Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անդուր» հարցեր չտաք…

Հունիս 09,2001 00:00

«Անդուր» հարցեր չտաք… Այն, ինչը չի լուսաբանվել նախագահական այցից ՀՀ նախագահի՝ Վանաձոր կատարած հերթական այցելության ժամանակ որոշ կոլեկտիվներում ղեկավարության կողմից հանձնարարականներ են տրվել աշխատողներին՝ նախագահի հետ հնարավոր հանդիպման ընթացքում «անդուր» հարցեր չտալ, թե չէ՜…։ Ըստ հավաստի աղբյուրների, կոլեկտիվներից մեկում էլ բանվորներին հավաքել- «փակել» են ճաշարանում, մինչեւ այցելությունն ավարտվի։ Այնուամենայնիվ, քիմմանրաթելերի գործարանում, որտեղ նախագահի այցելությունը հեռվից դիտող մանրաթելագործներին արգելվել է մոտենալ հյուրերին, նախկին աշխատողներից մի քանիսը, չցանկանալով տեղավորվել ընդհանուր «ստանդարտի» մեջ, կարողացել են նախագահական խմբին մոտենալու թույլտվություն ստանալ (նախապես իրենց խնդիրքը ներկայացնելուց հետո)։ Վրդովված կանանց, անշուշտ, չէր կարող համոզել նախագահին մոտենալ թույլ չտվող խմբի անդամներից մեկի այն հորդորը, թե «Կգաք Երեւան, մենք ձեր նամակը կհանձնենք նախագահին»։ Ի վերջո, մոտենալով նախագահին, մանրաթելագործները (որոնց բողոքները քանիցս տպագրվել են հանրապետական մամուլում) հետաքրքրվել են. «Ինչո՞ւ գործարանի սեփականաշնորհումից հետո աշխատողների մի մասի հետ վարվել են ինչպես… մի պարկ կարտոֆիլի հետ, եւ վերջիններս հայտնվել են «շպրտված» վիճակում, ինչո՞ւ իրենց աշխատանքից ազատելուց հետո լիկվիդացիոն գումարները չեն վճարվում, ինչո՞ւ իրենց աշխատանքային եւ բաժնետեր լինելու իրավունքները չեն պաշտպանվում»։ Վերջիններիս ակնհայտորեն չի բավարարել նախագահի այն պատասխանը, թե «գործարանը ծախել ենք»։ Կարծում ենք, մանրաթելագործների բողոքը, որոնց աշխատանքային իրավունքները ոտնահարվել են, մինչեւ նախագահ չէր հասնի, եթե մինչեւ այդ վերադաս համապատասխան ատյաններին գրած նրանց բողոքներին ընթացք տրվեր։ Այլ, առավել «անդուր» մանրամասներ, որոնք դուրս են մնացել «նախագահի այցը լուսաբանող» հրապարակումներից, ճշտել չհաջողվեց։ Նշենք, որ մամուլի ասուլիսին էլ մասնակցել են բացառապես ընտրովի ԶԼՄ-ների ներկայացուցիչները, առանց ընդդիմադիր կամ ոչ իշխանամետ ԶԼՄ-ների ներկայության։ Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել