Զինդատախազը սպիտակ ագռավի կարիք ունի Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի երեկվա նիստին հրավիրված էին նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք վերջին անգամ նման պատվի էին արժանացել հանգուցյալ դատախազ Հենրիկ Խաչատրյանի օրոք։ Օրակարգում տեղ էին գտել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ժիրայր Խառատյանի եւ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի զեկուցումները՝ ՀՀ-ում եւ զինված ուժերում դիտավորյալ սպանությունների կանխման, բացահայտման եւ քննության նկատմամբ դատախազական հսկողության վիճակի ուսումնասիրության արդյունքների մասին՝ 2000 թվականին եւ 2001 թ. 5 ամիսների ընթացքում։ 2000 թ. հանրապետությունում դիտավորյալ սպանությունների 91 եւ սպանության փորձերի 36 դեպք է արձանագրվել (127 դեպք նախորդ տարվա 156-ի դիմաց)։ Այդ 127 դեպքից 49-ը «կատարվել է ոչ ակներեւության պայմաններում», 10-ը՝ շահադիտական դրդումներով, 29-ը՝ հրազենի գործադրմամբ, 51-ը՝ կենցաղային հողի վրա։ Ըստ Ժ. Խառատյանի, դատարաններում քննված սպանությունների 98 գործերից լրացուցիչ նախաքննության գործեր չեն վերադարձվել։ 11 քրեական գործեր վերաորակվել են։ Վերաորակման վրա ուշադրություն հրավիրելով՝ զեկուցող Ժ. Խառատյանը նշեց, որ այս հարցում խորհելու շատ բան կա։ Նա սենսացիոն մի նորույթ էլ արձանագրեց, որ «շարունակում են տեղ գտնել դատախազների կողմից սպանությունների դեպքի վայրի զննություններին, քննիչների կողմից դիահերձումներին չմասնակցելու փաստերը»։ Դա էր, հավանաբար, պատճառը, որ կոլեգիան իր որոշման նախագծում հատուկ կետ էր մտցրել, ըստ որի. «Առավել բարդ եւ մասնավորապես չբացահայտված սպանության դեպքերով ապահովել վարչության դատախազների մեկնումը դեպքի վայր եւ տեղում գործնական օգնության կազմակերպումը»։ Այստեղ են ասել. բա դատախազների բանուգործը ո՞րն է։ ՀՀ զինվորական դատախազն իր զեկուցման մեջ նշեց, որ քր. օր.-ի 99 եւ 100 հոդվածներով քննել են 63 քրեական գործեր, որոնցից 17-ը, սպանության մեղադրանքներով, ուղարկվել են դատարաններ։ Կարճվել է 18-ը, կասեցվել է 1-ը, միացվել է 2-ը, վարույթներում անավարտ է մնացել 14-ը, իսկ 12-ը վերաորակվել է այլ հանցակազմերով եւ ուղարկվել դատարաններ։ Գ. Ջհանգիրյանը նշեց, որ զինվորական դատախազի կողմից բերվել է 1 վճռաբեկ բողոք օրինական ուժի մեջ մտած դատավճռի դեմ, որը բավարարվել է, դատավճիռը բեկանվել եւ քրեական գործն էլ ուղարկվել է նոր նախաքննության։ Զինդատախազը նշեց, որ իրենց գործին խանգարում է տեխնիկական անբավարար զինվածությունը, ֆոտոխցիկների բացակայությունը, քննիչ-կրիմինալիստների դեֆիցիտը, այլ խոսքով, ինչպես նա նկատեց՝ «սպիտակ ագռավը չկա»։ Նա խոսեց նաեւ հանցագործությունների բացահայտման գործում զինուժերի միջին եւ կրտսեր հրամկազմի խոչընդոտների մասին, չնշելով գեթ մեկ բարձրաստիճան հրամանատարի, որը խոչընդոտում է հանցագործությունների բացահայտմանը։ Նա առաջ քաշեց դատավորների մասնագիտացման խնդիրը (զինվորական գործերը քննող)՝ «եթե չենք ստեղծում զինվորական դատարաններ»։ Թերեւս հիմնահարց է վկաների, տուժողների դատարաններ ներկայանալու հարցը, որոնց պատճառով, նշեց Գ. Ջհանգիրյանը, ձգձգվում է տարիներով քրգործի քննությունը։ Զինվորական հանցագործությունների բացահայտման ժամանակ քննիչներն ու օպերատիվ աշխատողները, փորձագետները (ի դեպ, արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի ծանրաբեռնվածության խնդիրն էլ առաջ քաշվեց) չեն լինում տեղազննվող վայրում, միշտ չէ, որ մասնակցում են բոլոր քննչական գործողություններին, անգամ… դիահերձումներին։ Այս տարվա՝ 2001 թ. 5 ամիսների համար էլ տեղեկացանք, որ հանրապետությունում արձանագրվել են 4487 հանցագործությունների դեպքեր։ Դիտավորյալ սպանության 33 դեպքից 8-ը չի բացահայտվել։ Նրանց մեջ նշվեցին Շախմատի տան մոտ ՊԵ մաքսային վարչության միջազգային հարաբերությունների բաժնի պետի տեղակալ Արթուր Մնացականյանի գործը (դիակը հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր), Իգոր Մունինի գործը (դիակը հայտնաբերվել էր իր տանը՝ բռնության հետքերով, այս տարվա փետրվարի 12-ին), ՆԳ բաժնի կողմից 2001 թ. ապրիլի 2-ից որոնվող Զավեն Մաթեւոսյանի գործը (դիակը հայտնաբերվել էր կիսաայրված վիճակում, Ձորաղբյուրի մոտակայքում)… Այս 5 ամիսների ընթացքում դիտավորյալ սպանություն եւ սպանության փորձ կատարողներից 36-ը եղել են տղամարդ, 2-ը՝ կին (ի դեպ, վերջին դեպքում կար մի մայր, որը սպանել էր սեփական զավակին)։ 7 դեպքում վերոնշյալ սպանություններում տուժողները ամուսիններ են։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ