Լրահոս
Օրվա լրահոսը

Թերեզա Սիմոնյանը սիրում է Լոս Անջելեսի կյանքը, բայց Նորթրիջի թենիսիստուհին հնարավոր է վերադառնա հարա

Հունիս 09,2001 00:00

Վինս Կովալիկ. «Ամերիկյան երազանք» Թերեզա Սիմոնյանը սիրում է Լոս Անջելեսի կյանքը, բայց Նորթրիջի թենիսիստուհին հնարավոր է վերադառնա հարազատ Հայաստան։ Թերեզա Սիմոնյանը սիրում է Լոս Անջելեսը, դասական ռոքը եւ, իհարկե, թենիսը։ Բայց նա սիրում է նաեւ իր հարազատ Հայաստանը եւ 18 ամսվա բացակայությունից հետո պատրաստվում է Հարավային Կալիֆոռնիայից տուն վերադառնալ։ Եվ հենց այս երկընտրանքն է հուզում երկրորդ կուրսեցի, 18-ամյա Թերեզային, որը երկու մրցաշրջանից հետո դարձել է Նորթրիջի համալսարանի լավագույն թենիսիստուհին։ Նա կանացի է, միաժամանակ՝ ամրակազմ եւ համառ… Վերադառնալով տուն՝ նա պետք է որոշում կայացնի ապագայի վերաբերյալ՝ կապված Նորթրիջի համալսարանի հետ։ Նա կարոտում է հայրենիքը ու դրա մասին իր մտորումները կիսում մեզ հետ։ Տուն գնալուց հետո կվերադառնա՞ Լոս Անջելես. «Շատ բան կպարզվի, երբ գնամ հայրենիք։ Անկասկած, կկարոտեմ Ամերիկան, բայց հիմա կարոտում եմ Հայաստանը եւ յուրատեսակ միջնագծում եմ։ Որոշում կայացնելը դժվար է լինելու»։ Նրա հուզմունքը հասկանալի է՝ շատ է ուզում տուն վերադառնալ։ Ճարտարագետ-ճարտարապետների ընտանիքի երկու դուստրերից մեկն է։ Ապրում են Երեւանում։ Կալիֆոռնիան դարձել է Թերեզայի երկրորդ տունը։ Նա արագ ընտելացավ այստեղի կյանքին։ Բոլորի պես զբոսնում է Սիթի Ուոլքում, խոսում է ճիշտ տեղացի աղջիկների նման եւ, հանդիպելով Սինդի Քրոուֆորդին, զրույցի է բռնվում հետը։ Երեւի թե Հայաստանը չկարողանա մրցակցել Կալիֆոռնիայի հետ զվարճալիքներով։ Սակայն բանավիճելով դասական ռոքի, «Քուին», «Փինք Ֆլոյդ» եւ «Լեդ Զեփելին» խմբերի առանձնահատկությունների շուրջ՝ Թերեզան իրեն այնպես անկաշկանդ է զգում, ասես կորտում լինի եւ էյսեր է անում։ «Գիտե՞ք, թե Հոլիվուդն ինչպիսին է թվում Հայաստանում։ Անընդհատ տեսնում ես այդ բառը՝ «Հոլիվուդ» ու թվում է, թե դա մի աներեւակայելի երազա՜նք է… Ու հանկարծ հայտնվում ես այստեղ…»։ Լսելով նրան, ակամա մտածում ես՝ դժվար թե լքի Կալիֆոռնիան։ Մարզիչ Հարրի Վիկտորը համոզված է, որ Թերեզան դա չի անի։ «Նա անսովոր շատ հետաքրքրություններ ունի, կարծես թե ռենեսանսի ժամանակներից է,- ասում է Հ. Վիկտորը։- Նա շատ բաների է հավատում։ Եվ այս երկիրը նրան այնքան շատ հնարավորություններ է տվել, որ Հայաստանը դժվար թե ի վիճակի լիներ»։ Դա նաեւ համալսարանական մարզական համակարգն է, որի մասին Թերեզան բնավ պատկերացում չուներ, երբ 16 տարեկանում պատանեկան սպորտի զարգացման ծրագրով եկավ «Բրբանկ» թենիսի կենտրոն… Տեսնելով նրա խաղը, ծրագրի ղեկավար Էրիկ Մահնը հրավիրեց Վիկտորին՝ գնահատելու նորեկի ունակությունները։ Բացի բնածին օժտվածությունից, Սիմոնյանի պրոֆեսիոնալիզմը եւ խելամտությունը խաղահրապարակում ավելի քան տպավորիչ էին։ Նախկինում լող պարապած թենիսիստուհին (նա այս մարզաձեւով հրապուրվել է 10 տարեկանից) արտակարգ ամուր ոտքեր ուներ եւ իր խաղով գերազանցում էր մյուսներին։ Ընդհանրապես Հարավային Կալիֆոռնիայում հարգի են ուժգին հարվածները։ Սիմոնյանը, բացի ուժից, իմաստ է ներդնում իր հարվածներում։ Նրա խաղը ոչ միայն հզոր է, այլեւ՝ նպատակասլաց։ Ամերիկա առաջին այցելության ժամանակ Թերեզան ապրում էր բարեկամների տանը եւ մտածում էր տուն վերադառնալ։ Բայց ծանոթությունը ուսանողական թենիսի հետ դարձավ նրա ամերիկյան երազանքը։ «Ես պատկերացում անգամ չունեի, թե կա համալսարանական թենիս հասկացություն, ընդհանրապես չէի լսել դրա մասին։ Թե ինչպես է գործում այդ համակարգը, հասկացա, երբ Վիկտորն ինձ առաջարկեց անվճար ուսում եւ թոշակ։ Իմ երկրում այդպիսի հնարավորություններ, իհարկե, չկան»։ Հենց առաջին մրցաշրջանում Սիմոնյանը մենախաղերում հասավ առավելագույնին եւ արժանացավ «Ամենաարժեքավոր թենիսիստուհու» կոչմանը։ Այս տարի եւս նա ճանաչվեց «Big Sky Conferance»-ի լավագույն թենիսիստուհի։ Իր թիմակից Գաբրիելա Ռայների հետ Թերեզան BSC-ում հավասարը չունեցավ նաեւ զուգախաղերում։ Թերեզան մտադիր է անպայման ստանալ համակարգչավորողի մասնագիտական կրթություն։ Բայց Նորթրիջո՞ւմ։ «Արդեն մեկուկես տարի չեմ տեսել հարազատներիս։ Իհարկե, ինձ այստեղ դուր է գալիս եւ ստիպված եմ հաշտվել ընտանիքիցս հեռու ապրելու հետ։ Ես փորձում եմ հաղթահարել կարոտս։ Մնացել է ընդամենը մեկ ամիս (Թերեզայի ծնողներից տեղեկացանք, որ նա Հայաստան է վերադառնալու մոտ օրերս- Ս. Ա.) եւ հիմա մտածում եմ միայն վերադարձիս մասին։ Ընտանիքիս եւ ընկերներիս հետ հանդիպման սպասումն օրեցօր ավելի ու ավելի դժվար է դառնում»։ ՍԻՄՈՆ ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել