Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈԽԶԻՋՄԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 09,2001 00:00

ՓՈԽԶԻՋՄԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ Օրերս արեւմտյան մի մեկնաբան, խոսելով Մերձավոր Արեւելքի ճգնաժամի մասին, կշտամբեց իսրայելական եւ պաղեստինյան լիդերներին, թե նրանք սեփական ժողովուրդներին չեն նախապատրաստել փոխզիջումային լուծումներին: Այդ առիթով ես հիշեցի Քերի Քավանոյի նմանատիպ դիտողությունը. նրա կարծիքով, ղարաբաղյան կոնֆլիկտի մեջ ներգրավված ժողովուրդները առայժմ հոգեբանորեն պատրաստ չեն որեւէ փոխզիջման: Ցավոք, այդ գնահատականը հաստատվում է սոցիոլոգիական հետազոտություններով. այսօր մեզ մոտ՝ Հայաստանում, փոխզիջման գաղափարն ընդունում է հարցման մասնակիցների 15 տոկոսը, իսկ հարեւան պետությունում, հնարավոր է, ավելի քիչ: Բայց հարց է առաջանում՝ ինչ է, ըստ էության, նշանակում՝ պատրաստ լինել փոխզիջմանը: Ինձ թվում է, որ մարդը հոգեբանորեն պատրաստ է փոխզիջմանը այն դեպքում, երբ գիտակցում է, որ ստեղծված իրավիճակում, իրական ուժերի (այդ թվում՝ միջազգային) տվյալ դասավորության պայմաններում իր առավելագույն պահանջները չեն կարող կենսագործվել: Այնուհետեւ, մարդը իսկապես հակված է փոխզիջման, երբ համոզված լինելով սեփական ճշմարտության մեջ (չէ՞ որ ճշմարտությունն ու իրավունքը, բնականաբար, իր կողմն են), պատրաստ է, այնուամենայնիվ, ինչ-որ բան տալ: Ընդ որում, խորհելով խնդրի այս կամ այն տարրի մասին, նա իրեն թույլ չի տալիս սեւեռվել այդ տարրերից մեկի վրա՝ որքան էլ այն կարեւոր թվա: Քանզի նա խնդիր է դնում ամփոփել զանազան դրական եւ բացասական գործոնների ընդհանուր արդյունքը, որը եւ կազմում է խնդրի բովանդակությունը իր ամբողջականության մեջ: Էական է, որ փոխզիջմանն իմ նվիրվածությունը այնքանով է մեծ, որքանով վճռական եմ ես մերժում հարցի ուժային լուծումը: Իսկապես. եթե ես բռնության սկզբունքային հակառակորդն եմ, ապա ինձ համար կոնֆլիկտի փոխզիջումային լուծումը միակ հնարավորն է: Եվ վերջինը. եթե պատերազմը նորից չոքի մեր դռանը, ապա ես ստիպված կլինեմ ընդունել, որ դրանում մեղք ունի նաեւ իմ անպատրաստվածությունը փոխզիջմանը, որը երբեք հեշտ չի լինում: Լ.-Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել