Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Հունիս 09,2001 00:00

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԽՆԴԻՐԸ ԼՂՀ-Ի ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԵՆԱՇՆՈՐՀՆ Է Հարցազրույց ԼՂՀ նախագահի քաղաքական հարցերի գծով խորհրդական Մանվել Սարգսյանի հետ – Ինչպե՞ս եք վերաբերում այն հանգամանքին, որ Ադրբեջան-Հայաստան բանակցություններին իբրեւ կողմ չի մասնակցում ԼՂՀ-ն։ Ժամանակին ԼՂՀ-ն պայքարում էր, որ բանակցություններին որպես պարտադիր կողմ հանդես գա, իսկ ներկայումս, կարծես, հրաժարվել է։ – Այդ հանգամանքը լավագույնը չէ եւ ոչ միայն նրա համար, որ ԼՂՀ ղեկավարության բացակայության պատճառով թուլանում է բանակցային գործընթացի արդյունավետությունը։ Ոչ հեռավոր անցյալի փորձը ցույց տվեց, որ յուրաքանչյուր որոշում, որն ընդունվում է բանակցություններում ԼՂՀ-ի մասնակցությամբ, վերջնական է եւ համընդհանուր համոզման երկար ճանապարհ չի պահանջում։ Իսկ այսօր առավել հրատապություն ձեռք բերեցին հասարակության եւ ղեկավարության փոխվստահության խնդիրը, դիվանագետների եւ ժողովրդի պատասխանատվության խնդիրը, քան հենց համաձայնեցված որոշումները։ Ամբողջ էներգիան ծախսվում է փոխադարձ հավակնությունների եւ արդարացումների վրա։ Բացի դրանից, եւ որն ավելի ծանրակշիռ է, գնալով որոշակիանում է օբյեկտիվ միտումը ԼՂՀ ժողովրդի անկախության խնդրի բուն էության փոփոխության, որ ձեռք է բերում ավելի սահմանափակ կիրառական բնույթ՝ տարածաշրջանային չլուծված հիմնահարցերի ընդհանուր ենթատեքստում։ Կարգավորման դիվանագիտության այդպիսի էվոլյուցիայի ըմբռնումը լիովին գիտակցվում է բոլորի կողմից։ Բայց, երեւի, որոշակի շրջան անհրաժեշտ էր հաշվի նստել այն իրողության հետ, որ աշխարհում կտրուկ նվազեց ԼՂՀ-ի հետ երկխոսության ցանկությունը։ Տարածաշրջանում եւ հակամարտող երկրներում քաղաքական իրադրության սրընթաց փոփոխությունները ձեւավորեցին միջազգային դիվանագիտության նոր գերակայություններ։ Այդպիսի իրադրությունում հաջողության հավանականությունը, որ բաժին ընկավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, անլուրջ էր հախուռն վիճարկել, առավել եւս, որ երկու առաջնորդներն էլ սեփական հիմնահարցերի խոր գիտակներ են։ Սակայն բանակցությունների ֆորմատի փոփոխության դեպքում պետք էր սպասել բարդացնող հանգամանքների ի հայտ գալուն, այդ թվում նաեւ իմ կողմից թվարկված հիմնախնդիրների։ Երեւի պատահական չէ, որ վերջին շրջանում հաճախացել է բանակցություններին ղարաբաղցիների ներգրավման անհրաժեշտության արձանագրումը։ – Միջնորդները ներգրավելով միայն Հայաստանին, ուզում են հնարավո՞ր դարձնել քննարկելու Մեղրիի (Հայաստանի տարածք) միջանցքի հարցը։ – Այն, որ այդպիսի միջազգային ընդգրկումի բանակցություններն ունեն առավել նշանակություն, քան պարզապես ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի դիմակայության կարգավորումը, չի կարող կասկածների տեղիք տալ։ Պատերազմի արդյունքում ձեւավորված տարածքների վերահսկողության խնդրի եւ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների խնդրի, այդ թվում ձեր մատնանշած խնդրի առաջին պլան մղվելը, ակներեւաբար, վկայում են այդ բանակցությունների ռեալ միջազգային նշանակության մասին։ Հասկանալի է, որ նման բանակցություններում չի կարող չերեւալ այդ գործում ներգրավված հզոր երկրներ-համանախագահների սեփական հարաբերությունների կնիքը, չխոսելով արդեն տարածաշրջանին հարեւան երկրների շահերի մասին։ Այլ է, թե մենք ինչպես ենք գնահատում այս կամ այն գերակայող հիմնահարցերը, որոնք դարձել են բանակցությունների թեմա եւ ինչպես ենք դրանցում տեսնում մեր ազգային շահերի պաշտպանությունը։ – Ինչպե՞ս են վերաբերում ԼՂՀ իշխանությունները տվյալ միջանցքի բացման գաղափարին։ Դրանով Թուրքիա-Նախիջեւան-Ադրբեջան կապը չի՞ սպառնում Հայաստանի (այդ թվում՝ Ղարաբաղի) ընդհանուր անվտանգությանը։ – ԼՂՀ-ի համար ընդունելի չէ, որ տարածաշրջանային նշանակության խնդիրները լուծվեն Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերությունների իր սեփական հիմնահարցի հաշվին։ Առավել եւս անընդունելի է իր խնդրի լուծումը ոչ միայն ի վնաս Հայաստանի, այլ նույնիսկ հայ ժողովրդին որեւէ բարոյական վնաս հասցնելու գնով։ ԼՂՀ միակ հիմնախնդիրը նրա միջազգային-իրավական կարգավիճակի խնդիրն է, որի լույսի ներքո գնահատվում է կարգավորման միջազգային ամբողջ դիվանագիտությունը։ Մնացած բոլոր խնդիրները Ադրբեջանի հետ մեր փոխհարաբերություններում գտնվում են պատերազմի հետեւանքների վերացման ոլորտում, այդ թվում նաեւ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային սահմանազատման խնդիրը։ Դրա համար մենք գտնում ենք, որ Մեղրիի շրջանով հաղորդակցման ուղիների բացման խնդիրը չի հանդիսանում ԼՂՀ կարգավորման խնդրի՝ որեւէ բաղկացուցիչ մաս։ Ինչ-որ մեկի մոտ նման խնդիր եղել է դեռ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական հիմնահարցի ծագումից շատ առաջ։ Եվ միշտ այդ գաղափարը առաջացրել է մեծ անհանգստություն ոչ միայն հայ ժողովրդի մեջ։ – Հայաստանի ԱԳՆ-ն հստակ բացահայտեց սպասվելիք պայմանագրի այն մասը, որով ազատագրված 7 շրջաններից 6-ը հանձնվելու են Ադրբեջանին ԼՂՀ-ի մեզ ընդունելիք կարգավիճակի դեպքում, ինչը չի հերքել ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը։ Ո՞րն է ԼՂՀ-ի ընդունելիք կարգավիճակը եւ ինչպե՞ս եք վերաբերվում ազատագրված տարածքների խնդրին։ – Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին վերջին շրջանում նախագահ Ա. Ղուկասյանը բազմիցս արտահայտվել է միանշանակորեն։ Այդ մասին ասված է եւ Մինսկի խմբի համանախագահներին, իսկ Ադրբեջանը տեղյակ է շատ վաղուց։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի բանակի վերահսկողության ներքո գտնվող տարածքի խնդրին, ես արդեն նշեցի, որ տարածքային սահմանազատման խնդիրը բացառապես ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի առանձնաշնորհն է։ Հայաստանը պատասխանատու չէ այս խնդրի համար։ Ամեն դեպքում, այս խնդրի քննարկումը չի կարող ԼՂՀ անվտանգության ապահովման հարցերի քննարկումից դուրս լինել։ Այլ հարց է, որ այս հարցը, որը մատուցվում է որպես «զբաղեցրած տարածքների» հրատապ խնդիր, վաղուց քննարկվում է առանց մեզ, ոչ միայն միջազգային մակարդակով, այլեւ՝ ներազգային։ Այստեղ մենք, իհարկե, ստիպված ենք միայն ուշադիր հետեւել քննարկումների զարգացմանը։ – Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, արդեն մի քանի ամիս է, լայնամասշտաբ ինժեներական աշխատանքներ են կատարվում ԼՂՀ հարավում, այն է՝ ԼՂԻՄ-ի նախկին սահմանների կտրվածքով (Մարտունի-Հադրութ)՝ ստեղծելով ռազմական պաշտպանական շրջանների նոր գոտիներ, որը ակնհայտ է դարձնում, որ ԼՂՀ իշխանությունները դեմ չեն հարավային ազատագրված տարածքների հանձնմանը։ – ԼՂՀ բանակի պաշտպանական համակարգը բազմապլանային է։ Մասնավորապես խաղաղության բացակայության պայմաններում նրա ծրագրերի մեջ են մտնում պաշտպանական երկրորդ եւ երրորդ գծերի կառուցումը։ Այդ գծերի սխեմայի շաղկապումը Լեռնային Ղարաբաղի սահմանագծի հետ լիովին անիմաստ է։ Առավել եւս անլուրջ է գնահատել անվտանգության ապահովման այս կամ այն պլանը՝ որպես կարգավորման հեռանկարային այս կամ այն նախագծի նախապատրաստման գործոն։ – Ինչպե՞ս եք գնահատում ԼՂՀ ներքաղաքական իրավիճակը մարտի 22-ից առաջ եւ հետո ընկած ժամանակահատվածում։ – Հետադարձ հայացք նետելով ոչ վաղ անցյալի իրադարձություններին, այսօր որոշակիորեն կարելի է ասել հետեւյալը. ժամանակին նախագահ Ա. Ղուկասյանի կողմից որդեգրած պատերազմի շրջանից մնացած տոտալիտար կառավարման կենտրոնացված համակարգի վերացման ուղղությունը, բնականաբար, առաջացրեց հեռացված ռեժիմի ուժեղ դիմադրությունը, որը խախտեց ԼՂՀ-ի ներքին կյանքի կայունությունը։ Հնարավոր է, որ պետական իշխանության լծակները կորցրած խմբի գործիչների, որոնք որեւէ կերպ չէին ցանկանում բաժանվել իրենց ազդեցության լծակներից, գործունեության ամբողջ վտանգը այն ժամանակ ինչ-որ չափով թերագնահատվեց։ Չնայած տարակույս չկար, որ խրախուսվող ամենաթողության պայմաններին սովոր գործիչները այդպես արագ կհրաժարվեն իրենց մեծամտությունից եւ կորցրած ազդեցությունից, եւ, գլխավորը՝ իրենց ժողովրդի եւ քաղաքական ընդդիմադիրների հետ խոսելու մեթոդներից։ Եվ այն, որ ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների նախօրյակին ծավալած Ղարաբաղի ժողովրդին բանակի եւ ողջ երկրի փլուզմամբ վախեցնելու մասշտաբային կամպանիան, որ այդ գործիչների կողմից դրված էր քաղաքական պայքարի հիմքում, վկայում էր ցանկացած ճանապարհով իրենց կորցրած դիրքերի վերականգնման ձգտումը։ Հայաստանում հաճախ կարելի է հանդիպել չարչրկված այն վարկածին, թե Ս. Բաբայանի կողմնակիցների հաջողությունը ընտրություններում ապահովված էր, սակայն հենց այն հանգամանքը, որ հենց այդ առկա միամիտ հույսը փլուզվեց այն բանից հետո, երբ ղարաբաղյան պատերազմի վետերանների գերակշիռ մասը հրաժարվեց պաշտպանել «Ս. Բաբայանի կայծակնային ռեւանշի» կուրսը, կտրուկ բարձրացնելով պաշտոնաթող գեներալի շրջապատի ուժային արկածների սիրահարների դիրքերը։ Գաղտնիք չէ, որ շատերը նրա շրջապատից առաջարկում էին սթափ գնահատել իրականությունը, եւ առաջին հերթին ղարաբաղյան հասարակության խիստ բացասական վերաբերմունքը նրա քաղաքական գործունեությանը։ Բայց հաղթեց անհեռատեսությունը եւ մենք բոլորս դարձանք մարտի 22-ի ողբերգության վկաները։ Չեմ կարծում, որ դա ճակատագիր էր։ Այսպիսի զարգացումներից կարելի էր խուսափել, եթե չաշխատեր Ս. Բաբայանի պաշտոնաթողության շուրջ համընդհանուր փսիխոզի գրգռման գայթակղությունը՝ հատկապես Հայաստանում։ Սակայն, ինչպես երեւում է, այդպիսին պետք է լիներ մեր համընդհանուր հատուցումը պատերազմական եւ հետպատերազմական տարիների ԼՂՀ ամենաթողության մթնոլորտի եւ Ադրբեջանին հաղթած ժողովրդին ստրկացնելու մեխանիզմների ձեւավորման մեղքերի համար։ – Որքանո՞վ է արդարացի հաղթանակած բանակի հրամանատարին եւ Ազգային հերոսին զրկել իր վաստակած պարգեւներից եւ կոչումից։ – Այս կամ այն գործչի իրական ծառայությունները կարող է գնահատել միայն Լեռնային Ղարաբաղի հաղթած ժողովուրդը, որի կարծիքն անառարկելի է։ Ինչ վերաբերում է պետական պարգեւների եւ կոչումների խնդրին, ապա ինձ հայտնի չէ, որ ԼՂՀ նախագահը ընդունած լինի որեւէ որոշում ձեզ հետաքրքրող թեմայի վերաբերյալ։ Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել