Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերջերս

Հունիս 09,2001 00:00

«ԴԱՍԱԳՐՔՈՒՄ ԱՅՍՊԵՍ Է ԳՐՎԱԾ» Վերջերս առիթ եղավ հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի «Հայ գրականություն» դասագրքին ծանոթանալու (Երեւան, 1997, հեղինակներ՝ Վ. Ներսիսյան, Լ. Մնացականյան)։ Ցավով նկատեցինք, որ դասագրքի գեղարվեստական նյութերում տեղ են գտել բազմաթիվ սխալներ ու վրիպակներ։ Ուստի հարկ ենք համարում ներկայացնել նկատված անճշտություններից գոնե մի քանիսը՝ հարգարժան հեղինակներին ու հրատարակիչներին հորդորելով առավել ուշադիր լինել եւ դասագիրքը վերահրատարակելուց առաջ նյութերը մանրակրկիտ համեմատել գեղարվեստական բնագրերի հետ։ Առաջին աչք ծակող սխալը (թե՞ վրիպակը. դժվար է ասել), որն առիթ դարձավ աչքի անցկացնելու դասագրքում զետեղված գեղարվեստական մյուս նյութերը եւս (հատկապես՝ չափածո), Ռ. Պատկանյանի «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» պոեմի «Ա՜խ, ցոլա՛, փայլե՛, տըխրադեմ լուսին» տողում (էջ 83) «ցոլա»-ի փոխարեն դասագրքում տպված «ցողա» բառն էր։ Եվ երբ անգիր արտասանող երեխային ուղղեցի, պատասխանեց. «Դասագրքում այսպես է գրված։ Եթե ես «ցոլա» ասեմ, դասատուն կասի՝ սխալ է»։ Բնագրից ճիշտ չարտագրված մեկ տառը փաստորեն աղճատել է ամբողջ նախադասության իմաստը. լուսինն ինչպե՞ս կարող է ցողալ։ Նմանատիպ սխալ նկատեցինք նաեւ Մ. Պեշիկթաշլյանի «Եղբայր եմք մեք» (դասագրքում՝ «Եղբայր ենք մենք») բանաստեղծության մեջ. «Ի բույր ձայնից բնության շքեղ» (էջ 92)։ Այստեղ էլ «բյուր» (անթիվ, անհամար) բառի փոխարեն տպվել է «բույր» (հոտ), որը ոչ մի կապ չունի ձայնի հետ. «բնության անթիվ ձայներից» իմաստի փոխարեն թարգմանվում է «բնության հոտ ձայներից» անհեթեթությունը։ Նույն հեղինակի մեկ այլ՝ «Գարուն» բանաստեղծության մեջ (էջ 90) «հովիկ», «թռչնիկ», «հառաչք» բառերը տպված են «ն» որոշիչ հոդով. «Բայց չես հովիկն իմ հայրենյաց»։ Եթե դասագրքում պահպանում ենք բնագրի գրության ձեւը (գրաբար, միջին հայերեն թե արեւմտահայերեն), ապա պետք է պահպանենք ամբողջությամբ, ոչ թե տեղ-տեղ՝ որտեղ ինչպես ցանկանանք։ Այս դիտողությունը վերաբերում է դասագրքի բնագրային բոլոր նյութերին։ Բնականաբար, պետք է պահպանվեր նաեւ բնագրի կետադրությունը։ Սխալներ են հանդիպում նույնիսկ վերնագրերում. «Քաղաքավարության վնասներ» (էջ 140)՝ փոխ. վնասները։ Այս ստեղծագործության դասագրքային տարբերակում անհեթեթություններ են առաջացել որոշ բառերում տառերի տեղափոխության հետեւանքով, ինչպես՝ «-Գլուխս վրա, ձեզի անանկ կոշիկ մը շինեմ8230.», փոխ. գլխուս վրա։ Կամ՝ «-Անգամ մը մտան նե» (կոշիկի մասին է խոսքը), փոխ. մտնա նե։ Անհեթեթություն է առաջացել նաեւ բառի բացթողման պատճառով. «… մեր խանութին պատիվը չենք կրնար անանկ մեծ, լայն ու տձեւ կոշիկներ կարելով»։ Բաց է թողնված «կոտրել» բառը («պատիվը չենք կրնար կոտրել»)։ Նույն նյութում կա նաեւ անհարկի բառափոխարինություն. «… զույգ մը կոշիկ կուզեմ պատվիրել»՝ բնագրի ապսպրել-ի փոխարեն։ Եթե մտածել են, որ երեխան այս բառը չի հասկանա, կարող էին բառի բացատրությունը ծանոթագրության մեջ նշել։ Բայց մեկ այլ նախադասության մեջ պահպանել են, ընդ որում՝ հոգնակի առաջին դեմքի փոխարեն եզակիով. «Հարյուր անգամ ալ ապսպրեցի»։ Ինչպես այս, այնպես էլ այլ նյութերում սխալներ են առաջացել նաեւ դիմային կամ հոլովական վերջավորությունների շփոթի հետեւանքով. «Միայն կուզեն, որ ոտքս կոշիկի մեջ կարենա շարժիլ»։ Այնինչ ուզողը խոսողն է՝ Սեդրաք աղան, ոչ թե երրորդ դեմքով ինչ-որ անձինք։ Կետադրական սխալները նույնպես շատ են։ Նշենք միայն մեկ օրինակ. «Թե՛ խամ հագնիս, թե՛ զար հագնիս, կու շինիս ղումաշ, նազանի»։ Ճիշտ է, կրկնադիր շաղկապները շեշտ են կրում, բայց այստեղ թե-երն այլ իմաստ են արտահայտում։ Դրանք շեշտելու դեպքում իմաստը հետեւյալ կերպ է ընկալվում՝ եւ՛ խամ (հասարակ կտոր) հագնես, եւ՛ զար (ոսկեթել գործվածք) հագնես։ Մինչդեռ Սայաթ-Նովայի այս հանրահայտ տողի իմաստն է՝ ինչ էլ որ հագնես՝ խամ թե զար, դարձնում ես նուրբ կերպաս, այսինքն՝ դո՛ւ ես տեսք տալիս հագուստին։ Քիչ չեն նաեւ վրիպակները, բայց դրանք, իհարկե, «չարյաց փոքրագույնն» են։ Եթե ժամանակակից լեզվով գրված նյութերում երեխան սովորական վրիպակները կարող է նկատել եւ ուղղել, ապա այս դասագրքում զետեղված գեղարվեստական բնագրերում նա չի կարող ճիշտն ու սխալը ինքնուրույն տարբերել, եւ կամա թե ակամա սխալն ամրապնդվում է նրա հիշողության մեջ։ Լեզվական առումով այս դժվարամարսությունը հաշվի առնելով՝ հարկավոր էր առավել ուշադիր լինել եւ գոնե բնագիրը ճիշտ արտագրել։ Այնուհանդերձ, թող տպավորություն չստեղծվի, թե չենք գնահատում դասագիրք կազմելու չափազանց դժվար ու աշխատատար գործը, բայց պետք է կազմել խնամքով, պատասխանատվության մեծ զգացումով։ ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել