Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային մենթալիտետին հավատարիմ՝ կրթական օջախներում քննությունները անցնում են լարված մթնոլորտում։ Նու

Հունիս 09,2001 00:00

Դպրոց կգնան 6,5 տարեկանից Ազգային մենթալիտետին հավատարիմ՝ կրթական օջախներում քննությունները անցնում են լարված մթնոլորտում։ Նույնիսկ, ինչպես մամուլում արդեն գրվել է, մահվան դեպք է արձանագրվել. Մայակովսկու անվան դպրոցում, կրքոտ վեճի պատճառով, սրտի կաթվածից մահացել է 10-րդ դասարանցի աշակերտներից մեկի պապիկը։ Իսկ վեճի առիթը եղել է այն, որ դպրոցի տնօրինուհին՝ Գայանե Մկրտչյանը, 15 րոպե ուշացումով ներկայացած աշակերտին չի թույլատրել մասնակցել քննությանը։ Մինչդեռ, նույնիսկ մեդալի հավակնորդների կենտրոնացված քննությանն է 10 րոպե ուշացած աշակերտին թույլատրվել մասնակցել քննությանը՝ հաշվի առնելով Գյումրիից Երեւան հասնելու դժվարությունը։ Իսկ մեդալի հավակնորդների կենտրոնացված քննությունների վերջնական արդյունքները դեռ հայտնի չեն, քանի որ 6-7 թեկնածու բողոքարկել են իրենց աշխատանքը։ Բողոքարկված աշխատանքները մեկ անգամ եւս կստուգեն հրավիրված անկախ մասնագետն ու աշխատանքը գնահատած հանձնաժողովի նախագահը։ Բայց քննությունների նախնական արդյունքները դժվար թե այդ բողոքարկման արդյունքում մեծ փոփոխության ենթարկվեն։ Այդ արդյունքները ներկայացնել խնդրեցինք ԿԳՆ-ի միջնակարգ կրթության վարչության պետ Արամ Կարապետյանին։ Դպրոցները մոտ 820 մեդալի հավակնորդ էին ներկայացրել, սակայն ԿԳՆ-ի ստուգումներից հետո միայն 382-ն էր մեդալի թեկնածու լինելուն արժանի համարվել։ Մեդալի համար հանձնվող կենտրոնացված քննություններից առաջինը հայոց լեզուն էր, որին մասնակցել է հավակնորդներից 319-ը միայն։ Մնացած 69-ը, ինչ-ինչ պատճառներով, հրաժարվել էր մեդալ ստանալու իրենց մտադրությունից։ 319-ից միայն 207-ն էր ստացել 19 եւ 20 միավոր։ Մեդալի թեկնածուն, եթե նույնիսկ 19-ից ցածր միավոր է ստացել եւ արդեն զրկվել մեդալի իրավունքից, ցանկության դեպքում կարող է մասնակցել մաթեմատիկայի քննությանը։ 11 հոգի օգտվել էր այդ հնարավորությունից եւ այդ թվում նրանք, ովքեր բողոքարկել էին հայոց լեզվի քննության իրենց գնահատականը։ Մաթեմատիկայի քննությունից հետո մեդալի հավակնորդները 153-ն են, մնացած 63 հոգին 19-ից ցածր միավոր է ստացել։ Սակայն այդ 153-ն էլ դեռ մեդալակիր կոչվել չեն կարող, քանի դեռ ավարտական մյուս քննություններից եւս գերազանց գնահատականներ չեն ստացել։ Այսօր շրջանավարտները արդեն իրենց դպրոցներում, ոչ կենտրոնացված կարգով, եւս մեկ ավարտական քննություն կհանձնեն։ Արամ Կարապետյանի տեղեկացմամբ՝ մեդալի հավակնորդների այդ քննությունները եւս ԿԳՆ-ի վերահսկողությամբ կանցկացվեն։ Հիշեցնենք, որ անցյալ տարի մեդալակիրները 279-ն էին, այսինքն՝ մոտ երկու անգամ ավելի։ Կարելի է ենթադրել, որ բուհերի ընդունելության ժամանակ այս հարցով լարվածությունը երկու անգամ պակաս կլինի։ Կրթության զարգացման պետական ծրագրի ընդունումից հետո ծնողները գլխի չեն ընկնում, թե հիմա յո՞թ, թե՞ վեց տարեկանից երեխաները դպրոց պիտի գնան։ Պարոն Կարապետյանը ճշտեց, որ այս սեպտեմբերին դպրոց պիտի գնան 6,5 տարեկանից (գտնվել է ոսկե միջինը), իսկ 6 տարեկանները, նախորդ տարիների նման, կարող են դպրոց հաճախել մարզպետարանների կրթության վարչություններում գործող բժշկա-հոգեբանական հանձնաժողովների դրական եզրակացության դեպքում։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել