Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարցաքննությունը սկսվեց

Հունիս 09,2001 00:00

Երեկ՝ ժամը 12։50-ին ավարտվեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանի դատաքննական ցուցմունքների ընթերցումը։

«Հոկտեմբերի 27» քրգործով ներգրավված փաստաբան, պաշտպան Կարապետ Աղաջանյանը հանդես եկավ միջնորդությամբ, ըստ որի դատարանից պահանջում էր «որոշակի ժամանակ» (կամ «ողջամիտ ժամանակ»), եթե ամբաստանյալները ցանկություն ունենան գործի նյութերին, մասնավորապես՝ արձանագրություններին, ծանոթանալու։

Նա ասաց, որ դատական նիստերից առժամանակ բացակայած ամբաստանյալներն իրավունք ունեն դատական գործողություններին ծանոթանալու եւ գրառումներ անելու։ Իր պաշտպանի միջնորդությունը, բնականաբար, պաշտպանեց նրա պաշտպանյալը՝ ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը։

Պահը բաց չթողեց եւ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը, որը եռակի անգամ ըմբոշխնելու ցանկություն ուներ սեփական ցուցմունքները. «Ուզում եմ ասել, որ ընթերցանության ժամանակ ես ընկալեցի գրեթե 70%-ով եւ շատ բաներ անհասկանալի մնացին»,- ասաց նա, մոռանալով, որ այս ամենը հրապարակվել է նրա համար, որ իրեն հարցեր տրվեն։

Ամբաստանյալ հնգյակը միացավ վերոնշյալ փաստաբանի միջնորդությանը։ Հնգյակից՝ ամբաստանյալ Աշոտ Կնյազյանի պաշտպանը՝ փաստաբան Մարուսյա Չիլինգարյանը, չմիացավ իր պաշտպանյալին եւ դատարանին էլ հիշեցրեց, որ ինքը միջնորդել էր, որ քրդատի 336 հոդվածի 9-րդ կետը չկիրառվի։ Բայց կիրառվել էր։

Փաստաբան Հ. Ստեփանյանը գտնում էր, որ «մեղադրյալները» (պիտի իմանար, որ նրանք ամբաստանյալներ են- Ռ. Մ.) «ֆիզիոլոգիապես ընդունակ չեն ընկալելու» ընթերցվածը։

Ամբաստանյալներից ՆԳ սերժանտները կարծես այս միջնորդության բավարարումը թողեցին դատարանի վրա։ Կ. Դեմիրճյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը դեմ էր այս միջնորդությանը եւ ասաց, որ «ամբաստանյալների անկեղծ ցուցմունք տալու համար անհրաժեշտ չի ծանոթանալ ցուցմունքներին»։  Նա նկատի ուներ ցուցմունքների «հարմարեցման» հավանականությունը։ Տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ փաստաբանները դեմ էին ժամանակ տրամադրելուն, վերոնշյալ միջնորդության բավարարմանը։

Պետք է նշեմ, որ դահլիճում հաճախ կոշտ ռեպլիկներ էին ուղղվում ամբաստանյալների պաշտպան-փաստաբանների, մասնավորապես՝ Կարապետ Աղաջանյանի հասցեին։

Դատավոր Սամվել Ուզունյանը, երբ նկատեց այդ, դիմեց կարգազանցին, ասելով. «Ձեր գործողությունները սպառնալիք կարող եմ դիտել դատավարության մասնակցի նկատմամբ»։

Փաստորեն, երեկ սկսվեց ամբաստանյալ Ն. Հունանյանի հարցաքննությունը։ Վերջինիս պաշտպանը՝ Արտավազդ Կարապետյանը, մեկ հարց ուներ. ամբաստանյալն ընդունո՞ւմ է իր նախաքննական եւ դատաքննական ցուցմունքները։ Հարցեր տվեցին եւ պաշտպաններ Մ. Չիլինգարյանն ու Կ. Աթաբեկյանը։

Վերջինիս գլուխգործոց հարցը հետեւյալն էր. «Ինչպես կբնութագրեք կադրային բարձրաստիճան պաշտոնյա գեներալի ուսադիրներով ճողոպրումը Վարդանիկի կամ Վարդուշի անվան տակ», ինչը, թե՛ մասնագիտական, թե՛ իրավական առումներով, չես կարող տեղավորել այս լուրջ գործի որեւէ շերտում։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930