Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մի քանի օր, եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կսկսվեն վոկալ բաժնի փոխադրական եւ ավարտա

Հունիս 09,2001 00:00

«ՀԻԱՆԱԼԻ ԵՎ ՆԱԽԱՆՁԵԼԻ ՎՈԿԱԼ ԴՊՐՈՑ ՈՒՆԵՆՔ» Եվս մի քանի օր, եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կսկսվեն վոկալ բաժնի փոխադրական եւ ավարտական պետական քննությունները։ Արդյո՞ք պրոֆեսորա-դասախոսական կազմը նույն աչքով է նայում անվճար եւ վճարովի տեղերում սովորող ապագա երգիչ-երգչուհիներին։ Այստեղ վոկալ դասավանդողներից ժամանակին երգե՞լ են բեմում, թե՞ նրանցից շատերը եղել են ասիստենտներ եւ այդպես բարձրացել։ Ուսանողները, այսպես թե այնպես հաղթահարելով օտար կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարողական ոճը, կարողանո՞ւմ են հայերեն երգել։ Կա թյուր կարծիք, թե այս բաժինը պատրաստում է կադրեր միայն օպերայում աշխատելու համար։ Ակնկալելով այս կամ այլ հարցերի պատասխանները, կոնսերվատորիայի վոկալի դասարաններից մեկում հանդիպեցի երգչուհի, դոցենտ Օլգա Զաքարյանին եւ նրա հմայիչ ուսանողուհուն՝ Էլիզա Գզոյանին։ Օ. Զաքարյան- Միանգամից սկսեմ այսպես՝ մեզ համար նշանակություն չունի, ուսանողը անվճար, թե վճարովի է սովորում։ Հանրահայտ ճշմարտություն է՝ ամեն ժողովրդի դեմքը իր մշակույթն է։ Երկու ամբիոնում, որոնք ղեկավարում են աշխարհահռչակ Գոհար Գասպարյանը եւ Սվետլանա Կալասարյանը, աշխատում են նախկինում եւ այսօր ճանաչված, պրոֆեսիոնալ երգիչներ։ Մանկավարժի կենսագրությունը անհատական է։ Վարպետ է դառնում ոչ ամեն մեկը եւ ոչ անմիջապես։ Ես եւ շատերը սկսել ենք պրոֆեսորի ասիստենտից եւ աճել, սա նորմալ է։ Ես գոնե չգիտեմ վոկալի մի դասախոսի, որ բեմ բարձրացած չլինի… Է. Գզոյան – Թույլ տվեք միջամտել եւ ասել՝ Օլգա Զաքարյանը նախկին ՍՍՀՄ-ում, անկրկնելի Գոհար Գասպարյանից հետո, երկրորդ երգչուհին էր, որ կատարեց Նորմայի դերերգը Բելինիի համանուն օպերայում։ Ուզում եմ ասել նաեւ հետեւյալը՝ իտալական դպրոցի հիմնադիրներից Վերարդին երբեք բեմ դուրս չի եկել, բայց փոխարենը պատրաստել է աշխարհահռչակ կատարողներ… Օ. Զաքարյան – Ուսանողուհիս իրավացի է։ Տեսեք, իտալացիներն իրենց աշակերտներին սովորեցնում են երգել, բայց ոչ՝ դասավանդել։ Իտալական դպրոցի վարպետները դասավանդման գաղտնիքները, իրենց վոկալ հնարները պահում են, բայց ի՞նչ կկատարվի որոշ ժամանակահատված անց՝ Իտալիան պարզապես վոկալի դասատու չի ունենա։ Կոնսերվատորիայի դասախոսները ե՛ւ սովորեցնում են երգել, ե՛ւ ծանոթացնում վոկալ արվեստի գաղտնիքներին։ Իմ դասարանում ուսանում է ութ ուսանող եւ յուրաքանչյուրի ծրագրում իր հաստատուն տեղն ունի Կոմիտասը… Է. Գզոյան – Այո, բնությունը կախարդական ձիրք էր տվել Կոմիտասին, անորսալին որսալու, շոշափելի, տեսանելի դարձնելու, բյուրեղացնելու ձիրք։ Չգիտես ինչու, միշտ խոսվում է, նույնիսկ արդեն ճանաչված երգիչների կողմից, որ մենք՝ ուսանողներս հայերեն երգել չգիտենք։ Կոմիտասը կարողանում էր սիրտ դնել յուրաքանչյուր երգի մեջ։ Իհարկե, դժվարություններով լի ճանապարհ ենք անցնում եւ մեր դասախոսի օգնությամբ կարողանում տեսնել, վեր հանել ու հնչյունների միջոցով ցույց տալ այդ երգերում ներդրված մեծ սիրտը… Օ. Զաքարյան – Հայ երգարվեստն ինքնին մի լայնարձակ ասպարեզ է, որտեղ իրար կողքի, չկրկնելով իրար, կարող են տեղավորվել մի շարք նախասիրություններ։ Մեր բաժինը պատրաստում է ե՛ւ օպերային երգիչներ, ե՛ւ կամերային երգիչներ, ե՛ւ երգչախմբի արտիստներ։ Ճիշտն ասած, Ձեր հարցերի ենթատեքստերը հասկանալով, ուզում եմ ասել՝ եկեք վեր բարձրանանք անձնական որոշակի նկատառումներից եւ ոչ միայն պահենք այն, ինչը ունենք, այլ՝ էլ ավելի զարգացնենք։ Կոնսերվատորիայում բոլոր նախադրյալներն ու հնարավորությունները կան բարձրակարգ երգիչներ ե՛ւ պատրաստելու, ե՛ւ կրթելու համար, եւ ասեմ, որ մեր ռեկտորն անում է նաեւ անհնարինը, գուցե սա պետք չէ բարձրաձայն ասել, հենց թեկուզ վճարովի տեղերում սովորող ուսանողների համար։ Մեր շրջանավարտները այսօր զարդարում են աշխարհի լավագույն օպերային թատրոնների բեմերը… Է. Գզոյան – Ես մի ցանկություն ունեմ. կուզեի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի եւ Ազգային օպերային թատրոնի միջեւ լիներ սերտ համագործակցություն։ Հայտնի է, որ ոչ մի քաղաքական գործիչ իր ժողովրդի դեմքը չի կարող ներկայացնել այնպես, ինչպես արվեստագետը։ Օ. Զաքարյան – Մեր երգիչների բեմական առաջին քայլերը սկսվում են կոնսերվատորիայում եւ շարունակվում հետո՝ ողջ բեմական կյանքի ընթացքում։ Հիանալի ու նախանձելի վոկալ դպրոց ունենք… Եկեք հաջողություններ մաղթենք մեր շրջանավարտներին՝ վաղվա երգիչներին… ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել