Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բայց շարունակում են գնել

Հունիս 09,2001 00:00

ՄԱՐԴԻԿ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ԷԺԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ Բայց շարունակում են գնել Երեւանի տարբեր փողոցներում, վերջին 1-2 տարիների ընթացքում, մեկը մյուսի ետեւից բացվեցին խանութներ, որոնց ցուցանակների վրա գրված է՝ «ապրանքներ ցածր գներով»։ Սակայն իրականում առեւտրի մյուս կետերի՝ շուկաների հետ համեմատած («Ֆիրդուսի», «Սուրմալու»), այդ խանութների ապրանքների գները այնքան էլ ցածր չեն, գրեթե նույն սակագներն են, նույն ապրանքն ու որակը։ Ըստ որոշ աղբյուրներից ստացված տեղեկությունների, այդ խանութների ապրանքները ներկրվում են Սադախլոյից։ Խանութներում վաճառվում են ամենատարբեր ապրանքներ եւ ցանկացած մանրուք այդտեղ կարելի է գտնել՝ սկսած ասեղ-թելից, վերջացրած հագուստեղենով։ Կան մեկ-երկու խանութներ, որոնց ապրանքների գները՝ համեմատած մյուս էժան խանութների ապրանքներին, 10-20, նույնիսկ 30 դրամով ցածր են։ Հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ են էժան այդ ապրանքները։ Պատասխանը ամենուրեք հետեւյալն է. «Քանի որ անմիջապես մենք ենք բերում եւ ոչ թե ուրիշից ենք գնում»։ Իսկ երբ կասկածանքով ապրանքի որակից ենք հարցուփորձ անում եւ հետաքրքրվում, թե արդյո՞ք փորձել են եւ ինչ խորհուրդ կտան, վաճառողուհիները համոզիչ ձայնով ասում են՝ «իհարկե փորձել ենք, շատ լավն են»։ Բոլորին է հայտնի, որ պարսկական ապրանքը, լինի ասեղ, որը մեկ անգամ կարելուց հետո ծռվում է, մկրատ, որը կարգին չի կտրում, խաղալիք, թե հագուստ, անորակ են։ Խանութներին ապրանքով սպասարկող մարդկանց համար ինչ կարեւոր է, թե ինչ ապրանք են ներկրում, կարեւորը, ինչպես իրենք են ասում՝ «ծախվող ապրանք է» եւ վերջ։ Մարդիկ էլ իմանալով ապրանքի անորակ լինելը, զարմանալիորեն այնպիսի հերթեր են գոյացնում խանութների առաջ, որ խանութի աշխատակիցները երբեմն փակում են դռները՝ ամեն անգամ ներս թողնելով 5-6 հոգի։ Խանութների տերերն էլ ջանք չեն խնայում ամեն ինչ դասավորելու այնպես, որ հաճախորդը, ներս մտնելով, իրեն պատկերացնի արտասահմանյան որեւէ խանութում։ Ոտքդ մուտքից ներս դնելուն պես քեզ են պարզում դատարկ զամբյուղը, կարծես ուզենալով հասկացնել, որ այն պետք է անպայման լցվի։ Ապա պահանջում են պայուսակը թողնել իրենց մոտ եւ շարժվել առաջ։ Երբ մուտքի մոտ կանգնած զամբյուղ բաժանող աշխատակցին փորձում ես բացատրել, որ առեւտուր անելու մտադրություն չունես, այլ պարզապես ուզում ես ծանոթանալ ապրանքներին եւ գներին, միեւնույն է, պարտադրում են թողնել պայուսակդ եւ վերցնել զամբյուղը։ Նմանատիպ խանութների ներսում տիրում է խիստ հսկողություն։ Յուրաքանչյուր բաժին ունի իր վաճառողուհին, որն էլ ուշի ուշով հետեւում է (եթե չհաշվենք միլիցիոներներին, որոնց աչքից ոչինչ չի վրիպում) մարդկանց շարժումներին։ Ըստ խանութների աշխատակիցների, հաճախ են գողություններ լինում։ Նրանց պատմելով, առաջ, երբ միլիցիոներ չկար, եւ վստահելով այնքան էլ ուշադրություն չէին դարձնում մարդկանց արարքների վրա, վերջիններս առիթից օգտվելով գողություն էին անում։ Ըստ աշխատակիցների, խստացված հսկողությունը տվել է իր դրական արդյունքը. «Հիմա քիչ են գողություն անում, կարելի է ասել՝ գրեթե չեն անում։ Մենք էլ մեր հերթին ենք ուշադիր, որպեսզի նման բան տեղի չունենա։ Առաջ գրեթե ամեն օր վեճի մեջ էինք հաճախորդների հետ»,- ասաց նրանցից մեկը, ավելացնելով, որ շատ մարդիկ խանութ էին մտնում միայն գողության նպատակով։ Արդյոք գո՞հ են մարդիկ այդ խանութների ապրանքների որակից. «Ոչ, գոհ չեմ, անորակ ապրանքներ են, բայց քանի որ էժան են, ստիպված առնում ենք։ Այդ 10-20 դրամն էլ բան է… Ճիշտ է, երկար չեն դիմանում, բայց որ էժան են, որակին այնքան էլ ուշադրություն չենք դարձնում»,- ասաց այդ խանութների մշտական հաճախորդ մի կին։ Որքան էլ տխուր, բայց փաստ է, որ այսօր Հայաստանի բնակիչը ձգտում է էժան եւ անորակ ապրանքի միայն սոցիալական ծանր պայմաններից ելնելով։ Նա ինքն էլ է գիտակցում, որ գնելով անորակ ապրանք, ստիպված է լինելու մի քանի օրից, գուցեեւ՝ ժամից, կամ, լավագույն դեպքում՝ շաբաթից դա փոխարինել մեկ ուրիշով (բնականաբար, նորից անորակ ապրանքով)։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել