Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարդիկ գերազանցապես ձգտում են որոշակիության ու հաստատուն վիճակների՝ ո՞վ չի ցանկանում իմանալ, թե ինչ

Հունիս 09,2001 00:00

ՄԵՐ ԿԱՅՈՒՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ Մարդիկ գերազանցապես ձգտում են որոշակիության ու հաստատուն վիճակների՝ ո՞վ չի ցանկանում իմանալ, թե ինչ է լինելու վաղը, եթե ոչ՝ ամբողջ կյանքում։ Եվ եթե նույնիսկ չգիտեն՝ ի՞նչ են անելու իրենք, անպայման ուզում են իմանալ՝ ի՞նչ են անելու ուրիշները։ Այսպես տեղեկատվությունը դառնում է աշխարհում ամենաթանկն ու մշտապես ամենագնայունը։ Այսպես նաեւ ձեւավորվում է քաղաքականությունը՝ հետախուզության ու հակահետախուզության ամենաակտիվ միջամտությամբ, որ դրսեւորվում է ամենատարբեր տեղեկատվության հայթայթմամբ եւ անհրաժեշտ ապատեղեկատվության տարածմամբ։ Նաեւ։ Եվ՝ պետական մակարդակով։ Սովորաբար դա կոչվում է մեծ քաղաքականություն։ Եվ նույնիսկ փոքր երկրներն ունենում են այդ մեծ քաղաքականությունը։ Շատ հմուտ հետախույզներ ու առանձնապես մեծ ջանքեր չեն պահանջվում պարզելու համար, որ Հայաստանի գործադիր իշխանությունում ամեն ինչ կայուն ու առաջընթաց զարգացման անշեղ գործընթացի տվյալներին չի բավարարում՝ ինչպես գերադասում են ներկայացնել իրենք։ Ճիշտ է՝ վարչապետը բարեհաջող հաղթահարեց ոչ միայն 100 ժամն ու օրը, նույնիսկ ամբողջ մեկ տարին։ Բայց ամբողջ երկրում միայն իր համար է գուցե գաղտնիք, որ իր վարչապետությունը մեծ պայմանականություն է ընդամենը՝ իրական վարչապետն ու գործադիր իշխանության իրական տերը, համենայնդեպս, մեկ տարի արդեն Հանրապետության հրապարակում չէ։ Սահմանադրությունը սովորաբար վկայակոչվում է երկրի համար առանցքային նշանակության խնդիրներ լուծելիս, իսկ այս պարագայում Սահմանադրությունն ընդամենը օրենքի տառն է, որ գեղեցիկ շրջանցվում է՝ շրջանցվում է ոչ հրապարակայնորեն, այլ… Սահմանադրությամբ նախարարները նշանակվում ու ազատվում են վարչապետի ներկայացմամբ ու համաձայնությամբ, հիմնական օրենքի այս տառը, իհարկե, հարգվում է, բայց իրականում ո՞ր նախարարն է ենթարկվում վարչապետին՝ նրանք բոլորը վաղուց հավատարմության երդում են տվել նախագահին ու նախագահից են ստացել իրենց աշխատանքային նախարարական կենսագրության շարունակության արտոնագիրը՝ առանց վարչապետի էական մասնակցության։ Եվ սա բնավ տարօրինակ չէ, քանի դեռ ինքը՝ վարչապետը, նախագահի պահածն է՝ ամենաուղղակի իմաստով։ Այսինքն՝ որեւէ անհնազանդություն ու տասնյակ պատճառներ կգտնվեն իշխանազրկման համար։ Ամենապարզ ու մշտական պատճառը կա ու կա՝ ժողովրդի կենսամակարդակը… Տնտեսության թվային վերելքին իրական աճի անհամապատասխանությունը, չստեղծված ու չստեղծվող աշխատատեղերը, աշխատավարձի ու կենսաթոշակի, նպաստների ուշացումներն ամիսներով… Ավելացրած՝ բյուջեն, որ ոչ մի կերպ չի ուզում կատարվել։ Բյուջեի կատարողականը հերթական փորձաքարն է, որի վրա ով ասես կարող էր սայթաքել նորմալ երկրում, բայց ոչ Անդրանիկ Մարգարյանը, ոչ Հայաստանի Հանրապետությունում։ Մեր մահապարտ վարչապետն ունի հրաշալի ալիբի՝ Նաիրի Հունանյանը։ Այդ Ռոբին Հուդը խանգարեց ոչ միայն Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծմանը, ոչ միայն հռչակեց Հայաստանն իբրեւ ահաբեկչության աննախադեպ մայրաքաղաք, այլեւ իր «հայրենասիրությամբ» խանգարեց Անդրանիկ Մարգարյանին ուղղել իր նախորդի երկրի համար մահացու սխալները եւ անել սեփականները։ Խորհրդարանն էլ իր հերթին «սխալվեց» ու «թափթփվածության» պատճառով բյուջեի կատարողականը չընդունեց։ Ազգային ժողովի կանոնակարգով դա նշանակում է անվստահություն հայտնել կառավարությանը, բայց այդ մեծադղորդ անվստահության պատճառն ընդամենը վարչապետի մի քանի կուսակիցներ էին, որ չէին հասցրել միջանցքից դահլիճ մտնել։ Ո՞վ ու ինչպե՞ս կարող է անվստահություն հայտնել չկատարված ու նաեւ չկատարվելիք բյուջեի համար, քանի դեռ չկա նախագահի դաբրոն։ Իհարկե՝ մութ կասկածը օձի պես սողաց չարանենգ լրագրողների տեսքով՝ քաղաքական իրավիճակի այդ չարամիտ ապակայունացնողները փորձեցին պարզել՝ իսկ գուցե նախագա՞հն է վերջապես կատարում իր սիրելի կուսակցության մանկության երազանքը՝ բոլորը նայեցին հայ հեղափոխականներին, նրանք նայեցին հայ միաբանությանը, մի քիչ տնտղեցին օրինաց երկրացիներին ու… մի բաժակ ջրի փոթորիկն ավարտվեց, որովհետեւ «Օրինաց երկրին» կիսաշնորհեցին իր հերթական պոպուլիստական հաղթանակը՝ հեռախոսավարձի րոպեավճարը առկախվեց, դաշնակցականները հերթական հավաստիքը ստացան, որ իրենք ճիշտ ու անսխալ են, Արտաշես Գեղամյանը անժամանակ ուրախացավ ու առժամանակ տխրեց։ Իսկ «Միասնությո՞ւնը»։ «Միասնության» մի թեւը նախաձեռնեց «Հոկտեմբերի 27»-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, մյուսը թեւը դիմադրեց-դիմադրեց ու հանձնվեց, բայց եւ լիովին հաջողվեց հանձնաժողովի նախագահ չդարձնել եւ նույնիսկ հանձնաժողովում չընդգրկել հանրապետական Վիկտոր Դալլաքյանին, ապա հանձնաժողովի նախագահ դարձնել Վահագն Գրիգորյանին, որ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնության հետ ոչ մի կապ չուներ։ Սադրիչ լրագրողները իրար հարցրին՝ տեսնես ի՞նչ ունեն թաքցնելու, որ ի սկզբանե ուզում են գործը ձախողել… Ոչ ոք նրանց չպատասխանեց, բայց բոլորը հիշեցին, որ «Ազդակ» ակումբում Ալվարդ Պետրոսյանն ասաց, թե Նաիրի Հունանյանի հանցանքը դեռ պետք է ապացուցել։ Այսինքն՝ ենթադրվում է, որ 1999թ. հոկտեմբերի 27-ից բոլորը թյուրիմացության մեջ են՝ կարծելով, թե նախկին դաշնակցական այդ ազնիվ տղան ու իր ազնվագույն եղբայրը խորհրդարան են մտել ու պետության ղեկավարներ են սպանել։ Կամ էլ՝ դիակները հանցանքի բավարար ապացույց չեն։ Իսկ հետո՞։ Հետո հերթական անգամ ղարաբաղյան հարցի լուծումը հետաձգվեց։ Եթե հաջողվի Ժնեւյան բանակցությունները տեղափոխել գոնե 2003թ. սկիզբն ու ազգային-հայրենասիրական ակորդով ավարտել կամ պատերազմ սկսելով, կամ եւս մի տասնամյակ մեխին ու նալին միաժամանակ անպտուղ զարկելով, ուրեմն՝ ծաղկիր, Հայաստան… Իսկ կայունությո՞ւնը։ Իսկ վարչապե՞տը։ Իսկ խորհրդարա՞նը։ Բայց ի՞նչ կապ ունեն վարչապետն ու խորհրդարանը կայունության հետ։ Կայունությունը հաստատվել է Բաղրամյան փողոցի թիվ 26 հասցեում եւ, երբ ուզում է, ապակայունանում է, երբ ուզում է՝ խիստ է կայունանում, բայց այդ ամենը համարյա կապ չունի երկրի հետ, որի ժողովուրդը իր հարցերը լուծում է Բաղրամյան փողոցի բոլորովին այլ հասցեում՝ բոլորովին այլ երկրի հետ կապված։ Մնացածը, իրոք, հետաքրքիր չէ, որովհետեւ փոքր երկրի մեծ քաղաքականությունն իսկ ոչ մեկին չի հետաքրքրում, ուր մնաց փոքր երկրի փոքր քաղաքականությունը… ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել