Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուղեւորը ինչպիսի փաստաթուղթ էլ ներկայացնի վարորդին կամ տոմսավաճառին,

Հունիս 09,2001 00:00

«Իմը մշտական չի, պաստայաննի է» Ուղեւորը ինչպիսի փաստաթուղթ էլ ներկայացնի վարորդին կամ տոմսավաճառին, վերջիններիս մոտ պարտադիր կարգով առաջանում է դժգոհություն։ – Այդ ինչ փաստաթուղթ է,- հարցնում է վարորդը իջնող ուղեւորին։ – Աֆղանստանի պատերազմի մասնակցի,- ասենք, լինում է պատասխանը։ Վարորդը շատ չի զայրանում, բայց հուշում է, որ գրքույկի փոխարեն անհրաժեշտ է մշտական տոմս ցույց տալ։ Սա դեռ ոչինչ։ Սակայն հասարակական տրանսպորտից օգտվողներս համարյա ամեն օր ականատես ու մասնակից ենք լինում անհարկի վիրավորանքի, լսում տեղի ու անտեղի հիշոցներ։ Եվ առանց այդ էլ անտանելի այս կյանքը ավելի է գորշանում։ Երկու հենակներով «զինված» մարդը մետրոյի «Բարեկամություն» կանգառի մոտ մի կերպ բարձրացավ թիվ 25 երթուղու 874SU63 ավտոբուսը։ Հենց այդ պահին էլ տոմսավաճառի դերը կատարող 13-14 տարեկան պատանյակը նրան շշպռեց, թե այդ օրվա ընթացքում ծերունին արդեն մի քանի անգամ է նստում իրենց ավտոբուսը։ Ուղեւորների դիտողությունները նշանակություն չունին պարտուսից դուրս մնացած այդ տղայի համար։ Նա չմոռացավ իջնելիս էլ վիրավորել ուղեւորին եւ սպառնալ, որ այլեւս թույլ չի տա օգտվել իրենց ավտոբուսից։ Պարզվում է, որ ուղեւորների անվտանգությունը, մարդավայել սպասարկումը որոշ վարորդների բացարձակապես չի հետաքրքրում։ Հանուն դրամի նրանք բանուկ փողոցում կարող են իրար վազանցել, գազոն մտնել, գրավել մայթը։ Միայն թե հաջորդ կանգառ մյուսից շուտ հասնեն՝ ուղեւորներ զավթելու համար։ Այդպես էր վերջերս Կոմիտասի շուկայի մոտ դեպի Նորք գնացող թիվ 28 երթուղու 62LU211 եւ թիվ 25 երթուղու 17SL179 ավտոբուսների վարորդների կռիվը «Էս ճամփեն իմն է, էս կանգառն իմն է» նշանաբանով։ Ոմանց համար էլ մշտական ունեցողները աչքի գրող են։ – Մշտական ունեցողների համար դուռը չեմ բացելու,- հերթական կանգառին հասնելիս հայտարարեց թիվ 25 երթուղու 61UU701 մեքենայի վարորդը։ – Իմը մշտական չէ, վարպետ ջան, իմը պաստայաննի է,- փորձեց արդարանալ իջնողներից մեկը։ Բայց թիվ 25 երթուղու 596SL65 ավտոբուսի տոմսավաճառը, զննելով ուղեւորներից մեկի մշտականը, դժգոհեց, թե ինչու դրա վրա գրված չէ 2001, այլ ուղղակի՝ 01։ Իսկ ուղեւորներից մեկին էլ, որ կանգնած էր եւ մշտականը ցույց տալու հնարավորություն չուներ, ասաց. – Կարիք չկա, տիկին, հավատում եմ։ Պարզ ու անկեղծ այդ տղան իր ուղեւորներից շատերին է ճանաչում, հաճախ էլ նրանց հալն ու քեֆն է հարցնում։ Ցավալիորեն եզակի դեպք է։ Եվ, ցավալիորեն, ինչո՞ւ է ջերմությունը պակասել մեր կյանքում, եւ բարի վերաբերմունքը, տարրական կուլտուրան, զսպվածությունը դարձել են դեֆիցիտ։ ՇԱՎԱՐՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել