Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան

Հունիս 09,2001 00:00

ՎԵՐՋՆԱԳԻԾ Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման գործընթացը կարծես թե մոտենում է վերջնագծին։ Դա հասկանալի դարձավ քիուեսթյան եւ նույնիսկ փարիզյան հանդիպումներից առաջ։ Փետրվարին Ալիեւ-Քոչարյան հերթական հանդիպման նախօրեին ադրբեջանական, այնուհետեւ հայկական մամուլը վերջապես տպագրեց եռանախագահող երկրների կողմից՝ հակամարտության կարգավորման մինչ այժմ երբեւէ ներկայացված տարբերակները։ Եվ ադրբեջանական, եւ հայկական կողմում հնչեցին հավաստիացումներ, թե հրապարակված տարբերակները այժմ բանակցությունների սեղանին չեն, սակայն կարգավորիչ սկզբունքները, որոնք դրված են այդ տարբերակների հիմքում, անփոփոխ են մնացել բոլոր երեք դեպքերում։ Եվ, վստահաբար, անփոփոխ կմնան նաեւ ապագայում՝ անկախ համաձայնության տակ իրենց ստորագրությունները դնող նախագահների անձերից։ Ոչ ամբողջ ճշմարտությունը, սակայն միշտ ճշմարտությունը Օտտո Բիսմարկի այս մոտեցումը հարմարագույն բնաբան է՝ ասելու համար, որ Ղարաբաղի անկախությունը երբեք չի ճանաչվի միջազգային հանրության կողմից։ Այն կարող է ad-hoc ճանաչվել, ԼՂՀ իշխանության ներկայացուցիչները ներգրավվեն բանակցային գործընթացում, նույնիսկ ԼՂՀ պետական կազմավորումը արտերկրում ունենա դիվանագիտական ներկայացուցչություններ, սակայն երբեւէ Ղարաբաղը չի ճանաչվի միջազգային իրավունքի սուբյեկտ՝ անկախ պետության կարգավիճակով։ Ինչո՞ւ։ Պատմությունը անվերջ շարժում է եւ այդ հոլովույթում արժեքները փոփոխական են։ Ինչպես կընկալվեր Սադամ Հուսեյնը, եթե իր ներխուժումը Քուվեյթ թվագրվեր 20-րդ դարասկզբին։ Անշուշտ, նա կմեծարվեր իբրեւ առաջնորդ, որը համախմբել ու միավորել է արաբ ժողովրդի անջատ հատվածները։ Սակայն ժամանակի մեջ սխալվելը ավելի վտանգավոր է, քան հանցագործ լինելը։ 20-րդ դարի վերջին մեդալը հակառակ կողմով է դիտվում։ Ոչ թե միեւնույն ժողովրդի տարբեր պետական կազմավորումների միավորում, այլ ագրեսիա ինքնիշխան երկրի դեմ։ Ե՞րբ տեղի ունեցավ պատմական արժեքների վերագնահատումը եւ բեկումը տերությունների ծավալապաշտական հակումներում։ Երեւի թե Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ պալեոլիթի ժամանակներից ի վեր առաջին անգամ զանգվածային ոչնչացման զենք գործադրվեց։ Արդեն պատերազմի սարսափները ոչ թե սահմաններում զինվորականներին էին վիճակվում, այլ մայրաքաղաքների խաղաղ բնակիչները հայտնվեցին ռմբակոծությունների ներքո, այլ կերպ ասած՝ մարտադաշտում։ Մարդկությունը սարսափեց։ Եվ գուցե ճշմարտություն կա ավելի ուշ Մարգարեթ Թետչերի ձեւակերպած դիրքորոշման մեջ, թե զանգվածային ոչնչացման զենքերը զսպաշապիկի դեր են կատարում։ Ոչ թե մարդկությունն ավելի խաղաղասեր դարձավ, այլ պատերազմներն աննախադեպ վայրագ բնույթ ստացան։ Ազգերի լիգայի ստեղծումից ի վեր, հատկապես ՄԱԿ-ի հիմնադիր փաստաթղթերով պատերազմներ կանխարգելելը վերածվեց միջազգային հարաբերություններում առանցքային առաջնահերթության։ Միտումը հստակ է՝ նախադրյալներ չստեղծել նոր պատերազմների։ Եվ որեւէ ռազմական հակամարտություն կարգավորվում է հենց այս մտահոգությամբ թելադրված սկզբունքներով։ 1975-ին Թուրքիան ներխուժեց եւ օժանդակեց կիպրոսաբնակ թուրքերին՝ հռչակելու իրենց անկախությունը։ Անշուշտ, դա մատուցվեց իբրեւ ազգերի ազատ ինքնորոշման կենսագործում։ Սակայն Կիպրոսի թուրքական հանրապետությունը ոչ ոք չճանաչեց։ Նույնիսկ սառը պատերազմի ժամանակներում այնքան հզոր էր պատերազմները մերժելու մտայնությունը, որ միահամուռ ողջ միջազգային հանրությունը մերժեց ճանաչել պատերազմի արդյունքը։ Սա թերեւս առաջին նախադեպն էր, երբ պատերազմի արդյունքը չէր դրվում ապագա քաղաքական կարգավորման հիմքում։ Եվ դրական հետեւանքը միանգամայն շոշափելի էր. թե՛ Հունաստանը, թե՛ Թուրքիան շարունակեցին շփումներ պահպանել ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության շրջանակներում։ Թշնամանքը հնարավոր եղավ հաղթահարել։ Անկախ նրանից՝ կամենո՞ւմ ենք, թե՞ ոչ, ընկալո՞ւմ ենք, թե՞ ոչ, այս մոդելը՝ պատերազմների արդյունքները չդնել քաղաքական կարգավորման հիմքում, ժամանակակից աշխարհում առաջնային սկզբունք է միջազգային կոնֆլիկտներ հանգուցալուծելիս։ Չէ՞ որ, եթե պատերազմի արդյունքը քաղաքական հարթությունում ամրագրվի, այն վերաձեւելու ճանապարհը կլինի նոր պատերազմը։ Մինչդեռ ոչինչ այնքան անարդյունավետ չի դարձնի պատերազմները, որքան դրա արդյունքները քաղաքական կարգավորման հիմքում չդնելը։ Օբյեկտիվ իրողությունն այն է, որ Ղարաբաղի անկախության ճանաչումով Ադրբեջանին չի թողնվի այլընտրանք, քան վաղ թե ուշ նոր պատերազմ սանձազերծելը։ Եվ ի չիք կդառնան Կովկասում հաստատուն կայունություն հաստատելու հեռանկարները։ Թուրքը՝ ջենթլմե՞ն, օ՜, աղետ Այդպես բացականչել է Լլոյդ Ջորջը, երբ Լոզանի պայմանագրով վերանայվել են Սեւրյան համաձայնությունները։ Ոչ ոք չի կարող իր անցյալից հրաժարվել։ Իսկ Էրտողրուլի շառավիղները ընդամենը 12-րդ դարավերջին ներխուժելով Փոքր Ասիա, այնպիսի սպանդ, մշակութային անկում ու բարբարոսական բարքեր սփռեցին, որ անընդունելի է թվում երբեւէ նրանց քաղաքակրթության չափանիշներով վերաբերվելը։ Թուրքական ցեղախմբերի ու նրանց հետնորդների այս մերժումն է բացատրությունը, թե ինչպես պատահեց, որ 20-րդ դարավերջին մարդկությունը լռելյայն թույլ տվեց հայերին գրավելու ադրբեջանական տարածքների ավելի քան 20%-ը, դրանք ամայացնել եւ բնակիչներին տեղահանել։ Ի դեպ, հենց այս արտաքին հատկանիշներն է Ադրբեջանը խաղաթուղթ ընտրել, աղաղակելու համար, թե իրենք ցեղասպանության են ենթարկվել։ Գուցե հայերի գործադրած մեթոդները արտաքուստ ընդհանրություն ունեն ցեղասպանության բնորոշման հետ, բայց, բացակայում է էությունը, հետեւաբար՝ ցեղասպանություն որակման հնարավորությունը։ Ադրբեջանցիները անկարող են ապացուցել, թե հայերը ֆիզիկապես իրենց ոչնչացրել են։ Հազարամյակների պատմությունը եւ քաղաքակրթությունը հայերին երբեք թույլ չեն տա բարբարոս լինել։ Եվ հայերի գործադրած վայրագությունները, որքան էլ օտարոտի հնչի, թելադրված են եղել ԼՂՀ անվտանգությունը երաշխավորելու մտահոգությամբ։ Հայերն իրենց առջեւ խնդիր չեն դրել ադրբեջանցիներին ոչնչացնել եւ դա չեն արել։ Նրանք, որքան հնարավոր է, լայն ապառազմականացված եւ ամայի շրջան են ստեղծել՝ գոտեւորելու Ղարաբաղի տարածքը։ Այնուհետեւ ադրբեջանցիները պետք է գիտակցեն, որ Ղարաբաղը վաղուց ապրում է փաստացի անկախության կարգավիճակում։ Հնարավոր է դա դե յուրե չճանաչել, բայց անհնար է փոխել։ Նաեւ անիմաստ է։ Միեւնույն է, վաղ թե ուշ հաստատվելու է խաղաղություն, ստեղծվելու են տնտեսական շփումներ Ադրբեջանի հետ, եւ այդ փաստացի անկախությունը կփրկի թշնամանքից հետագա երկկողմ հարաբերություններում։ Բոլորովին այլ հարց է, եթե ադրբեջանցիները ծրագրել էին այս կամ այն կերպ Ղարաբաղն էլ հայաթափել։ Դա արդեն երբեւէ չի լինի։ Միջազգային հանրությունը թույլ տվեց, իսկ հայերը կարողացան ամրագրել Ղարաբաղի տարածքում ապրելու, արարելու եւ գոյատեւելու իրենց իրավունքը։ «Նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տա». սա հիմնական դիրքորոշումն էր եւ հաղթաթուղթը, որ ղարաբաղյան պատերազմում հայերը հրամցնում էին դիվանագիտական աշխարհին։ Եվ քանի որ անցյալը մոռանալն անհնար է, հայերի նկատառումները միանգամայն հասկանալի էին աշխարհի համար։ Աշխարհը միշտ էլ փրկել են մի խումբ պարկեշտ, ազնիվ եւ խիզախ մարդիկ Թետչերի այս խոսքերում կա ճշմարտություն: Ինչպես եւ՝ վաղուց ի վեր հնչող հռետորական հարցում՝ արդյո՞ք անհատներն են կերտում պատմություն։ Երբ 1997-ին ներկայացվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաթեթային տարբերակը, Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները կարող էին պատմական իրենց առաքելությունը համարել պատվով ավարտված։ Հայերը պատերազմ էին մղել, հաղթանակել եւ այն դիվանագիտորեն ամրագրել։ Բոլոր տարբերակներում, որոնք առայժմ ներկայացվել են եւ ապագայում էլ կներկայացվեն, Ղարաբաղը երաշխավորված ինքնիշխանությամբ եւ փաստացի անկախությամբ օժտված պետական միավոր է դիտվում։ ԼՂՀ-ին տրվում են պետության մենաշնորհ հանդիսացող հատկանիշներ, ընդհուպ՝ սահմանադրական գերակայություն։ Մի՞թե պետության էությունը իր սահմանած օրենքների գործողությունը չէ որոշակի տարածքում։ ԼՂՀ-ին թույլատրվում է ունենալ զինված ուժեր։ Ադրբեջանական որեւէ ոստիկանական, անվտանգության կամ զինուժի միավոր չի կարող մուտք գործել ԼՂՀ՝ առանց Ստեփանակերտի իշխանությունների համաձայնության։ ԼՂՀ քաղաքացիները ծառայելու են իրենց բանակում, նույնիսկ կարող են սեփական դրամ հատել եւ արտերկրում ունենալ ներկայացուցչություններ։ Որեւէ պետություն Լեռնային Ղարաբաղից այն առավելությամբ է տարբերվում, որ կարող է կնքել ռազմաքաղաքական դաշինքներ։ Ըստ էության, սա միակ սահմանափակումն է, որին ենթարկվում է Ղարաբաղը։ 97-ից ի վեր, առաջին անգամ, 2001-ին հասարակությանը հայտնի դարձավ, թե ինչ փաստաթղթեր են դրվել բանակցությունների սեղանին։ Եվ ուղղակի անհասկանալի է, թե պետության ընկալում ունեցող որեւէ գործիչ ի՞նչպես կարող էր չընդունել ներկայացված տարբերակները։ Դարձյալ Օտտո Բիսմարկի միտքն է, թե խելացիները ուրիշների սխալներից են դասեր քաղում։ 98-ին իշխանափոխություն կատարող «հայտնի ուժերին» ու նրանց համախոհներին այդքան իմաստնություն տրված չէր։ Երեք տարվա դեգերումներից հետո գլխավոր դերակատարը՝ Ռոբերտ Քոչարյանը վերջապես գիտակցել է, որ ներկայացված սկզբունքների այլընտրանք չի լինելու։ Սկզբունքները կարող են շարադրվել, վերաշարադրվել, խմբագրվել, բայց երբեք չեն փոփոխվի։ Եվ եթե Քերի Քավանոն ասում է, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն ավելի մոտ են խաղաղություն կնքելուն եւ փոխզիջումների, քան նրանց ժողովուրդները, նշանակում է՝ Ռոբերտ Քոչարյանը անելու է նույն քայլերը, ինչ կարգավորման տարբերակներով վերապահվում է Հայաստանի նախագահին, անկախ անձից։ Մնում է միայն, որ Ռոբերտ Քոչարյանի պարկեշտությունը, ազնվությունը եւ խիզախությունը հերիքի՝ սեփական ժողովրդին բացատրելու դրանց անհրաժեշտությունը։ Անշուշտ, հազիվ թե Քոչարյանին սեփական անցյալը բարոյական իրավունք տա այլոց ամբոխավարական ելույթները չափավորելու՝ թե մենք տարածքներ չենք գրավել, ազատագրել ենք եւ այլն։ Բայց եթե բանականության ձայնը այսօր չհնչի, որ Ղարաբաղը տարածքներ չի ազատագրել, այլ գրավել է եւ դա արել է սեփական անվտանգությունը երաշխավորելու հրամայականից դրդված, ուր է երաշխիք, թե համաձայնություն կնքելիս «հայտնի ուժեր-2» չի ձեւավորվի եւ առանց այն էլ Հայաստանում ի սկզբանե եւ համառորեն չընդունվող Քոչարյանին հասարակության օվացիաների ներքո հեռացնի իշխանությունից։ Անշուշտ Քոչարյանի հեռացումը ՀՀ նախագահի պաշտոնից կարելի է միայն ողջունել, որովհետեւ այդ պաշտոնում սոսկ իր գոյությամբ նա ստվեր է նետում Հայաստանի վրա։ Գործունեության արդյունքները հազիվ թե ինչ-որ կախարդական փայտիկի դեր կատարեն։ Միեւնույն է, ինտելեկտուալը չի կարող Քոչարյանին ներել ցածր կրթական ցենզը, էսթետը՝ գավառական պահվածքը, մորալիստը՝ արկածախնդիր վերելքը։ Բայց միանշանակորեն գերադասելի է, որ Քոչարյանը կնքի խաղաղություն։ Ասված է՝ «Ի վերջո կյանքում ամեն ինչ հանգում է ժամանակի տնտեսմանը»։ Աններելի է երկրորդ անգամ նույն սխալը կրկնել եւ ժամանակը հանցագործ անպատասխանատվությամբ շռայլել։ Միեւնույն է, ովքեր էլ լինեն Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂՀ նախագահները, համաձայնագրի սկզբունքները չեն փոխվի, քանի որ ավելի բանական փոխզիջումներ դժվար է ձեւակերպել։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին վերադարձվելիք տարածքներին, դրանք տասնամյակների համար վերածված են բուֆերային գոտու։ Որքա՞ն ժամանակ կպահանջվի մինչեւ Ադրբեջանը կենսագործունեության ենթակառուցվածքներ վերագործարկի այդտեղ, բնակեցնի եւ այն ներգրավի իր մշակութային, տնտեսական ու քաղաքական կյանքում։ Ինչեւէ, 1997-ին արդեն հասկանալի էր, որ հայերը պատերազմը ոչ միայն ռազմի դաշտում, այլեւ դիվանագիտական բանակցություններում կավարտեն մեկընդմիշտ երաշխավորելով Ղարաբաղում ապրելու եւ բարգավաճելու իրենց իրավունքը։ Մնացյալը, հատկապես հետամուտ լինելը, որ Ղարաբաղը հռչակվի անկախ պետություն, շատ ավելի դեկորատիվ հարց է։ Եվ Ռոբերտ Քոչարյանի դեպքն էլ լավագույն վկայությունն էր, որ անկեղծությամբ հավատալով դրա դեկորատիվ նշանակությանը, միեւնույն է, արդյունքում միայն ժամանակ է վատնվում եւ վերադարձ կատարվում ի շրջանս յուր։ Որովհետեւ քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, ոչ թե սեփական ցանկությունները այլոց պարտադրելու։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել