Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեւանի քաղկոմի երեկվա հանրահավաքը, ինչպես Խորեն Սարգսյանը «գաղտնազերծեց», ստուգողական նպատակ ուներ.

Հունիս 09,2001 00:00

Ելույթներ՝ համեմված ոտանավորներով Երեւանի քաղկոմի երեկվա հանրահավաքը, ինչպես Խորեն Սարգսյանը «գաղտնազերծեց», ստուգողական նպատակ ուներ. «փորձեցինք պարզել, թե մի հայտարարությամբ ինչքան ժողովուրդ կմասնակցի»։ Իսկ Հրանտ Ոսկանյանի ներկայացմամբ, հանրահավաքը կազմակերպվել էր մեկ անգամ եւս «Ռուսաստան-Բելառուս» միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ վճռականություն հայտնելու եւ հանրաքվեի անցկացման պահանջ ներկայացնելու համար։ Չնայած «տժժան» արեւին, հավաքվածները քիչ չէին ու շարքերում մարդիկ խոսում էին նաեւ ԲԷՑ-երի մասնավորեցման անթույլատրելիության, ջրի եւ այլ խնդիրների շուրջ։ Իսկ «Ռուսաստան-Բելառուս» միությանն անդամակցելու անհրաժեշտության վերաբերյալ հանրահավաքի ընթացքում իրենց ձայնը Հայկոմկուսին միացրին մի շարք եղբայրական միությունների ներկայացուցիչներ։ «Պաշտոնական տվյալներով, Երեւան մուտք է լինում 13000 մ3 ջուր, այնինչ 1000 մ3-ը բավական է։ Այսինքն՝ մենք վճարում ենք մեր չխմած ջրի համար, իսկ շահույթը տանում են իրենց երկրները», Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար Յուրի Մանուկյանն այսպես վերծանեց կուսակցության ակտիվիստ ընկեր Ալավերդյանի ելույթը, ավելացնելով. «ահա, թե ինչին էր վերաբերում Ալավերդյանի խոսքը»։ Հանրահավաքը, շնորհիվ բանաստեղծուհի Նարգիզ Տերունցի, համեմվեց պոեզիայով։ Նա արտասանեց իր այն բանաստեղծությունը, որը գրել էր, երբ «Լեւոնը հրաժարական էր տվել». «Խոխան եկալ ա՝ դարձել թագավոր, Մարդասպաններին դարձրել է քավոր…»։ Թեեւ ընկեր Տերունցը համապատասխան «ակցենտով» էր արտասանում, բայց բանաստեղծության շարունակությունը տպագրության ենթակա չէ՝ ֆիզիկական արատների նկարագրության եւ աչք ու ականջ առանձնապես չշոյելու պատճառով։ Այնուամենայնիվ, նմանատիպ մի ոտանավոր էլ բանաստեղծուհին որպես հանելուկ առաջարկեց, որի պատասխանը եղավ՝ «Ռոբերտ Քոչարյան»։ Սակայն այս պոեզիայի տպավորությունն էլ կարող էր փչանալ, հնչած ելույթների իմաստն էլ, եթե կազմակերպիչները ենթարկվեին մի պապիկի սադրանքին։ Այդ պապիկը, որն, ըստ երեւույթին, «դեսանտ» էր իջեցվել հանրահավաքը խանգարելու նպատակով, ուզում էր ելույթ ունենալ ու ասել, որ իբր Հայկոմկուսն իր դիրքերում չէ։ Իհարկե, հրահրող մի քանի արտահայտություններ էլ արեց, որին տուրք չտրվեց շնորհիվ Լեոնիդ Սամսոնիչի համբերատարության ու կիրթ խոսելաձեւի (տվյալ դեպքում)։ Վերջում արդեն ընկեր Հակոբյանը գլուխ չդրեց «դեսանտայինի» հետ ու նրան հրաժեշտ տվեց «բարի լույս»-ով ու ձեռքի մի շարժումով։ Միջադեպն աննկատ մնաց։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել