Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՐՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈԳՍԵՐ

Հունիս 09,2001 00:00

ԹԵՐՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈԳՍԵՐ Մեր ավանդական կուսակցություններից ամեն մեկն ունեցել է իր գրողները, որոնց տեր է կանգնել նյութապես եւ բարոյապես։ Ամենաշատն ունեցել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որը եւ ամենաշատն է ծախսի տակ ընկել։ Տաղանդավորների տոկոսը պետք է հաշվի առնել կուսակցության գրող եւ ոչ գրող անդամների քանակի համեմատությամբ, թեեւ, ի վերջո, բոլորն էլ ազգին են պատկանում, չնայած մշակութային պահանջների ներկա ցածր մակարդակին։ Ամեն ծաղիկ իր բուրմունքն ունի եւ իր վերաբերմունքը։ Իշխանությունները մի շարք մտավորականների հետ հաշվի են նստում, երբ սրանք համբավի տեր են կամ էլ ահաբեկիչ։ Մտավորականի արտամտավորական գործունեության համար պատասխանատու են նաեւ այդ սադրիչ իշխանությունները, որոնք դանակը ոսկորին են հասցնում։ Մյուս կողմից թերի մտավորականը դառնում է լումպենմտավորական, քաղաքական լծորդ եւ իրենց բակի ծերունիների համար հետաքրքիր թոշակառու։ Գիտելիքն ի չարը գործադրելը նույնն է, թե երեխան խաղալիքն է ջարդում։ Առաջին դեպքում օգտակարը դառնում է վնասակար։ Երկրորդ դեպքում՝ հաճելին՝ տհաճ։ Շատ է կարդում, միտքը պայծառանում է, աչքերը տկարանում են։ Սիրայինն այն է, որ հոգին պայծառանում է, մարմինը՝ տկարանում։ Ոչ թե դպրոցն են սիրում, այլ իրենց հասակակիցների շրջապատը, այլապես պիտի խորշեին կիրակիներից եւ արձակուրդներից, որոնց ընթացքում, ի դեպ, դարձյալ շփում են որոնում իրենց հասակակիցների հետ։ Երեխաների մեջ առավելապես զարգացած է այդ հասակակիցների դասակարգային համերաշխությունը, չնայած որ ուսուցչավարի դպրոցի կյանքը նրան փոքրիշատե նախապատրաստում է կյանքի դպրոցի համար։ Խնդիրն այն է, որ չնայած ուսուցանելու համատարած «կրակահերթերին», իրենց կուրծքն են դեմ տալիս քչերը, որոնք եւ դառնում են մտավորականներ, կյանքում նույնպես իրենց գաղափարական կուրծքը դեմ տալու համար։ Ակուտագավան («Ինչպես Քիսեյն էր հավատում») անձնասպան եղավ՝ «Գոդոյին սպասելիս» (Բեկետ) եւ կյանքից հեռանալու իր տարբերակն առաջարկեց «Ռոմեո եւ Ժանետին» (Անույ)։ Ակուտագավան ինքն էլ կարդացած տղա էր, ինչպես փոքրիշատե բոլորս ու տողերիս հեղինակը («Ռադամեօի» Կային Անույական «Անտիգոնեի» Կրեոնից)։ Ծրագրված չարամտություն չկա. պարզապես նախորդների հմայքը երբեմն անդիմադրելի է լինում։ Պանթեոնում նույնպես գոյություն ունի զբաղեցրած տարածքների միջեւ փոխհարաբերություն։ Ամենասաստիկ ձեւով կենցաղայնորեն պատժվում է նա, ով առանց օրենքները խախտելու, իրեն ավելի ազատ է զգում, քան մյուսները, մինչ պետականորեն քողարկված իսկական հանցագործներ թրեւ են գալիս՝ նրա քթին ծիծաղելով, նրան վերագրելով հանցանքներ ու մեջը ներքաշելով նրան սադրանքայնորեն։ Միայն տնտեսական պատճառներից չէ, որ հեռանում են երկրից, թեկուզ այդ անմաքուր խաղին վերջին անգամներ համագործակցելու գնով։ Հոգսերը հոգատարություն են ակնկալում։ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել