Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ Պետական դումայի նախագահ Գենադի Սելեզնյովը կիրակի օրը Մոսկվա մեկնելուց առաջ Հայաստանի խորհրդարանու

Հունիս 12,2001 00:00

«Պահպանում ենք արտաքին սահմանները» ՌԴ Պետական դումայի նախագահ Գենադի Սելեզնյովը կիրակի օրը Մոսկվա մեկնելուց առաջ Հայաստանի խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց մի քանի հարցերի։ «Հոկտեմբերի 27»-ից մի քանի օր անց, այն ժամանակ դեռեւս ՌԴ վարչապետ Վլ. Պուտինը հայտարարեց, թե Հայաստանի խորհրդարանում սպանվել են ռուսական ուղղվածության պետական եւ քաղաքական գործիչներ։ «Առավոտին» հետաքրքրում էր, թե «Հոկտեմբերի 27»-ից հետո, ըստ Պետդումայի նախագահի, ինչ է փոխվել հայ-ռուսական հարաբերություններում։ Պրն Սելեզնյովն ընտրեց առավել անմեղ պատասխան. «Այսօր մեզ համար ավելի քիչ են դառնում փակ թեմաները, այնպիսիք, որոնց շուրջ անհարմար է խոսել։ Սա ինձ շատ է ուրախացնում։ Ե՛վ քաղաքական գործիչները, ե՛ւ պատգամավորները, ե՛ւ մեր կառավարություններն ամենաանհարմար հարցերի շուրջ բանավիճում են, հստակեցնում են դիրքորոշումները։ Իհարկե, յուրաքանչյուրն իր գործնական շահերն է պաշտպանում, բայցեւայնպես, այսօր մեր միջեւ չկան հարցեր, որոնց մասին անհարմար է խոսելը։ Մենք հանդիպեցինք ձեր պատգամավորներին, խոսեցինք մի շարք վիճելի հարցերի շուրջ, ինչպես օրինակ, ռուսաց լեզվի ներդրման։ Մենք լսեցինք ե՛ւ ձեր վարչապետի կարծիքը, որը գտնում է, որ ռուսաց լեզվի ներդրմանն ուղղված փոփոխությունները չի կարելի ընդունել, բայց եւ լսեցինք բուհերի ռեկտորների, որոնք գտնում են, որ փոփոխություններն անպայման հարկավոր են։ Եվ, գիտեք, այս ամենը շատ բարեհաջող կանդրադառնա մեր փոխհարաբերությունների վրա»։ «Ռուսաստան-Բելառուսին» վերաբերող HTB-ի հարցին, պրն Սելեզնյովը պատասխանեց՝ ասելով, որ «Ռուսաստան-Բելառուսը» բաց է, եւ երկրները կարող են միանալ։ Ավելի ուշ, պրն Սելեզնյովը հայտնեց, որ ՀՀ նախագահի հետ իր հանդիպման ժամանակ նախագահ Քոչարյանը կարծիք էր հայտնել, թե առայժմ վաղ է խոսել Հայաստանի անդամակցության մասին։ Թեպետ, պրն Սելեզնյովը Հայաստանում գտնվելու օրերին համոզվել է, որ ոչ միայն Հայկոմկուսը, այլեւ մի շարք այլ քաղաքական ուժեր, քննում են միությանն անդամակցելու հարցերը։ «Բի-Բի-Սի»-ի հարցը՝ վերջին շրջանում առաջին հայացքից երկու իրար հակասող միտում է նկատվում՝ մի կողմից խորացել է ռուս-հայկական ռազմական համագործակցությունը, մյուս կողմից՝ ակնհայտորեն ջերմացել են ռուս-ադրբեջանական քաղաքական հարաբերությունները, պրն Սելեզնյովին մի փոքր տարօրինակ թվաց։ Իր պատասխանում նա մասնավորապես ասաց, որ ռուսական ռազմական բազաների գոյությունը Հայաստանում, երբեք չի նշանակում, թե դրանք ուղղված են որեւէ պետության դեմ։ Իսկ այն, որ Ռուսաստանը զարգացնում է նաեւ ռուս-ադրբեջանական փոխհարաբերությունները, ըստ Դումայի նախագահի, եւս հասկանալի պետք է լինի, քանի որ Ռուսաստանը բազմաթիվ հետաքրքրություններ ունի Ադրբեջանում, նաեւ՝ ամբողջ Կովկասում. «Այստեղ որեւէ հակասություն չկա։ Ադրբեջանը հրաշալի հասկանում է, թե ինչի համար ենք մենք այստեղ ռազմական բազաներ պահում։ Մենք, ըստ էության, Հայաստանի հետ պահպանում ենք արտաքին սահմանները։ Սա օրինակ է, որ միասնական ուժերով կարելի է ոչ միայն պահպանել սահմանները, այլեւ, անհրաժեշտության դեպքում՝ արդեն որպես ստրատեգիական գործընկեր, հայտարարել, որ Հայաստանի ինքնավարության դեմ ցանկացած ոտնձգություն կնշանակի նաեւ ոտնձգություն Ռուսաստանի դեմ»։ ՌԴ Պետդումայի նախագահ Գ. Սելեզնյովը եւ ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը ստորագրեցին համատեղ հայտարարություն՝ երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման մասին։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել