Լրահոս
Օրվա լրահոսը

Օխրիդում

Հունիս 09,2001 00:00

ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆԸ՝ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ Օխրիդում (Մակեդոնիա) ընթացող շախմատի Եվրոպայի 2-րդ անհատական առաջնությունը մոտեցավ միջնագծին։ Հաղթողին ու մրցանակակիրներին, ինչպես նաեւ աշխարհի առաջնության 46 ուղեգրերը նվաճողներին որոշելու համար պայքարում են 200-ից ավելի շախմատիստներ։ Ինչպես գիտեք, այստեղ հանդես են գալիս նաեւ Հայաստանի ներկայիս ուժեղագույն 10 շախմատիստները։ Ինչպես միշտ, գերազանց է հանդես գալիս միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։ Տուրից տուր նա բարելավում է իր խաղամակարդակը ու վստահորեն վեր բարձրանում մրցաշարային աղյուսակում։ 6-րդ տուրից հետո Սմբատը վաստակած միավորների քանակը հասցրեց 5,0-ի եւ Կոնստանտին Ասեեւի, Վադիմ Միլովի ու Գեորգի Տիմոշենկոյի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի ամենափորձառու շախմատիստը՝ Ռաֆայել Վահանյանը, 4,5 միավորով բաժանում է 5-14-րդ տեղերը։ Նրանից 0,5 միավոր պակաս են վաստակել 15-43-րդ տեղերում ընթացող Աշոտ Անաստասյանը, Կարեն Ասրյանը եւ Արտաշես Մինասյանը։ Վլադիմիր Հակոբյանն ու Լեւոն Արոնյանը առայժմ 44-85-րդ տեղերը զբաղեցնողների մեջ են։ իսկ Արսեն Եղիազարյանը (3,0 միավոր), միջազգային վարպետներ Գաբրիել Սարգսյանն ու Արա Մինասյանը (2,5-ական միավոր) մրցաշարային աղյուսակի ստորին հորիզոնականներում են։ Չեխիայի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը 4,0 միավորով 15-43-րդ տեղերը զբաղեցնողների խմբում է։ 7-րդ տուրում առաջատարները խաղացին միմյանց հետ։ Ռուսաստանցի Կոնստանտին Ասեեւի եւ Սմբատ Լպուտյանի պայքարն ավարտվեց ոչ-ոքի։ Խաղաղ ավարտվեց նաեւ Տիմոշենկո (Ուկրաինա)-Միլով (Իսրայել) պարտիան։ Նրանց հավասարվեց նաեւ հոլանդացի Լյուկ վան Վելլին, որը նույնպես իր անվան դիմաց գրանցած միավորների քանակը հասցրեց 5,5-ի։ Առաջատարներից կես քայլ են ետ մնում Ասրյանը, Վահանյանը եւ Մովսիսյանը (Չեխիա)։ Նրանք բաժանում են 6-14-րդ տեղերը։ Անաստասյանն ու Արտաշես Մինասյանը 4,5-ական միավորով առաջին 43 շախմատիստների շարքում են, Հակոբյանն ու Արոնյանը ունեն 4,0-ական միավոր (44-89-րդ տեղեր), Եղիազարյանը՝ 3,5 (90-128), Գաբրիել Սարգսյանը՝ 2,5 (162-178), Արա Մինասյանը՝ 2,0 (179-195)։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել