հետ եղել է այդ խոսակցությունը։ Բայց հետո իմացա, որ ինստիտուտը սեփականաշնորհվում է ապօրինի. օրենքը խստորեն արգելում է սեփականաշնորհել ֆունդամենտալ գիտությամբ եւ բուժական ռեսուրսներով զբաղվող ինստիտուտը։ Երկրորդը՝ երբ իմացա, որ ինստիտուտն ունի նաեւ վերահսկիչ ֆունկցիա՝ բուժական ռեսուրսների նկատմամբ, կոլեկտիվի ժողովում հայտարարեցի, որ չի կարելի ինստիտուտը սեփականաշնորհել։ Պետությունը պետք է ինչ-որ առաջնայնություններ ունենա, այդ թվում եւ առաջնայնություն՝ հետազոտելու Հայաստանի բուժական ռեսուրսները։ Որովհետեւ այստեղ ոչ միայն ֆիզիկական թերապիան է, այլեւ կուրորտաբանությունը։ Եթե 1930-ին երկու-երեք գիտնական հանդես են եկել այս ինստիտուտը ստեղծելու առաջարկությամբ եւ ստեղծել են, երբ երկիրը շատ վատ վիճակում էր, այժմ, երբ 70 տարվա փորձ է կուտակվել, ուղղակի մեղք է այն փակել։ Սա է իմ համոզմունքը։ – Դուք գիտեի՞ք կոլեկտիվի այն մտավախության մասին, որ սեփականաշնորհման դեպքում ամենահավանական գնորդը դուք եք եւ, որ հենց այդ դեպքում այն կկորցնի իր պրոֆիլը։ – Ամենասկզբում այդ խոսակցությունը եղավ։ Բայց հետո ես պայմանագրի շատ հետաքրքիր տարբերակ առաջարկեցի, որով կոլեկտիվի իրավունքների պաշտպանության երաշխիքները կային։ Բայց հետո, երբ ես հրաժարվեցի, ուրիշ խոսակցություններ եղան, որ ա՜յս մարդիկ են ուզում գնել, ա՜յն մարդիկ՝ արտասահմանում, տեղացի, այստեղ ինչ-որ փողեր լվանալու համար եւ այլն։ Դա արդեն ինձ հետ կապված չէր։ – Դուք Ձեր կարծիքը հայտնե՞լ եք նաեւ հարցով շահագրգիռ իրավասու անձանց, օրինակ՝ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանին։ – Ես հանդիպել եմ նրա հետ եւ ասել եմ նրան, որ սա գիտահետազոտական ինստիտուտ է, ինչը չի կարելի մոռանալ եւ վաճառել այն իբրեւ հյուրանոց։ Չի կարելի նոր հյուրանոցների կառուցումը եւ հների վերանորոգումը շփոթել գիտահետազոտական ինստիտուտի հետ, որը զբաղվում է կուրորտաբանությամբ եւ բուժական տուրիզմով։ – Իսկ պրն Վարդանյանն ի՞նչ ասաց։ – Ոչինչ, խոսակցությունը ոչնչով չավարտվեց։ Նա ասաց, որ իրենք իրենց պլաններն ունեն։ – Որքան տեղյակ եմ, պետք է հայտարարվի միջազգային տենդեր։ – Այդ մասին նախարար Վարդանյանը հայտարարել է այստեղ՝ կոլեկտիվի ակտիվի հետ հանդիպմանը։ Տարածվում են անհեթեթ լուրեր, որ ինչ-որ մեկը ցանկանում է 20 մլն տալ ինստիտուտի համար։ Ուղղակի անհեթեթ լուրեր, որոնք լսելը ծիծաղելի է։ Ես մի բան գիտեմ. այս կոլեկտիվը եւ այս ինստիտուտը կարող են հանգիստ գոյություն ունենալ՝ առանց պետությունից խոշոր սուբսիդիաներ խնդրելու։ Երբ նախագահի խորհրդական Ռ. Դավոյանից կոլեկտիվը նամակ ստացավ, որտեղ նա գրում էր, որ այստեղ պահանջվում են կապիտալի խոշոր ներդրումներ, որը ոչ կոլեկտիվն ունի, ոչ պետությունը, ուղղակի ծիծաղելի էր։ Որովհետեւ ոչ ոք այստեղ չի եկել, ոչ ոք չի հաշվել, չի հետաքրքրվել, չի նայել, թե իրականում ինչ է պետք։ Կոլեկտիվն ուզում է ինքնուրույն աշխատել, իրեն պահել եւ միայն մի բան է ասում՝ մի խանգարեք։ – Դուք, որպես տնօրենի կոմերցիոն հարցերով տեղակալ, այստեղ աշխատում եք անցյալ տարվա նոյեմբերից։ Հնարավոր է, որ ինստիտուտը գնելու մտադրությունից հրաժարվեցիք այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ հայտարարվելու է միջազգային տենդեր եւ Ձեր շանսերը գրեթե զրոյի են հավասարվում։ Կարելի՞ է արդյոք սեփականաշնորհման դեմ Ձեր ակտիվ պայքարը բացատրել այս հանգամանքով։ – Ո՛չ, որովհետեւ այդ մասին իմ որոշումն ընդունվել է մինչեւ այս բոլոր ասեկոսեներն ու խոսակցությունները։ – Ի՞նչ որոշում։ – Որ ինստիտուտը չի կարելի սեփականաշնորհել։ Այդ պատճառով ես ժխտում եմ այս բացատրության հնարավորությունը։ Ես ուզում եմ ասել, թե ինչով էր ինստիտուտն ինձ հետաքրքիր. այն նոր տեխնոլոգիաները, որոնք ես բերել եմ, այն, ինչով զբաղվում եմ, հենց ֆիզիկական բժշկությունն է։ Այստեղի բազայի վրա շարունակել այդ աշխատանքները, ինստիտուտի փորձառու մասնագետների հետ ստեղծել նոր ծրագրեր, սա քայլ է առաջ, դեպի ապագա՝ ինձ համար, հնարավորություն՝ այստեղ ստեղծելու մի բան, որը Հայաստանին գումարներ կբերի։ Սա նաեւ մասնագետների պատրաստում է, ընդ որում, հիմա՝ անվճար։ – Ի՞նչ մասնագիտություն ունեք։ – Տնտեսագետի։ – Ի՞նչ առնչություն ունեք բժշկությանը։ – 1987-ից, երբ մի բժիշկ ինձ մոտեցավ եւ ներկայացրեց այս տեխնոլոգիան, մենք շատ երկար ճանապարհ անցանք՝ կլինիկական փորձարկումներ ԽՍՀՄ 11 ինստիտուտներում՝ Մոսկվայի, Լենինգրադի, Կիեւի հիվանդանոցներում։ Միասին էինք աշխատում՝ մի քանի ծրագրեր ստեղծվեցին, հետո այդ պրոցեսը կոմպյուտերիզացվեց։ Տարիների ընթացքում ոլորտն ինձ հարազատ դարձավ։ Տեխնոլոգիան ունի համապատասխան սերտիֆիկատ, պահպանված են հեղինակային իրավունքները։ Իսկ այն նոր տեխնոլոգիաները, որոնք այստեղ են մշակվելու, բնականաբար, կլինեն ինստիտուտի մասնագետների հեղինակային սեփականությունը, իսկ պատենտի դեպքում տերը ինստիտուտն է։ Ես այստեղ աշխատում եմ պայմանագրային հիմունքներով։ – Կոլեկտիվը մի որոշ ժամանակ առաջ ժողով արեց եւ սեփականաշնորհման շուրջ իր կարծիքը հայտնեց։ Դուք պնդում եք, որ կոլեկտիվի հետ եք։ Ինչո՞ւ այդ ժողովին ներկա չէիք. դրանով կարող էիք ցրել բոլոր բամբասանքները։ – Այո, այդ օրը չկայի։ Բայց մինչեւ ժողովը, կոլեկտիվի ակտիվի հետ տնօրենի սենյակում այդ հարցերը քննարկել ենք։ Եթե օրենքում հստակ ասված է, որ ԳՀՀ-ն չի կարող սեփականաշնորհվել, ինչո՞ւ է ընդհանրապես այս հարցը բարձրացվել։ Ի վերջո, պիտի լինի՞ օրենքի գերակայություն բոլորի համար։ Ես հավատում եմ, որ օրենքը կհաղթանակի եւ, ամեն դեպքում, ես կոլեկտիվի հետ եմ։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Վլադիմիր Գասպարյանի հետ զրույցի քաղաքական հատվածը կներկայացնենք վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել