Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԳԱՆՔ ՍԽԱԼ ԽՈՍԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր

Հունիս 09,2001 00:00

ՏՈՒԳԱՆՔ ՍԽԱԼ ԽՈՍԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր Մեկ ամիս առաջ մամուլն ու եթերը տաք-տաք քննարկում էին ՀՀ արտգործնախարարի մի արտահայտությունը Արցախի ազատագրյալ տարածքների վերաբերյալ եւ փորձում պարզաբանել նրա խոսքում տեղ գտած «օկուպացված» բառի իմաստը։ Բոլոր հայերը այն հասկանում են «գրավյալ» իմաստով։ Բայց արտգործնախարարը պնդում է, թե ինքը այդ բառը գործածել է «զբաղեցրած» իմաստով, ինչպես անգլերենում է։ Հայերենում կա՞ «օկուպացված» բառը։ Որպես օտար փոխառություն՝ կա։ Ի՞նչ իմաստով է այն գործածվում հայերենում։ Ըստ Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի»՝ օկուպացիա նշանակում է. «Որեւէ պետության կողմից օտար տարածքի զինված գրավումը, զինագրավումը»։ Օկուպացնել նշանակում է. «1. Օկուպացիայի ենթարկել. զինագրավել։ 2. փխբ. Գրավել, տիրել»։ Արտգործնախարարը կա՛մ իր միտքը փորձել է ունկնդիրներից թաքցնել, քողարկել օտար բառերով, կա՛մ պարզապես նա հայերեն լավ չգիտի։ Բայց չէ՞ որ երկու դեպքում էլ նա օրենք է խախտել։ ՀՀ լեզվի մասին օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը պահանջում է. «Պաշտոնական խոսքում ՀՀ քաղաքացիները պարտավոր են ապահովել լեզվի անաղարտությունը»։ Իսկ նույն հոդվածի 1-ին մասը պահանջում է. «Պաշտոնական անձինք եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող ՀՀ քաղաքացիները պարտավոր են տիրապետել հայերենին»։ Չենք կարծում, թե պրն Օսկանյանը հայերեն այնքան չգիտի, որ իրավունք չունենա իր պաշտոնը զբաղեցնելու։ Անշուշտ, նա տարբերում է հայերեն «գրաված» եւ «զբաղեցրած» բառերը եւ բնավ կարիք չուներ, դրանցից չգիտես որի փոխարեն, գործածելու մի օտար բառ՝ առանց իմանալու, թե վերջինս հայերենում երբ, ինչ հանգամանքներում եւ ինչ իմաստներով է գործածվել։ Այս միջադեպը վկայում է լեզվի անաղարտության մասին օրենսդրական պահանջի կարեւորությունը, պահանջ, որ գործադրման լծակներ չունի։ Իսկ ի՞նչ վատ կլիներ, որ պրն Օսկանյանն այս զանցանքի համար գոնե տուգանք վճարեր, որը մի կաթիլով կհամալրեր մեր ճեղքված պետական գանձարանը։ Զ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել