Լրահոս
Օրվա լրահոսը

Կնունք էր Երվանդաշատում. Արեւմտյան Հայաստանը ամեն օր տեսնող Երվանդաշատում։

Հունիս 09,2001 00:00

Մկրտություն Կնունք էր Երվանդաշատում. Արեւմտյան Հայաստանը ամեն օր տեսնող Երվանդաշատում։ Մեսրոպ արք. Աշճյանը որոշել էր կնքել Երվանդաշատի չկնքված բնակիչներին հենց այնտեղ, ուր Արաքսն է որոշում սահմանը։ Եվ Արաքսը այդ օրը որոշել էր կարծես։ Սահման չկար։ Հայկական թագավորությունների վեց գերդաստանների դրոշներն էր ընտրել արքեպիսկոպոսը եւ յոթերորդը հանդիսանում էր անկախ Հայաստանի դրոշը՝ Եռագույնը։ Յոթ կաթսաներ լիքը ջրով, ավելի ուշ սուրբ մյուռոնով օրհնված, տարբեր տարիքի կնքվողներ, եկեղեցական ամենաավանդական արարողություն, խաչ, սուրբ երրորդություն. խոնարհվեցինք մերթ արեւմուտք, մերթ արեւելք, եւ կնքվեցին նրանք, հայ քրիստոնյա, կնքվեցինք մենք՝ հայ քրիստոնյա։ Կնքվեցին նրանք, եւ Մեսրոպ սրբազան Աշճյանը, ինչպես միշտ, լավ էր կազմակերպել. հատուկ այս առիթով շապիկներ, նույնիսկ սրբիչներ, գյուղի երեխաներ, խանդավառություն։ Ամեն ինչ այնպես, ինչպես պետք է լիներ Երվանդաշատ գյուղում, գյուղապետի օգնությամբ, այնպես, ինչպես 1700-ամյակ նշող Հայաստանի այս մի բուռ ժողովուրդը պետք է կնքվեր։ Եվ այս մի բուռ հողի վրա, ուր Արարատը մերթ երկու գագաթով է հայտնվում, մեկ փոքրը կորչում է մեծի ստվերում, մեկ հայտնվում նրա հովանու տակ, մենք փորձում էինք կուլ տալ, հանուն «տարածքային ամբողջականության», որ Արաքսից այն կողմ արդեն մերը չէ, որ քո հարազատ տան ինչ-որ մասից, ինչ-որ մեկը որոշել է քեզ աքսորել, հեռացնել, օտարել։ Իսկ դու դա չես ընդունում։ Բայց այդ օրը Արաքսն էր որոշում սահմանը եւ նա որոշել էր արդեն։ Որովհետեւ այս զգացախառն տրամադրությամբ, երբ իջանք Արաքսի ափ, մենք՝ սփյուռքահայ կարոտահար մի քանի խելագարներ, ոտք ու ձեռ թրջելով փորձում էինք մենք մեզ եւ հետո ձեզ համոզել, որ մենք դա արել ենք, եւ մենք կարոտում ենք այն, ինչ մերն է… Կնքվել էին Երվանդաշատի բնակիչները եւ մերթ գիտակից, մերթ անգիտակից այդ իրողությանը նրանք ուրախ էին ամեն դեպքում. մթնոլորտն էր դա հուշում, գյուղապետի տանը կազմակերպված խնջույքը դա էր հուշում ամեն դեպքում. երգ, պար, կենացներ, ՀՄԸՄ-ի սկաուտների ոգեւորություն… պար, նորից երգ, նորից կենացներ… Արաքսից այն կողմ այլ բան էր ասում. թրքական դրոշ՝ «այստեղ Թուրքիա է» մակագրությամբ։ Հնարավորի արվեստը նոր սովորող մեր մի բուռ ազգի ներկայացուցիչներին ո՞նց համոզել, որ հնարավորը պատմում են, որ հնարավորը ապրում են, որ հնարավորը կերտում են, որ հնարավորը այդ դու ես որոշում, որ Արաքսն արդեն որոշել էր այդ օրը։ Ո՞նց համոզել, որ այս ամենը սփյուռքահայի խելագարություն չէ միայն։ Սա պատմություն է, որից հեռանալն ուղղակի անհնար է։ ՇԱՂԻԿ ՄԱՐՈՒԽՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել