Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ՍԿՍՎԱԾ Է

Հունիս 12,2001 00:00

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ՍԿՍՎԱԾ Է Սկսված է «Մարս» ՓԲԸ-ի մասնավորեցման գործընթացը։ Քաղաքականությունը կմիջամտի այս ձեռնարկության մասնավորեցմանը եւս։ Մինչ այժմ կատարված քայլերը արդեն որոշ հարցեր են ծնում։ «Մարսի» տնօրեն Ստեփան Դեմիրճյանը պատասխանելով մեր հարցերին մասնավորապես ասաց, որ «Մարսի» վերաբերյալ, ըստ էության, եղել է մեկ առաջարկ՝ կոլեկտիվի առաջարկը, որը վերաբերում է ե՛ւ ամբողջ գործարանին ե՛ւ նրա մի մասին։ Որեւէ այլ առաջարկ չի եղել։ Մյուս առաջարկներն ինչ-որ անորոշ մտադրություններ են։ Փաստորեն, կոլեկտիվի առաջարկներն արդեն հայտնի են մասնավորեցման հանձնաժողովի անդամներին, եւ որեւէ երաշխիք չկա, թե դրանք հայտնի չեն դառնա այն կողմերին, որոնք միայն մասնավորեցման գործընթացին մասնակցելու մտադրություն են ներկայացրել։ Այսպիսով, գործարանի կոլեկտիվն ի սկզբանե հայտնվում է անհավասար պայմաններում։ Ի դեպ, գործարանը դեռեւս 97-98 թթ. մեկ անգամ եւս ներկայացվել է միջազգային մրցույթի։ Այս առիթով Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Երեք տարի փորձում էին վաճառել անհեթեթ սկզբունքով, զուտ որպես տարածք։ Տեսանք, թե ինչ ստացվեց։ Դա, վնասից բացի, գործարանին ոչինչ չտվեց։ Իսկ կոլեկտիվը գիտի ինչ անել, ներկայացված ծրագիրը իրատեսական է, եւ անհրաժեշտության դեպքում կոլեկտիվն ավելի արագ նոր գործընկերներ կգտնի»։ Գործարանի տնօրենի հավաստմամբ, այս պահին «Մարսը» որեւէ պարտք չունի ոչ բյուջեի մասով, ոչ էլ աշխատավարձերի։ Աշխատողների միջին աշխատավարձը 35-40 հազար դրամ է, սարքավորումները լավ վիճակում են։ Հաջողվել է գործարանն այս վիճակում պահել բացառապես կոլեկտիվի ջանքերով։ Ըստ ներկայացված ծրագրի, մասնավորեցման դեպքում գործարանի արտահանումը կկազմի 90%, կտրուկ կաճեն արտադրանքի ծավալները, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կապահովվի աշխատավարձի էական աճ։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել