Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ

Հունիս 12,2001 00:00

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ» ՁԵՐ ՀԱՄԱԽՈՀԸ ՉԷ» ՀՀԿ 6-րդ համագումարը եւս հակված չէր առավել սրել կամ կոնկրետացնել իրավիճակը։ Կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի խոսքում տեղ-տեղ տպավորություն էր ստեղծվում, թե այ-այ հենց հիմա վարչապետը կասի իր վճռական խոսքը։ Սակայն սահուն անցումները հերթական անգամ հիասթափեցնում էին։ «Միասնություն» դաշինքի մասով խիստ նմանվում էին ՀՀԿ եւ ՀԺԿ նախագահների զեկուցումները։ Դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարները միանման պնդում են, թե դաշինքի պահպանումը ինքնանպատակ չէ, բայց եւ անհրաժեշտություն է։ Անդրանիկ Մարգարյանը իր զեկուցման մեջ մեղադրանք հնչեցրեց այսպես կոչված «ոմանց» հասցեին, «որոնք իրենց ինչ-ինչ խնդիրները լուծելու, քաղաքական դաշտում նոր վերաձեւումներ անելու, մյուսները՝ այդ դաշտում վերջապես ինքնահաստատվելու ակնկալիքով» անհամբեր սպասում էին, նաեւ միջամտում դաշինքի փլուզմանը։ Թերեւս պրն վարչապետը մոռացել էր, որ հենց իր կուսակցության ներսում էին տեղի ունենում դաշինքի փլուզմանն ուղղված քայլեր եւ, որ իր կուսակիցներն էին առաջարկում ՀԺԿ-ին՝ դուրս գալ դաշինքից։ ՀԺԿ-ն էլ իր հերթին գնդակը ետ էր ուղարկում, պնդելով, թե ով ուզում է՝ կարող է ինքը դուրս գալ։ Արդյունքում՝ «Միասնությունը» շարունակում է գոյատեւել։ Ոչ ոք չի ուզում դաշինքի չգոյության մասին հայտարարություն անելու պատասխանատվությունը վերցնել իր վրա։ Անդրադառնալով իր վարչապետ դառնալուն, Անդրանիկ Մարգարյանը կրկին մոռացավ, որ ինքը ոչ թե դաշինքի, այլ Հանրապետական կուսակցության վարչապետն է։ Չգիտես ինչ տրամաբանությամբ ՀՀ նախագահն ասաց, թե «հանրապետականները երկրի նախագահին վստահեցրին, որ իրենք պատրաստ են պատասխանատվություն վերցնելու եւ չխախտելու մինչ այդ եղած ստատուս-քվոն։ Սա քաղաքական քայլ էր»։ Իսկ Արամ Սարգսյանի պաշտոնանկությո՞ւնը։ Հետաքրքիր է, որ, ըստ վարչապետի, Արամ Սարգսյանի օրոք խորացան հակասություններն ու լարվածությունը, անվստահությունը, տնտեսության անկումը։ Այսպիսի գնահատականներ տալով, Անդրանիկ Մարգարյանը հակասեց ինքն իրեն, քանի որ մեկ րոպե առաջ ինքն էր Արամ Սարգսյանի վարչապետության շրջանը գնահատել պայթունավտանգ, ծանր, իսկ Արամ Սարգսյանին՝ նման իրավիճակում «շանթարգելի դեր ստանձնած կառավարության ղեկավար»։ Ըստ Անդրանիկ Մարգարյանի, ինքը շատ լավ էր պատկերացնում, թե ինչ ծանր փորձություններով լի ճանապարհ է սպասվում իրեն. «Կառավարությունն անգամ մի փոքր դրական տեղաշարժի հասնելու համար ստիպված էր հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ, մեծ մասն արհեստականորեն ստեղծված։ Ստիպված էր անընդհատ զգոն լինել՝ թիկունքից հարված չստանալու համար։ Թեպետ, այնուամենայնիվ, դրանք լինում էին այնտեղից, որտեղից քիչ սպասելի էին»։ Անդրանիկ Մարգարյանը անուններ չտվեց։ Ավելի ուշ «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյո՞ք վարչապետը ՀԺԿ-ին նկատի չունի։ Պատասխանելով հարցին, Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Ավելի ճիշտ կլինի վարչապետին հարցնել, թե ինքն ում նկատի ուներ, բայց, իհարկե, դա ՀԺԿ-ին չի կարող վերաբերվել, քանի որ դա ՀԺԿ-ի գործելակերպը չէ»։ Պրն Դեմիրճյանը, վարչապետի զեկուցումից հետո իրենց դուրս գալու մասին, ասաց, որ պետք չէ ավելորդ դրամատիզմ հաղորդել. «Ես մտադիր չեմ անդրադառնալ ամեն տեսակի անհեթեթ մեկնաբանությունների»։ Անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ին, Անդրանիկ Մարգարյանը բացառապես ՀՀԿ-ի մենաշնորհը համարեց, որ «27»-ից հետո հնարավոր եղավ պետությունն առանց ցնցումների դուրս բերել ստեղծված իրավիճակից։ Պարոն Մարգարյանը բացարձակապես չի ընդունում այն քննադատությունը, թե հանրապետականները հարմարվողական են. «Ես հասկանում եմ այդպես արտահայտվողներին, նրանք հաջորդ պահին կծափահարեին «Հանրապետականին», եթե վերջինս սրեր հարաբերությունը երկրի նախագահի հետ, նրա դեմ դուրս գար։ Կարեւոր չէ՝ դրա համար լուրջ պատճառներ կան, թե ոչ։ Կներեք, պարոնայք, ձեր անձնական խնդիրները լուծելու, հավակնություններն ու ախորժակը բավարարելու ցանկությունը շատ քիչ է, որպեսզի ՀՀԿ-ն այս հարցում դառնա ձեր համախոհը»։ Զեկուցումից անմիջապես հետո «Հանրապետություն» կուսակցության անդամները Արամ Սարգսյանի եւ Ալբերտ Բազեյանի գլխավորությամբ հեռացան դահլիճից։ Այս առիթով Ալբերտ Բազեյանն ասաց, թե շատ վատ տպավորություն ունի զեկուցումից. «Մենք համոզվեցինք, որ ճիշտ ենք արել, որ ձերբազատվել ենք, տարանջատվել ենք այդ կուսակցությունից։ ՀՀԿ-ն իշխանությանը սատարող կուսակցություն է։ Մենք ընդդիմադիր ենք իշխանությանը։ Սա ամենագլխավոր հակասությունն է»։ Ըստ Ա. Բազեյանի, զեկուցման մեջ չտրվեց «Հոկտեմբերի 27»-ի քաղաքական գնահատականը։ Ավելի ուշ Տիգրան Թորոսյանն ասաց, թե ՀՀԿ-ն ժամանակին տվել է «Հոկտեմբերի 27»-ի գնահատականը եւ դրա ձեւավորմանը մասնակցել են նաեւ այդպես արտահայտվողները։ Մեր դիտարկմամբ, գործադիր իշխանությունն իրականացնող կուսակցությունից միամտություն կլիներ առավել սուր եւ հակաիշխանական զեկուցում սպասել։ Պարոն Բազեյանը համաձայն չէ մեր դիտարկմանը եւ հարցին հարցով պատասխանեց. «Ես հարց եմ տալիս, հանրապետության նախագահը «Միասնություն» դաշինքի անդա՞մ էր, ինչո՞ւ ստեղծվեց դաշինքը։ «Միասնությունը» գնաց առանձին ընտրությունների, որովհետեւ կողմ չէր նախագահի կողմից իրականացվող քաղաքականությանը։ ՀՀԿ-ն չի առաջնորդվում դաշինքի ծրագրերով, այլ կատարում է նախագահի կամքը»։ Հասկանալի է, որ այս կարծիքին չէր կարող համաձայնել Տիգրան Թորոսյանը, որն իր հերթին պնդեց, թե Մարգարյանի կառավարության ծրագիրը Վազգեն Սարգսյանի կառավարության ծրագրի տրամաբանական շարունակությունն է։ Հետաքրքիր է, որ ՀՀԿ-ի երկրապահական թեւի ոչ մի ներկայացուցիչ որեւէ կերպ չէր արձագանքում զեկուցմանն ու ելույթներին եւ հրաժարվում էին պատասխանել լրագրողների հարցերին։ Տպավորությունն այնպիսին էր, թե փոխհամաձայնությամբ է տեղի ունենում դա, եւ ՀՀԿ-ն որոշել էր ներկուսակցական խնդիրները համագումարի ժամանակ ջրի երես չհանել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել