Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՆՏԱԺԸ՝ ՈՐՊԵՍ ԳՈՐԾ «ԹԽԵԼՈՒ» ՄԻՋՈՑ

Հունիս 12,2001 00:00

ՇԱՆՏԱԺԸ՝ ՈՐՊԵՍ ԳՈՐԾ «ԹԽԵԼՈՒ» ՄԻՋՈՑ «Առավոտին» հայտնի դարձավ, որ օրեր առաջ հայտնած այն մտավախությունը, թե «Օգոստոսի» նախկին աշխատակիցների աշխատանքային պայմանագրերն ու հասցեները պահանջած ստուգողները փորձելու են վերջիններիս միջոցով գործ «թխել» գործակալության դեմ, ցավոք, իրականություն է դառնում։ Մեր տեղեկությունների համաձայն, ստուգողներին հաջողվել է գտնել գործակալության՝ ժամանակին աշխատանքից հեռացված աշխատակից Սարգիս Մնացյանին, որը հանձն է առել գործակալությունում նախկինում եւ այսօր աշխատող իր երբեմնի ընկերներին համոզել կեղծ հայտարարություններ անել, թե իրենք գործակալությանը ամսեկան հարյուր ամերիկյան դոլար են տվել, վստահեցնելով, որ նույնաբովանդակ հայտարարություն ինքն ու մի քանի հոգի արդեն արել են։ Ավելին, նա հավաստիացրել է, թե ստուգումներից հետո գործակալությունը, միեւնույն է, լուծարվելու է եւ նրա վաճառքի կետերն իրենն են լինելու։ Մենք փորձեցինք ճշտել, թե արդյոք Ս.Մնացյանն իրականում աշխատե՞լ է գործակալությունում։ Մեզ տեղեկացրին, որ այդ երիտասարդն աշխատել է գործակալության՝ մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակի» կայանում տեղակայված կետում եւ 99-ի հուլիսի վերջին գործակալությունից ստացված ապրանքի դիմաց չվճարելու եւ ապրանքը չվերադարձնելու, աշխատանքային պայմանագրի կետերը խախտելու համար հեռացվել է աշխատանքից։ Ավելին, գործակալությունը բազմիցս դիմել է մետրոպոլիտենի Ոստիկանության վարչության պետ պարոն Սաֆարյանին, ապա՝ նրա տեղակալ Դ.Մուրադյանին՝ տեղյակ պահելով, որ, ըստ կնքված պայմանագրի, աշխատանքից հեռացված Ս.Մնացյանն ապօրինաբար շարունակում է աշխատել գործակալության վաճառակետում։ Դիմումներն, իհարկե, մնացել են անպատասխան։ Թե ինչո՞ւ է ոստիկանությունը հովանավորել Ս.Մնացյանին, կարելի է ամենահեռուն գնացող ենթադրություններ անել։ Հիշյալ կետը Մնացյանից ազատվել է միայն 2001-ի ապրիլին։ Փոխարենը այսօր հարկային տեսուչներն ու «օպերները» այդ մարդուն գործիք են դարձրել գործակալության դեմ կեղծ հայտարարություններ հավաքելու համար։ Ձեռագիրն, ինչպես տեսնում եք, տիպիկ «մենթական» է։ Չի բացառվում, որ ստուգողների ձեռնարկած այդ քայլերն առաջիկայում բարձրաձայնեն։ Իսկ «Օգոստոս» գործակալությունում դրան սրտատրոփ սպասում են։ Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել