Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱրմենՏել» Լոռու մարզային ձեռնարկությունում (կամ՝ «Կիրովականի քաղաքային կապի հանգույցում»- ինչպես նշ

Հունիս 09,2001 00:00

ՄԻՆՉ ԱԺ-ՈՒՄ ՄԵ՜Կ… ԵՐԿՈ՜Ւ… «ԱՐՄԵՆՏԵԼԸ»՝ ՄԵԿ-ԵՐԿՈՒ, ՄԵԿ-ԵՐԿՈՒ «ԱրմենՏել» Լոռու մարզային ձեռնարկությունում (կամ՝ «Կիրովականի քաղաքային կապի հանգույցում»- ինչպես նշված է հիշյալ հաստատության շենքի մուտքի՝ խորհրդային ժամանակվա ցուցանակին) վերջերս մի հետաքրքիր վեճ էր տեղի ունենում. «հանգույցի» աշխատողների հետ վեճի էր բռնվել «լույսի մարդը» (ոմն), որի հեռախոսը, ի թիվս այլ «դժբախտ» բաժանորդների, անհիմն «կապազրկել» էին։ Վերջինս, համարժեք այլ սպառնալիք չգտնելով, սպառնաց… անջատել իր հեռախոսն անջատողների լույսը (ակն ընդ ական)։ Դիտարկումները ցույց են տալիս, որ կապի համակարգում կարծես թե չեն սիրում հեռախոսավարձը կանոնավոր մուծող քաղաքացիներին (ժամանակին չմուծելն ավելի ձեռնտու է «ԱրմենՏելին», քանի որ այդ դեպքում ահռելի տուգանքներ «կգջլեն» քաղաքացիներից՝ համաձայն իրենց սահմանած ու պարբերաբար փոփոխվող օրենքների)։ Սովորաբար, հենց կանոնավոր մուծող բաժանորդների հեռախոսագծի հետ «խաղալը» դարձել է սովորական երեւույթ։ Այդ կարգի անջատումները սովորաբար արդարացվում են խուսափողական տարբեր պատասխաններով. «Երեւի պարտք եք» (այս դեպքում քաղաքացին պարտավոր է մի լրացուցիչ անգամ, բանուգործը թողած գնալ կապի բաժանմունք, հերթ կանգնել, անդորրագիր ներկայացնել (հաճախ՝ աշխատողների հետ ակամա «լեզվակռվի» ներքաշվելով), մի կերպ ապացուցել, որ ինքը պարտք չէ, որից հետո միայն գերնյարդայնացած հեռանալ ու սպասել, թե երբ կմիացնեն անհիմն անջատած հեռախոսը։ Եթե ցանկանում է, որ շտապ միացնեն, պետք է վազվզի այս ու այն բաժիններով, մեծագույն ակնածանքով փորձի տեղեկանալ իրեն անհրաժեշտ բաժնի համապատասխան աշխատողի աշխատանքային ռեժիմի մանրուքների մասին)։ Եթե անջատած հեռախոսահամարի պարտք լինելու վարկածը առավել շուտ է հերքվում, այս դեպքում անմիջապես առաջ է քաշվում արդարացման նոր տարբերակ. «Ձեր գիծը վնասված է» (անշուշտ, նկատի չի առնվում այն, որ ինչ-որ մեկի թեթեւ ձեռքով հեռախոսագիծը կարող է դիտավորյալ անջատվել, որն իսկապես համարժեք է վնասվածի)։ Հեռախոսագիծն անհիմն անջատելու հետ, ի դեպ, անմիջականորեն կապ ունի հետեւյալ երեւույթը։ Երբեմն բաժանորդների մուծած գումարները չեն մուտքագրվում համակարգչի մեջ (որի արդյունքում հեռախոսահամարի վրա մեխանիկորեն գումարային հավելագրում է տեղի ունենում)։ Այս դեպքում վայն եկել-տարել է այն բաժանորդներին, ովքեր անդորրագիրը կորցրած լինեն։ Բնականաբար, դժվար չէ պատկերացնել այն օգուտների չափը, որ կունենան մուտքագրողները։ Այս կարգի խաղեր խաղում են այն բաժանորդների գլխին, ովքեր մշտապես միջքաղաքային խոսակցություններ են ունենում կամ երբ տվյալ հեռախոսահամարից 2 բաժանորդ է օգտվում։ Եթե նախորդ մուծումների անդորրագիրը քաղաքացու մոտ պահպանվում է, բայց համակարգչի մեջ մուտք չի եղել, ապա աշխատողները փորձում են համոզել, թե «անդորրագիրը թողեք՝ մենք կպարզենք»։ Եթե բաժանորդը այնքան «հարիֆ» չէ, որ իր միակ հավաստագիրը վստահի, ապա ստիպված է… պատճենահանել (լրացուցիչ գումար մուծելով) եւ թողնել «պարզելու»։ Այս ամենի արդյունքում «ռազբորկաներն» անպակաս են։ Իսկ վերջերս «ԱրմենՏելը» հերթական անգամ փոխեց հեռախոսավարձի մուծման ժամկետը՝ ամսվա վերջին օրից… ետ բերելով ամսի 25-ը։ Հենց դա էլ հիմք ընդունելով, մայիսի 25-ին, հանրապետության անկախության օրվա նախօրեին եռօրյա սյուրպրիզ մատուցելով, «ԱրմենՏելը» անջատեց բազմաթիվ վանաձորցիների հեռախոսահամարները եւ, քանի որ առջեւում ոչ աշխատանքային 3 օր կար (շաբաթ-կիրակին ներառյալ), ուստի այդ օրերին շատերը, չկարողանալով ապացուցել իրենց հեռախոսահամարի «անմեղությունը», հեռախոսներից զուրկ մնացին։ Ի դեպ, բաժանորդների մի մասը հակված էր կարծելու, թե հեռախոսներն անջատելու մի պատճառն էլ այն էր, որ այդ օրը քաղաքում նպաստներ էին բաշխվում եւ «ԱրմենՏելը» պատմական ամենա«ճիշտ» պահն էր ընտրել։ Նշենք, որ մուծման ժամկետի ստույգ օրվա վերաբերյալ մայիսի 25-ի դրությամբ որեւէ գրավոր հիշատակություն չկար կապի բաժանմունքում։ Այդ առթիվ հայտարարություն չէր եղել նաեւ մամուլում կամ հեռուստառադիոեթերում։ Փաստորեն, մինչ ԱԺ-ում քննարկումներ են գնում, թե ի՞նչ անեն, որ միջոցներ ձեռք առնվեն «ԱրմենՏելի» կամայականություններին վերջ դնելու համար, «ԱրմենՏելը» պարբերաբար նորանոր ֆոկուսներ է հնարում։ Ինչո՞ւ «ԱրմենՏելի» կամայականությունները ուզած-չուզած հանդուրժող վերադաս մարմինները նրանից… «օրինակ» չեն վերցնում, երբ ուշացվում են աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները, եւ ուշացումների համար տուգանք չեն վճարում քաղաքացիներին։ Սա՝ ընդամենը մեկ բնագավառ էր, որի հետ առնչվող դժգոհություններն անպակաս են։ Եթե սրան գումարենք նաեւ մյուս բնագավառները՝ դժվար չի լինի պատկերացնել, թե ինչն է պատճառը, որ բնակչության շրջանում այդքան մեծ են սթրեսները, կաթվածներն ու անժամանակ մահացությունները, որոնք միշտ չէ, որ սոցիալական պայմանների արդյունք են։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել