Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հենց

Հունիս 12,2001 00:00

ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ԿՏԵՂԱՓՈԽԵ՞Ն ԱԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ Հենց այն պահից, երբ Նաիրի Հունանյանը ցուցմունք տվեց իր եւ ԱԱՆ-ի սերտ առնչությունների մասին, դատավարությանը հետեւողները, մեղմ ասած, տարօրինակ գնահատեցին այն իրողությունը, որ ԱԱՆ գործակալն այժմ պահվում է նույն գերատեսչության մեկուսարանում։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները Նաիրի Հունանյանին ԱԱՆ մեկուսարանում պահելը պատճառաբանեցին այն հանգամանքով, որ այլ մեկուսարաններում դժվար կլինի ապահովել նրա անվտանգությունը՝ հանցագործ աշխարհն անմիջապես կիրականացնի նրա նկատմամբ դատավճիռը։ Թերեւս, այս բացատրությունն այնքան էլ համոզիչ չէր թվացել։ Ուստի ՆԳ եւ ԱԱ նախարարների հետ հանդիպումներից հետո, երեկ «Հոկտեմբերի 27»-ի գործի ամբաստանյալների պահպանությունն իրականացնող մարմինների գործունեության օրինականությունն ուսումնասիրող» ժամանակավոր հանձնաժողովի 4 անդամների նախաձեռնությամբ հրավիրվեց արտահերթ նիստ։ Այն թեեւ լրագրողների համար փակ էր, բայց մինչեւ նիստն էինք կարողացել պարզել, թե քննարկման ինչ նյութ էին առաջարկել Գրիգոր Հարությունյանը, Ստեփան Զաքարյանը, Ղուկաս Ուլիխանյանը եւ Խորեն Սարգսյանը։ Հանձնաժողովի նախագահ Վահագն Գրիգորյանին ուղղված դիմումում նրանք նշել էին, թե Նաիրի Հունանյանի դատավարական եւ նախաքննական որոշ ցուցմունքները բավարար են լուծելու նրան ԱԱՆ մեկուսարանում պահելու օրինականության ու նպատակահարմարության հարցը եւ այս առնչությամբ ԱԺ-ին եզրակացություն (տեղեկանք) ներկայացնելու համար։ Հիշեցնենք, որ դեռեւս 1999-ի դեկտեմբերի 24-ին Նաիրի Հունանյանը ցուցմունքում նշել էր, որ 1999-ի սեպտեմբերի սկզբին արդեն իսկ առնչվել է ազգային անվտանգության աշխատակից Կարեն Պարունակյանի հետ։ Ընդսմին, ԱԱՆ 2-րդ գլխավոր վարչության այս օպեր-լիազորի մասին իր նախաքննական ցուցմունքներից Նաիրի Հունանյանը դատարանում չհրաժարվեց, այլ հակառակը՝ առավել մանրամասնեց դրանք։ Ի տարբերություն ԱԱՆ մեկ այլ աշխատակցի՝ մայոր Մելքոն Եսայանի, որը թեեւ ինքն էլ իր ցուցմունքներում հանձն էր առել, որ Էդիկ Գրիգորյանի ծննդյան օրը Նաիրի Հունանյանը խոսել էր ԱԺ մտնելու եւ սպանությունների իր ծրագրի մասին, բայց դատարանում վերջինս նրան պաշտպանության տակ առավ եւ նշեց, թե Մելքոն Եսայանը սեղանի մյուս ծայրին էր նստած, իրենից բավականաչափ հեռու, աշխատող մագնիտոֆոնի հարեւանությամբ։ Երեկ հանձնաժողովը քննարկել է ապրիլի 27-ին դատարանում Նաիրի Հունանյանի տված ցուցմունքները, ուր նա բացահայտել էր, որ Թուրքիայից վերադառնալուց հետո՝ 1999-ի գարնանը եւ ամռանը զբաղվել էր մասնավոր հեռուստաընկերություն հիմնելու աշխատանքով. «Եվ այդ գաղափարը քննարկվել է իմ եւ ազգային անվտանգության նախարարության միջեւ, բնականաբար ներկայացուցչի՝ Կարեն Պարունակյանի հետ»։ Նաիրի Հունանյանը նաեւ բառացիորեն ասել էր. «ԱԱ նախարարությունն ինձ առաջարկել է համագործակցել, որին ես, որոշ ժամանակ մտածելուց հետո, համաձայնել եմ։ Պայմանով, որ այն, ինչ պիտի արվի՝ լինի լուրջ իր տարողությամբ եւ գործնական՝ իր բնույթով»։ Նա խոստովանել էր, թե ինչով կարողացել՝ օգտակար է եղել. «Համարելով դա պարտականություն»։ Այդ մասնավոր հեռուստաալիքի ստեղծման հնարավորության, իրեն օգնելու «դափնիները» միանշանակ վերագրելով ԱԱՆ-ին, Նաիրի Հունանյանն ապրիլի 27-ին նաեւ ասել էր. «Ես մշտապես շփվել եմ մի անձի՝ Պարունակյանի հետ։ Բայց, բնականաբար, Պարունակյանը չի գործել ինքնագլուխ, որովհետեւ, ի լրումն ասածիս, ասեմ, որ երբ նա ինձ առաջարկել է համագործակցություն, իր ասելով՝ այդ առաջարկը եղել է նախարարության ղեկավարությունից»։ Դարձյալ հիշեցնենք, որ առաջարկի էությունը թուրքերի հետ կապերը չխզելը եւ սերտացնելն էր՝ ըստ Նաիրի Հունանյանի։ Երեկ հանձնաժողովում այս վկայությունները շուրջ ժամուկես քննարկելուց հետո՝ նախաձեռնության հեղինակներին առաջարկվել է ներկայացնել որոշման նախագիծ։ Այն կքվեարկվի այսօր երեկոյան հանձնաժողովի գումարելիք նիստում։ Եվ նախագծի մերժումը կամ հաստատումն էլ կդառնա առաջին փորձաքարը, թե արդյոք հանձնաժողովը նախանձախնդի՞ր է իրականացնել ԱԺ որոշմամբ իսկ իր առջեւ դրված խնդիրը. «Քննության նյութերի ուսումնասիրության հիման վրա պարզել Նաիրի Հունանյանի՝ ՀՀ ԱԱՆ մեկուսարանում պահելու օրինականության եւ նպատակահարմարության հարցը»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել