Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հիշողությունը բարոյական կատեգորիա է։ Հիշողությունից փախչելու փորձերը, հիշողության՝ այսօրվա ժամանակավ

Հունիս 09,2001 00:00

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾԵԼԸ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է Հիշողությունը բարոյական կատեգորիա է։ Հիշողությունից փախչելու փորձերը, հիշողության՝ այսօրվա ժամանակավոր շահերից թելադրված վերաձեւումները, «խմբագրումները»՝ անբարոյական։ Բայց արի ու տես, որ մարդկության հավաքական հիշողությունը՝ պատմությունը, եւ մանավանդ ոչ թե հին, այլ նորագույն պատմությունը, հաճախ «աչքաչափով» է գրվում եւ առանց ամոթի, առանց խղճի խայթի աղավաղում նույնիսկ այն, ինչ ինքդ ես տեսնում քո տան պատուհանից։ Գրող եւ հրապարակախոս Պ. Զեյթունցյանը իր վերջին տարիների մի շարք հրապարակումներում իրականությունը այնպես է ներկայացնում, թե Խորհրդային Հայաստանը մի դրախտավայր էր, որը քանդեցին եւ կործանեցին ՀՀՇ-ն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Որ նրանք սկզբնավորեցին կաշառակերությունը, անօրինականությունը, արտագաղթը, տնտեսական ու բարոյական անկումը։ Անիմաստ է այս ամենը հերքել՝ փաստեր ու փաստարկներ բերելով, քանի որ դա ժամանակին շատ ավելի լավ արել է հենց ինքը՝ Պ. Զեյթունցյանը՝ իր 1987-90թթ. գրած հրապարակախոսական հոդվածներում։ Ստորեւ բոլոր մեջբերումները կատարում ենք նրա հիշյալ հոդվածների՝ «Ցուլերը դեռ այնտեղ են» ժողովածուից (Եր. 1990թ.)։ ա) Խորհրդային Հայաստանի տնտեսական վիճակը «Մենք «մեծ տաղանդով» քայքայեցինք երկիրը, հասանք մինչեւ զարգացած սոցիալիզմ, հետո կանգնեցինք պարենային ծրագրի ընդունման տխուր անհրաժեշտության առջեւ։ Հիմա տաղանդը արդեն քիչ է, հանճար պետք է լինել՝ տասնամյակների ընթացքում քայքայվածը մի քանի տարում վերակառուցելու համար, որովհետեւ քանդելը միշտ էլ ավելի հեշտ է, քան կառուցելը։ Խորհրդային Միության հնգակի հերոս… Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւը իրո՛ք հերոսական ջանքերով մեզ բերեց հասցրեց անդունդի եզրին» (էջ 18-19, 1988, սեպտեմբեր)։ «Քարտային սիստեմը արդեն վերացել է, բայց ո՞վ չի հիշում հացի վայրենի հերթերը, մի բառ, որ արեւմտահայերենում գոյություն իսկ չունի եւ «թարգմանվում» է որպես պոչ։ Ի՞նչ պոչ։ Եվ թեկուզ ի՞նչ հերթ։ Հայոց լեզուն մարդկային ստոր կրքերի, կռիվների, դանակահարության դժոխային այդ խրախճանքը մերժում է հերթ կոչել… Սոցիալիզմի ամոթը՝ հերթերը, աննախընթաց շեշտակի վերելք էին ապրում, մի ամոթ, որ որպես թանկագին ժառանգություն՝ մինչեւ օրս քարշ ենք տալիս մեզ հետ։ Ասում էին, թե երկիրը նոր է պատերազմից դուրս եկել… ինչո՞ւ արտասահմանյան երկրներում, որոնք նույնպես զոհ էին դարձել ավերիչ պատերազմին, նման նախնադարյան խեղճություն չկար» (էջ 76, 1989, ապրիլ)։ «Բեզարել ենք ժրաջան մրջյունների պես կեր ու հագուստեղեն փնտրելուց, զանազան խանութպանների սիրաշահելուց, որ պանիր կամ լվացքի փոշի պահեն մեզ համար… հոգնել ենք պաշտոնավոր եւ անպաշտոն միլիոնատեր ավազակներից, ժողովրդի մարմնից ոչ մի կերպ պոկ չեկող տզրուկներից, կաշառքի օրեցօր մեծացող չափերից, արդարադատության հիվանդ մեխանիզմից, մեր սեփական իրավունքների համար պայքարելուց…» (էջ 54, 1989, մարտ)։ բ) Արտագաղթը Խորհրդային Հայաստանից «Եվս ցավալի մի երեւույթի՝ արտագաղթի մասին։ Թվում էր, թե մեր կյանքի դեմոկրատացումը պետք է նպաստեր արտագաղթի նվազմանը։ Իսկ ինչո՞ւ չնվազեց, այլ ընդհակառակը՝ ավելացավ… Չեմ թաքցնում, մեզանում կան որոշ մարդիկ, նույնիսկ՝ ղեկավարներ, որ ձեռքն անտարբեր թափ են տալիս, այսինքն՝ գնում են՝ թող գնան, մի քանի հազար մարդու լինել-չլինելուց ժողովուրդը չի տուժի (էջ 8, 1987, դեկտեմբեր)։ «…Իսկ ես մեր տեղական մամուլում արդյոք իրավունք ունե՞մ խոսելու տաղանդավոր քանդակագործ Արտո Չաքմաքչյանի մասին, որը նույնպես արտագաղթեց՝ մեծ մաքսատուրք վճարելով սեփական քանդակների համար… Որքա՞ն կարող էր Արտոն դիմանալ «ընդհատակյա» իր վիճակին։ Իրավունք ունե՞մ արդյոք հիշելու մեր հրաշալի մաեստրոյին՝ Օհան Դուրյանին, հանրահռչակ ջութակահար Ժան Տեր-Մերկերյանին, անվանի բժիշկ Զավեն Դոլաբջյանին, որոնց նույնպես կորցրինք մեր անտարբերության հետեւանքով։ Գնում են՝ գնան, մի քանի մարդկանց բացակայությամբ հայրենիքը չի տուժի… Իսկ այսօր ո՞վ է զբաղվում մեր հազարավոր հայրենակիցների արտագաղթով։ Դարձյալ բոլորը նայում են որպես մի հոծ եւ անդեմ մասսայի, որպես խայտաբղետ մի խմբանկարի… Ես օրհնանքի արժանի եմ համարում մեր համաժողովրդական շարժումը արցախահայության համար։ Բայց միաժամանակ ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է հանգիստ նայել մեր կողքին ապրող մարդկանց, որոնք զանազան պատճառներով, ընդգծում եմ՝ զանազան, ոչ միանշանակ, հեռանում են հայրենիքից։ Ինչպե՞ս բացատրել այս հակասությունը» (էջ 21-22, 1988, սեպտեմբեր)։ «Եվ, վերջապես, պետք է ամբողջ ձայնով խոսել այն անպատվաբեր, այն խայտառակ վերաբերմունքի մասին, որ ինչ-որ տեղ մենք ցույց տվեցինք Ադրբեջանից բռնագաղթված մեր հայրենակիցների, մեր նոր «ախպարների» հանդեպ, փոխանակ ամենօրյա գուրգուրանքով շրջապատելու նրանց» (էջ 94, 1989, սեպտեմբեր)։ գ) Կաշառակերությունը Խորհրդային Հայաստանում «Շատ ենք խոսում կաշառակերության մասին, որ քաղցկեղի պես մետաստազները տարածել է մեր հանրապետությունում։ Կաշառքը եւ անաշխատ եկամուտները մտել են մեր կյանքի համարյա բոլոր ասպարեզները, եւ մենք արդեն խեղդվում ենք դրանց ճիրաներում։ Նույնիսկ սովորել, վարժվել ենք այս վիճակին։ Եթե առաջ կաշառակերը կամ անազնիվ միջոցներով ապրող մարդը ամոթից ծակուծուկ էր մտնում եւ աշխատում աչքից հեռու մնալ, ապա այսօր ճակատը բաց քայլում է մեր կողքին, հաճախ նույնիսկ ղեկավար պաշտոններ վարում, ամբիոններից ճառում կաշառքի աղետաբերության մասին։ Ա՛յ, այս ցինիզմն է սարսափելի։ Սարսափելի է նաեւ մեր հանդուրժողականությունը, որ նույնպես ցինիզմի տարատեսակ է»։ «Մի քանի տարում կաշառքը եւ գողությունը («անաշխատ եկամուտ»՝ ի՜նչ նրբակիրթ ձեւակերպում) ավերեցին ու քայքայեցին մեզ, բայց ապա մտածենք, թե որքան տարիներ են պետք դրանց հետեւանքները բուժելու համար։ «Լիտերատուրնայա գազետայի» «էքսպերտները» շաբաթվա երեք լավագույն հեռուստատեսային հաղորդումներից մեկը համարեցին «Մարդը եւ օրենքը», ուր մերկացվում էին միլիցիայի մի խումբ պատասխանատու աշխատողների՝ կաշառք վերցնելու համար։ Եվ որքան հիշում եմ, կաշառքի չափը հասնում էր մինչեւ 10000-ի։ Պատկերացնում եմ, թե մեր հարազատ միլիոնատերերն ինչպիսի քմծիծաղով են դիտել այդ հաղորդումը եւ հիմա, կարդալով այս տողերը, ինչպես են ծիծաղում իմ միամտության ու դյուրահավատության վրա։ Եվ իրավունք ունեն» (էջ 6, 1987, դեկտեմբեր): «Հայրենադարձներից շատերը փայլուն արհեստավորներ էին եւ նրանց համար գերագույն հզոր իշխանությունը կենտրոնացած էր այդ մռայլ եւ խստադեմ «գերմարդկանց» (ֆինբաժնի աշխատողներ) մեջ։ Բայց հիմա տարակուսանքով եմ հիշում, թե որքան համեստ էր այդ ամենակարող թվացող չինովնիկների ախորժակը, գիտե՞ք որքան կաշառք էին վերցնում տանն աշխատող արհեստավորից, ամսական 150-200 ռուբլի (նոր դրամով՝ 15-20 ռուբլի)։ Էլ ինչպե՞ս նրանցից շատերը, եթե ողջ են դեռ, չմեղադրեն ինձ անշնորհակալության մեջ, աչքս խոթելով կաշառքի մերօրյա ռեկորդային չափերը եւ ժամանակակից կաշառակերի շնաձկային անհագությունը» (էջ 77, 1989, մայիս)։ «Չմոռանանք նաեւ, որ այս ամենին վաղուց են գումարված եւ բազմապատկված հայրենի ու հարազատ բյուրոկրատիզմի խճճված եւ թունավոր ցանցը, կաշառքի հետզհետե ահագնացող չափերը, տարրական թվաբանությունը կենցաղում բարձրագույն մաթեմատիկայով նենգափոխելու հազարավոր փաստերը եւ արդարադատության խրոնիկ դեֆիցիտը» (էջ 81, 1989, մայիս)։ դ) Անօրինականությունները Խորհրդային Հայաստանում «Բարձրաձայն ասենք, գուցե բարձրաձայնը քիչ է, պարզապես ճչանք, որ մեր իրավապահ մարմինները երբեք այնքան վարկաբեկված չեն եղել, ինչպես վերջին երկու տասնամյակում։ Ամեն ինչ կարելի է հանդուրժել, ատամները սեղմել եւ համբերել, բայց երբ օրենքը ոտնակոխ են անում հենց օրենքի մարդիկ, դա արդեն, շա՜տ մեղմ ասած, թեւաթափ է անում մարդուն, զրկում ապահովության զգացումից։ Հավատի կորուստը արդարադատության նկատմամբ բարոյալքման ու բարոյազրկության ամենավտանգավոր ախտանիշն է» (էջ 7, 1987, դեկտեմբեր)։ «Կանգառի ու ճահճացման տարիներին իմ ոչ մի հոդվածը չի մերժվել, որովհետեւ ես ինքս էլ իմացել եմ, թե ինչի մասին կարելի է գրել, ինչի մասին՝ ոչ։ Իսկ հիմա… վերակառուցման, հրապարակայնության եւ դեմոկրատիայի այս տարիներին խմբագրությունները մերժել են տպագրել իմ երեք հոդվածները» (էջ 26, 1988, սեպտեմբեր)։ «Ինձ ապշեցնում է, թե ինչպես նեխած կապիտալիզմի պայմաններում սովորական պաշտոնյան կարողանում է ե՛ւ տուն պահել, ե՛ւ ճամփորդել, ե՛ւ դեռ մի բան էլ խնայել սեւ օրվա համար։ Անհավատալի բան է՝ իր աշխատավարձով… Մի՞թե նույնքան հանելուկ չէ, որ մեր խանութները կիսադատարկ են, բայց շատ-շատերի տներում ամեն ինչ կա։ Սոցիալական արդարությունը պահանջում է ավազակներից հետ խլել գողացված հսկայական գումարները եւ արդար վերաբաժանում կատարել ազնիվ մարդկանց միջեւ» (էջ 58, 1989, մարտ)։ «Այս աղաղակող անարդարությունները պետք է շուտ վերանան, որպեսզի մենք մեր հայացքներն ուղղենք մեր ներքին խնդիրներին, չէ՞ որ երկրաշարժի ծանր հետեւանքների հիմքը միայն բնության չար խաղը չէր, այլ նաեւ մարդկային անբարոյականությունը, անխիղճ գողությունը, անաստված ալան-թալանը, որոնք աղավաղված սոցիալիզմի անբաժան ուղեկիցներն են։ Այսօր էլ կան շատ երիտհայեր, որոնք փող են վաստակում աղետյալների դժբախտության վրա» (էջ 94, 1989, սեպտեմբեր)։ «Պայքար՝ մեր արյունը ծծող տզրուկների, գողերի, գռփողների, կաշառակերների, էկոլոգիական սպիտակ ջարդի, թունավոր բյուրոկրատիայի, վարչահրամայական հակաժողովրդական մեթոդների, օրենքի անունից օրենքը վարկաբեկողների դեմ։ Այսինքն՝ բոլոր ճակատներով, եւ դրսի, եւ ներսի։ Այս զուգակցման անհրաժետությունն է մեզ այսօր պետք» (էջ 95, 1989, սեպտեմբեր)։ «Գուցե համազգային պայմանագիր կնքենք նաեւ թունավոր բյուրոկրատիզմի, հանցավոր անտարբերության, սոցիալական անարդարությունների, իրավապահ մարմինների անիրավությունների, էկոլոգիական զուլումի եւ այլ ախտերի ժամանակավոր վերացման մասին։ Բայց այսքան սահմանափակումներին կդիմանա՞նք արդյոք (էջ 106, 1989, նոյեմբեր)։ «Խոստացան արագացում, եւ կայծակի արագությամբ մեր կյանքից անհետացան առաջին անհրաժեշտության առարկաները։ Ինձ ապշեցնում է, սակայն, որ ոչ ոք չի տրտնջում դրա համար։ Համարյա բոլորն էլ ձեռքերը լվանում են օճառով, համարյա բոլորը գազօջախ եւ ծխախոտ են վառում լուցկիով եւ ոչ թե երկու քարի շփումից առաջացած կայծով» (էջ 122, 1990, ապրիլ): «…Այս ի՞նչ հանելուկային հանելուկ է, որ սոցիալիստական բոլոր երկրների նախկին ղեկավարները, եվրոպական մայրցամաքից մինչեւ հեռավոր Մոնղոլիա, գրեթե անխտիր ժողովրդի թշնամին դուրս եկան՝ բառիս բուն եւ ոչ թե ստալինյան իմաստով։ Ինչո՞ւ գոնե մի երկրում բացառություն չեղավ։ Գոնե մի» (էջ 125, 1990, ապրիլ)։ «Հետաքրքիր է, «Ղարաբաղ» կոմիտեի տղաների վրայից հանվեցի՞ն «մեղադրանքները», թե պարզապես, չնայած այդ «մեղքերին», ներում ստացան մեր բարեգութ կառավարության կողմից» (էջ 127, 1990, ապրիլ)։ Մենք օգտագործեցինք Զեյթունցյանի հոդվածների ընձեռած նյութի չնչին մասը։ Կարելի էր ավելացնել հասարակական կյանքի նաեւ այլ բնագավառներ՝ նույնպիսի գնահատականներով։ Վստահ կարելի է ասել, որ ՀՀՇ-ն ինքը այսչափ անողոք եւ հիմնավոր քննադատության չի ենթարկել կոմունիստական վարչակարգը, որից իշխանություն վերցնելու, եւ սոցիալիստական հասարակարգը, որը արմատապես վերափոխելու խնդիր ուներ։ Ինչո՞ւ 10-13 տարի առաջ «անդունդի եզրին հասած», «անազնվության լաբիրինթոսում», «կաշառակերության ճիրաններում», «ահագնացող արտագաղթի», «բարոյական անկման» եւ «բազում ուրիշ այլանդակ երեւույթների» մեջ գտնվող Խորհրդային Հայաստանի իրականությունը նույն Պ. Զեյթունցյանի վերջին հոդվածներում հանկարծ դարձավ երանելի, զրկվեց բոլոր մահացու արատներից, իսկ դրանց սկզբնավորումը ամբողջությամբ տեղափոխվեց հաջորդ իշխանության տարիների վրա։ Հեղինակն այն ժամանա՞կ է կեղծել։ Բայց լավ հիշողություն ունեցողները կհավաստեն, որ նրա նկարագրությունները հայելային արտացոլումն են Խորհրդային Հայաստանի իրականության։ Գուցե այժմ գրողը հիշողության կորո՞ւստ ունի։ Այս դեպքում էլ անհասկանալի է մնում, թե ինչու հիշողության կորուստը չի վերաբերում նաեւ 1990-ից հետո ընկած շրջանին։ Կարծում ենք՝ ոչ մեկը, ոչ էլ մյուսը։ Բայց այս ակնհայտ հակասություն-հանելուկը մի բացատրություն պե՞տք է ունենա, թե՞ ոչ։ Գրողի կենսագրության երկու մանրամասն օգնում են գտնելու այդ բացատրությունը. Պ. Զեյթունցյանը ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին նշանակվել եւ աշխատել է ՀՀ մշակույթի նախարար։ Եվ քանի դեռ աշխատել է, մինչեւ 1992-ը, այդ իշխանության եւ նրա ղեկավարի մասին որեւէ թթու խոսք չի ասել։ Բայց ահա, երբ նրան այլեւս չվստահվեց այդ պաշտոնը, ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, այդ թվում նաեւ խորհրդային եւ հետխորհրդային իրականությունը։ Այսինքն՝ գործ ունենք երկու հանգամանքի հետ. ա) ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի «խրոնիկ սխալը»՝ ըստ արժանվույն չեն գնահատել մեր «ազգային մտավորականության» ներկայացուցիչներին, բ) այդ նույն մտավորականության նուրբ հոգին, որն արագ եւ շատ խոր վիրավորվելու հատկանիշ ունի։ Եվ մենք հեշտությամբ գտնում ենք այն հիմքը՝ վիրավորանքը, որը եւ դառնում է առաջացած հանելուկի բնական, հասկանալի, առարկայական, ինչո՞ւ չէ՝ արդարացնող բացատրությունը։ Իսկ խոր վիրավորանքին որպես պատասխան եւ պատիժ՝ կարելի է կեղծել ոչ միայն հավաքական, անգամ սեփական հիշողությունը… ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել