Լրահոս
Օրվա լրահոսը

ՁՄՌԱՆ ՕՐԵՐԻՑ ՄԵԿԸ

Հունիս 09,2001 00:00

ՁՄՌԱՆ ՕՐԵՐԻՑ ՄԵԿԸ Ձմռան կարճ ցերեկները շատ երկար էին թվում։ Պարապը ձանձրույթ էր բերում, օրերը միանման էին, մռայլ։ Չգիտեմ թե ինչու՝ ձմռան այդ օրը մնաց իմ հիշողության մեջ։ Ձյուն էր գալիս՝ խոշոր, ճերմակ փաթիլներով։ Դիզվող ճերմակը ճնշում-ճզմում էր։ Ամեն ինչ համրացել-սեղմվել էր այդ փափուկ ծանրության տակ։ Ամայի գյուղամիջում երկուսով էինք՝ ես ու ընկերս։ Որոշեցինք փոքր-ինչ թարմանալ։ Մսավաճառի կրպակից բարակ ծուխ էր ելնում՝ ներս մտանք։ Ընտրեցինք միսը ու հանկարծ որոշեցինք անտառ մտնել։ Մեզ դա հաճելի թվաց։ Արագ էինք քայլում եւ շուտ տեղ հասանք։ Կրակարանը ազատեցինք ձյան հաստ շերտից։ Փայտ ճարեցինք։ Ճարճատյունը անչափ հաճելի էր։ Խորովածը ընտիր էր՝ նամանավանդ տնական գինու հետ։ Կենացներն ավելորդ էին։ Մերթ շիկացող խարույկն էր կլանում մեր հայացքը, մերթ՝ սառցե ջրվեժների էջքը։ Լուռ էինք։ Մեծափաթիլ ձյունը շարունակում էր համրորեն տեղալ։ Տեղ եկավ, որ մեզ համար սովորական դարձավ ցուրտը, անզգալի, իսկ խոր ձմեռը՝ նույնիսկ խաբկանք։ Կաթնագույն օրը թեքվում էր։ Գոհ էինք տտիպ գինուց, վիպական օրվանից ու կյանքից։ Հանգիստ իջնում էինք տուն։ Մեկը փափուկ ձյան վրայով երկտակված, նոր կտրած մի հաստ ճյուղ էր քարշ տալիս։ Կանգնեցինք, բարեւեցինք ու ասելիք չգտանք։ Մթնող օրվա շնչին կապարե լռություն էր իջել։ Նա հաց խնդրեց, տրտնջաց գարնան ուշանալուց, շփեց ցրտից կարմրած ձեռքերը… Թեթեւ ու փափուկ մեր երթը առաջվանը չէր։ Անսովոր ցուրտ զգացի ու չգիտես ինչու ամաչեցի ինքս ինձնից՝ խարույկի, խորովածի ու գինու համար։ Հավանաբար ճիշտ օր չէինք ընտրել… ՄՈՒՇԵՂ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել